«Ազգը չի կոտրվել, տղե´րք… ո´վ զոհվել է, իմ արյունն իրենցից կարմիր չի, ես իրենց շիրիմներին ղուրբան։ Տա´ Աստված, իզուր չկորի այդ թափված արյունը, տղե´րք». այս խոսքերով էր մայոր Մկրտիչ Հարությունյանը` սպեցնազի Մգրոն, ոգևորում իր հրամանատարության տակ գտնվող հատուկ նշանակության ջոկատայիններին ու ընդգծում հայրենիքի ամեն մի սանտիմետրի համար թափված արյան կարևորությունը։

Մկրտիչ Հարությունյանի հոր՝ Արմեն Հարությունյանի խոսքով՝ որդին զինվորականի ուղին էր ընտրել՝ մինչև վերջին շունչը հայրենիքը պաշտպանելու սկզբունքով։ Հատուկ ջոկատայինն այդպես էլ արեց․ կյանքը չխնայեց Տեղ գյուղի ուղղությամբ հայրենիքի սահմանները պաշտպանելու համար։

«Ադրբեջաական բանակը, որ առաջ է եկել, կորպուսի հրամանատարի հետ որոշել են, որ իրենք էլ դիրքերը բարելավեն։ Եկել, ասել են՝ դուք պետք է հետ գնաք, Մկրտիչն էլ ասել է, որ դո´ւք պետք է հետ գնաք, դո´ւք եք մեր տարածքը մտել։ Դիրքի վրա երկու օր ընդհարում է եղել, տղաների ասելով՝ այդ դիրքը մինչև այսօր մերն է, պահում են։

Մեկն ասում է՝ կորպուսի կամանդիրին թույլ չի տվել, որ ինքը բանակցի, մտածել է, որ կխփեն, ասել է՝ սրանք ով են, որ դու սրանց հետ բանակցես, կորպուսը Մկրտիչին է ուզել հետ պահի, բայց երկուսի վրա էլ կրակոց է եղել»,- Forrights.am-ի հետ զրույցում պատմում է Մկրտիչի հայրը:

Չնայած բարձրագույն կրթությանը, Մկրտիչ Հարությունյանը հայկական բանակում ծառայության անցնելու որոշում է կայացնում։  44-օրյա պատերազմից հետո ամբասիր ծառայության և փառքով անցած մարտական ուղու համար մայորի կոչման է արժանացել՝ երկու տարի անց նշանակվելով հատուկ նշանակության զորամասի սպայական գումարտակի հրամանատարի պաշտոնում։ Նրա ղեկավարած ստորաբաժանումը  2022 թվականի սեպտեմբերյան մարտերի ընթացքում Իշխանասարում փայլուն գործողություններ է իրականացրել։

Թշնամու ուժերը ոչնչացնելու, առաջխաղացումը կանխելու, գրավված դիրքերը հետ բերելու, վիրավոր ընկերներին հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքներից դուրս բերելու առաջամարտիկներից էր սպեցնազի Մգրոն։  «Պապս պատմում էր, որ Արևմտյան Հայաստանում Մկրտիչին կարճ Մգրո են ասում, բայց այստեղ ընկերները Մկո էին ասում, ինքն էլ որպես ծածկանուն դրել էր Մգրո։ Բանակում ամեն ծառայություն իր դժվարություններն ունի, բայց հետախույզը մի քիչ ուրիշ է էլի, մարտական տարբեր առաջադրանքեր, դիրք վերցնել, վիրավոր ընկերոջը դուրս բերել»,-ասում է հայրը։

«Մգրոն բանակին ու հայրենիքին նվիրյալ էր»,-ասում է հայրը ու նշում, որ որդին մշտապես հետաքրքրված էր իր զինվորների խնդիրներով, նրանց պաշտպանում էր հարազատ տղաների նման։ Արմեն Հարությունյանին որդու մարտական ընկերները պատմել են, որ  2023 թվականի ապրիլի 11-ին Տեղ գյուղի մատույցներում թշնամու հետ բանակացությունների և մարտական գործողությունների ժամանակ մայոր Հարությունյանն առանցքային մասնակցություն է ունեցել։

«Ադրբեջանցիներից մեկը խփել է իր տղաներից մեկին, վիրավորվել է, այդտեղից ավելի են բորբոքվել, քանի որ չկրակելու՝ խաղաղ բանակցելու, պայմանավորվածություն է եղել», -նշում է հայրը։

Հայրը որդու հերոսությունների մասին գրեթե տեղեկություններ չունի։ Հատուկ ջոկատային Մկրտիչ Հարությունյանին ուղղված բանակային թեմաներով հարցերը մշտապես անպատասխան են մնացել։ Հայրն ասում է՝ ծառայության մասին ոչինչ չէր պատմում, բայց հասկանում էին՝ կարևոր առաքելություն է իրականացնում։

«Լինում էր, որ 15-20 օր չկար, հարսիս հարցնում էի, ասում էր՝ երևի մի տեղ գնացել է։ Անցնում էր մի քանի ամիս տղաների հետ զրուցելուց զգում էի, որ մի տեղ գնացել է ու մի գործողություն արել է, բայց թե ինչ՝ չի ասել։

Ինքը զինվորական թեմաներով չէր ուզում կիսվեր, չէր ուզում պատմեր։ Հետո տարբեր մարդկանցից լսում եմ, որ բարդ գործողություններ է կատարել։ Իր զոհվելուց հետո կամաց-կամաց մարդիկ ասում են։ Մարտական ընկերներն ասում են, որ ցանկացած առաջադրանք կատարել է՝ քառօրյա պատերազմից սկսած։ Ադրբեջանական բանակը, որ լցվել է Թալիշ, իրենք հետ են մղել, կադրերը կան, ընկերներներն ուղարկել են, որ դրոշ են բարձրացնում։ 44-օրյա պատերազմում առաջին օրից մինչև վերջ տարբեր մարտական դիրքերում առաջադրանք են կատարել՝ ազգային հերոս, հրամանատար Վահագն Ասատրյանի հրամանատարությամբ։ Ջերմուկում են եղել, Իշխանասարում, բայց ինքը գաղտնապահ էր, չէր ասում։ Մի բան որ հարցնում էի, պատասխանում էր՝  զինվորական հարցերը թող մի կողմ։ Իր հերոսության մասին իր ընկերներն ու հրամանատարներն են պատմում, թե քանի դիակ է անհասանելի տեղից դուրս բերել՝ իր կյանքը վտանգելով։ Մի քանի գործողությունների հեղինակ է եղել, կազմակերպել է, դիրքեր են հետ բերել»,-պատմում է հայրը։

Մկրտիչը մասնագիտությամբ իրավաբան էր, որպես հատուկ ջոկատային վերապատրաստվել էր մեկ տասնյակից ավելի  երկրներում։ Անվտանգ և բարձր վարձատրությամբ աշխատանքի առաջարկություն Մկրտիչ Հարությունյանը շատ անգամներ է ստացել, բայց մերժել է․

«Մի անգամ ուրիշ տեղից բարձր աշխատավարձով աշխատանք առաջարկեցին, ասաց՝ ես իմ տղաներին չեմ թողնի, գնամ, կեսը վիրավոր են, կեսը՝ հաշմանդամ, ասաց՝ ո՞ւր թողնեմ գնամ։ Ջղայնացավ իմ վրա, որ ասացի աշխատավարձը բարձր է, ասում էր՝ դու չկռվես, ես չկռվեմ, հետո ի՞նչ անենք, արեք բոլորս քոչենք, պրծնենք։ Իր մեջ հայրենասիրությունը շատ էր»։

Մկրտիչ Հարությունյանը հայոց բանակի գեներալ դառնալու նպատակ ուներ, ինչն անկատար մնաց, սակայն, սպեցնազի Մգրոյի հայրենասիրությունը հավերժ է։  Մայոր Հարությունյանը զոհվել է ապրիլի 11-ին Տեղ գյուղի սահմանները պաշտպանելիս, ցուցաբերած բացառիկ արիության համար հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

Մկրտիչ Հարությունյանն ամուսնացած է, ունի երկու դուստր:

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Pin It on Pinterest