Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հայտարարությունը լսելուց հետո, Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները մտահոգ են։ Սա նշանակում է, որ եթե այդ հայտարարությունը կյանքի կոչվի, բանակցություններում պայմանավորվածություններ կայանան, ապա Տավուշի 7 անկլավային գյուղերը՝ Ներքին ու Վերին Ոսկեպարը, Բաղանիս-Այրումը, Բարխուդարլուն, Սոֆուլուն, Խեյրիմլին ու Կըզըլ Հաջիլին ճանաչվելու են ադրբեջանական տարածքներ։

Ազատամուտցի Օսան Բադալյանը վրդովված է՝ ինչպե՞ս կարելի է այդ տարածքները ճանաչել ադրբեջանական, երբ սովետական տարիներին նրանց ընդամենը թույլ է տրվել այդ գյուղերում անասնապահությամբ զբաղվել։

«Եկել է մի հոգի՝ չոբան, հետո կամաց-կամաց ասել են՝ մարդիկ են, թող գան, ապրեն։ Եկել են, մնացել են ու իրանց բարեկամներին են կանչել, դարձել է մի հատ գյուղ։ Ո՞վ կպատկերացներ, որ այսօր կասեին, որ դա մերն է։ Բայց դա իրանցը չի, մեր հայկական գյուղերն են»,-ասում է Օսան Բադալյանը։

Այդ գյուղերը եթե հանձնվեն Ադրբեջանին, Տավուշի մարզի Կայան, Ազատամուտ, Ոսկեպար, Բաղանիս և մյուս գյուղերը կենսական նշանակության մարտահրավերների առջև են կանգնելու։

Բաղանիսի բերրի հողերի 70 տոկոսն այժմ չեն մշակում՝ թշնամու նշանառության տակ է, եթե այս տարածքներն էլ պաշտոնապես ճանաչվեն ադրբեջանական, բաղանիսցիները կդադարեն այգեգործությամբ, մեղվաբուծությամբ և անասնապահությամբ զբաղվել։

«Տարածությունը թուրքի տերիտորիայում է (նկատի ունի նշանառության տակ են-հեղ․), չենք կարողանում անասուններին արածացնենք, հողերը լրիվ բրախած է, չենք կարողանում մշակել, ապասնի է։ Էլ ո՞րն է եկամուտը։ Մի քանի տարի մշակել ենք, բերքահավաքի ժամանակ կրակել են, լրիվ վառվել է, էլ ռիսկ չեն անում»,-ասում է բաղանիսցի Հենրիկ Հակոբյանը։

Բաղանիսի խմելու ջրի ջրամբարը, ըստ Հենրիկ Հակոբյանի, գտնվում է այն տարածքներից մեկում, որը Փաշինյանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի մաս։ Հենրիկ Հակոբյանը մտահոգ է՝ ինչպե՞ս են խմելու այդ ջուրը։  «Եթե տան, մեր խմելու ջուրը, դաժե ապասնի ա լինելու, որ խմենք։ Նրանց մոտ է ջրամբարը։ Մարդիկ վախելու են, որ գնան անտառ, փետ բերեն։ Մեր ձեռին ի՞նչ կա, որ մտածենք կամ մտածենք ոչ։ Գնա՞նք Նիկոլի հետ կռվենք, ասենք՝ մի ստորագրի։ Մոսկվայից ինչ ասեն, դա էլ կլինի»,-ասում է նա ու հռետորական հարց բարձրացնում՝ այս պատերազմից ու զոհերից հետո ինչպե՞ս խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ։

Բաղանիսի խանութպանի մտահոգությունը միջպետական ճանապարհի ճակատագիրն է, քանի որ այսպես կոչված անկլավների վերադարձով Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մի հատված անցնելու է թշնամուն, ինչպես Գորիս-Կապանի ավտոճանապարհի դեպքում էր։

«Մեր ձեռքից ի՞նչ է գալիս, մենք ինչ կարող ենք անել։ Մեզ համար շատ վատ է, եթե հանկարծ ադրբեջանցիները եկան այստեղ ապրեցին, մեր ճանապարհը փակվում է։ Բայց եթե տվեցին, մենք կարա՞նք ապրենք, եկան ճանապարհը փակեցին ո՞ւր ենք գնալու»,-ասում է նա և շեշտում՝ այս տարածքները հայկական են եղել սովետական իշխանություններն են ադրբեջանցիներին տվել, որ անասնապահությամբ զբաղեն։ «Իմ հողին անմիջապես կպած տարածք կա, ասում են՝ Ադրբեջան է։ Իմ հողն է, մի հատ առու է անց կենում ու ասում են ադրբեջանցունն է»,-ասում է նա։

Սահմանամերձ Կայան գյուղում վճռական են՝ ոչ մի մետր հող չունեն Ադրբեջանին զիջելու։ «100 տարի ա ստեղ ապրում եմ, էդ ո՞ւմ եմ տալի հողը, թուրքին եմ տալի՞։ Ստի եմ լե, ստի էլ կմեռնեմ»,-ասում է կայանցի կինը։

Հարևանն էլ շարունակում է․ «Դա ազատագրել են մեր հերերը, դրանք մեր հողերն են։ Ինչ մնում է իրար սիրելուն, հարգելուն, միասնական լինելուն, որ էս երկրում չի ստացվում, դրանից եմ զարմանում։ Քիչ ենք, պետք է իրար սիրենք, հարգենք։ Գնացեք ղեկավարներին հարցրեք, թե ինչու համախմբված չենք։ Ես չեմ կարա թշնամու հետ խաղաղ ապրել»։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Pin It on Pinterest