44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած Գևորգ Արաբաչյանի հայրը՝ Աղասի Արաբաչյանը, օրերս կառավարության շենքի մոտ էր՝ շրջապատված ոստիկանության զորքերի՝ կարմիր և սև բերետավորներով, ՊՊԾ աշխատակիցներով։ Նա փնտրում է որդուն ու ունի բազում հարցեր, սակայն պետական որևէ մարմին պատրաստակամ չէ լսել որդուն կորցրած հորը։

Ուժային կառույցների զինված ծառայողները շրջափակել էին նրան, որ հանկարծ չմոտենա կառավարության շենքի դռներին  ու փորձ չանի հասնել Նիկոլ Փաշինյանին՝ հարցնելու, թե ո՞ւր է իր որդին։ Անվտանգության և ոստիկանության ծառայողները զոհված կամ անհետ կորած զինվորի հորը արագորեն հեռացրին նման մի փորձի ժամանակ։

Այս միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 13-ին, հինգշաբթի, երբ ընթանում էր ՀՀ կառավարության հերթական նիստը։ Այն պահին, երբ հայրը որդու մասին իր ունեցած իրարամերժ տեղեկություններն էր բարձրաձայնում, Նիկոլ Փաշինյանը խոսում էր հանրային լողափերի խնդիրների մասին ու դժգոհում, որ Սևանում բացել է դուռն ու բռնակը մնացել է ձեռքին։ Փաշինյանն այս միտքն արտահայտում էր գրեթե զուգահեռ Աղասի Արաբաչյանի այն խոսքերին, որ որդուն բանակ է ուղարկել ու կորցրել։

Գևորգ Արաբաչյանն 9 ամսվա ծառայող է եղել, երբ սկսվել է 44-օրյա պատերազմը։ Հայրն ասաց, որ որդին Կուբաթլուում է ծառայել մարտի դաշտից իր հետ վերջին անգամ կապի է դուրս եկել հոկտեմբերի 4-ին։

«Այդ օրը հրամանատարն ու չորս զինվոր իջել են, որ «Ուրալ»-ը բերեն՝ ծառերի տակ քողարկված է եղել, Ջեբրայիլը հանձնել են, իրենց էլ հրաման են տվել, որ նահանջեն։ Գնացել են, որ «Ուրալ»-ը բերեն, դիվերսիոն խումբը նստած է եղել։ Երեք զինվորն ու հրամանատարը փախել են, իմ էրեխեն իջել է «Ուրալ»-ի մոտ, թշնամին բռնել է։ Հիմա մաքուր դուրս գալու համար ասում են՝ «Ուրալ»-ը պայթեց, բայց էրեխես նստել է «Ուրալ»-ը, տարել են Ադրբեջան։  Թիկունքի պետն ինձ ասում է, որ բեզպիլոտնիկը «Ուրալ»-ը պայթեցրել է, հարցնում եմ՝ դիակն ո՞ւր է, ասում է՝ «Ուրալ»-ը հալել է, ինչ դիակի մասին է խոսքը»,-Forrights.am-ին պատմեց հայրը։

Աղասի Արաբաչյանն ասաց, որ այս վարկածին չի հավատում։ Նիկոլ Փաշինյանին նամակներ է գրել, որից հետո, ըստ հոր խոսքերի, որդու մասին այլ տեղեկություններ են հայտնել։

«Հետո ասել են, որ մարմնից մի քանի տոկոս գտել են՝ ծնոտն են գտել։ Գնացել ենք մորգ, մեզ ամբողջական դիակներ են ցույց տվել։ Հետո էլի զանգեցին, թե արի էրեխուդ դիակը վեկալ։ Գնացինք, որ տեսնենք ինչ է, թե բա սխալմունք է եղել,  ասացին, որ աֆիցերի դի է եղել, տարել հուղարկավորել են», -պատմեց հայրը։

Աղասի Արաբաչյանն Տավուշի մարզի Վազաշեն գյուղից է։ Պնդում է, որ Փաշինյանն իրեն ընդունելու և բոլոր հարցերին պատասխանելու խոստումներ է տվել, հիմա, սակայն, ըստ զինվորի հոր, չի ընդունում։ Նա պարբերաբար գալիս է կառավարության շենքի մոտ ու որևէ բան չիմանալով հեռանում։

Արցախի Պաշտպանության բանակը 2020 թվականի հոկտեմբերի 12-ին 45 զոհի անուն է հրապարակել, որոնց թվում նաև Գևորգի անունը կա։ Հայրն այս վարկածը իրական չի համարում, պնդում է՝ որդին 2021 թվականին՝  փետրվարը ներառյալ, իրեն զանգահարել է Իրանի Հանրապետությունից․ «Փետրվարին Իրանի իրանական ԿԳԲ-ի համարից զանգել է, մինչև փետրվար կապի մեջ է եղել։ Չէին թողնում, որ խոսեր, ցույց էին տալիս, որ երեխան այդտեղ է։ Վիդեոներ էլ է ուղարկել։ Ուշ ժամերի էր զանգում՝ գիշերը երկուսին, երեքին, չորսին, ցերեկվա ժամերին հազվադեպ էր զանգում»։

Ընդ որում, ըստ որդուն կորցրած հոր, ՀՀ գերատեսչություններում այդ մասին հայտնելուց հետո, որդու զանգերը դադարել են։

Աղասի Արաբաչյանը նշեց  նաև, որ իր բողոքներին ի պատասխան հայտնում են, թե որդու մարմինը նույնականացվել և հուղարկավորվել է հարազատների կողմից, սակայն, նա այս տեղեկությունն անհեթեթություն է համարում։

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքերի» ՀԿ-ն առաջիկայում գրավոր հարցումներով պարզաբանումներ կխնդրի ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ Քննչական կոմիտեից և ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից, Աղասի Արաբաչյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ։

Մանրմասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest