Forrights.am-ի հարցազրույցը «Բերդ» ՀԿ անդամ, հանրային գործիչ Արփի Թոփչյանի հետ

Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի և զարգացումների շուրջ մենք տարբեր մայրաքաղաքաներից լսում ենք, որ խնդիրները պետք է բանակցություններով և խաղաղ ճանապարհով լուծվեն, բայց արդյունք չկա։ Ի՞նչ գործընթացներ կհետևեն։ 

-Մենք ականատես եղանք Ալիևի հայտարարություններին, որոնք, փաստացի, Հայաստանին ուղղված վերջնագիր են, որ, եթե ՀՀ-ն չհամաձայնվի Ադրբեջանի պայմաններին, ինչը ենթադրում է կապիտուլացիոն խաղաղության պայմանագիր, ապա իրենք դա կկարողանան պարտադրել։ Կա էսկալացիայի վտանգ, բայց ես դրա հավանականությունը շատ մեծ չեմ կարող գնահատել։

Ինչու որևէ լուծում մոտ ապագայում չեմ տեսնում, որովհետե մեր տարածաշրջանում բախվում են տարբեր ուժային կենտրոնների շահեր, որոնք բավականին հակադիր են իրար և այս իրավիճակում ակնկալել լուծում, այդքան էլ իրական չի թվում։ Այս կամ այն կողմ նժարը թեքելու համար կարևոր է նաև ՀՀ-ի դիրքորոշումը, իսկ մենք տեսնում ենք, որ Հայաստանը ամենակրավորական դիրքորոշումն ունի՝ փորձում է մնալ գորշ զոնայում՝ առանց հստակ հայտարարունների և բանակցային՝ քաղաքական քայլերի, ինչը բնականաբար էլ ավելի է անորոշ դարձնում մեր վիճակը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը աջակցություն հայտնելով Ադրբեջանի և Արցախի միջև անվտանգության ու իրավունքների հարցով երկխոսության գաղափարին, արցախահայության  համար որպես օրինակ թվարկեց մի քանի տարբերակ, որոնցում խոսք չկար ինքնորոշման մասին։ Սա շահեկա՞ն տարբերակ է։

-Բնականաբար մեզ համար շահեկան տարբերակ չէ, որվհետև Լավրովը խոսում է մշակութային ինքնավարության մասին, սա նշանակում է, որ արցախյան հակամարտության քաղաքական հիմնախնդիրը չկա, սա նշանակում է, որ Արցախի կարգավիճակի մասին հարց չկա, այսինքն՝ Արցախի հայությունը պետք է ապրի Ադրբեջանի տարածքում և ունենա լեզու, կրթություն, դպրոցներ և այլն։

Սա նշանակում է պաշտպանության բանակի լուծարում։ Խոսք չկա քաղաքական, դատական, օրենսդիր իշխանությունների մասին, դրանք լուծարվում են և դառնում են Ադրբեջանի քաղաքացիներ։ Սրան պետք է հետևի կոշտ արձագանք, որ նման պայմանները հայության՝ չասեմ իշխանությունների, որովհետև նրանք նույն պլանի մեջ են, բայց հայության համար այս պայմաններն անընդունելի են, եթե իրագործվեն կարող ենք ասել, որ սկսվել է հայոց պետականության հետհաշվարկի ժամանակը։

-Քննադատում ենք իշխանություններին թերանալու համար, բայց ի՞նչ կարող էին անել, որ Արցախն ապաշրջափակվի, որը չեն անում։ Մենք, օրինակ, տեսանք, որ ՀՀ-ն դիմեց Հաագայի դատարան, եղավ հայանպաստ որոշում, ԱԳՆ-ն պարբերաբար հայտարարություններ է տարածում․․․

Հայտարարությունները, որին չեն հետևում քաղաքական քայլերը, բանականաբար, խնդրի լուծում չէ։ Երբ ՀՀ-ն ստացավ դատարանի որոշումը և տեսնելով, որ Ադրբեջանը չի կատարում միջազգային դատարանի որոշումը, պարտավոր էր դիմել ՄԱԿ-ի ԱԽ և հրավիրել նիստ։ Եթե այստեղ արդյունք չլիներ, ինչպես սիրում են շատերն ասել, դիմել  պարտադիր էր, որովհետև, եթե դու սկսում ես գործընթաց և դրան արձագանք չկա, սա ևս պատասխանատվության հարց է առաջացնում այն կառույցների համար, որոնց դու դիմել ես և պահանջներ ես ներկայացնում՝ իրականացնել այն գործողությունները, որոնք կարող են անել։ ՀՀ-ն ցույց տվեց, որ ունենալով նման փաստաթուղթ իրենց ձեռքում, ոչ մի քայլ չեն պատրաստվում անել։

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ՌԴ-ն պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ ասել է, թե ԱՄՆ, Ֆրանսիա և մյուսներ, եկեք ու իմ ստանձնած պարտավորությունը կյանքի կոչեք, ես չեմ կարողանում։

Նիկոլ Փաշինյանը փորձում է շատ անհաջող ձևով իր վրայից գցել պատասխանատվությունը, որը նա ունի Արցախի ճակատագրի հանդեպ և ցույց տալու, որ ինքը պատասխանատվություն չի կրում Արցախի և արցախահայության համար։ Այդ պատասխանատվությունն ամրագրված է, թե մեր Սահմանադրությամբ, թե  ՀՀ համապատասխան օրենքներում։ Դա ընդամենը ոչ քաղաքական հայտարարություն է, որը հայության ներսում դառը ծիծաղի, իսկ դրում քամահրանքից բացի որևէ արձագանքի չի կարող արժանանալ։

Արևմուտքից աջակցություն տեսանելի՞ է։

Արևմուտքը մեզ տալիս է գործիքակազմ, որպեսզի մենք լուծենք խնդիրները։ Եթե մենք ակնկալում ենք, որ Արևմուտքը պետք է գա և Ալիևի վրա ճնշումներ գործադրի, ճանապարհը բացի և սկուտեղի վրա հայերին մատուցի, բնականաբար, նման քայլեր չկան։ Արևմուտքը վերջին մեկ ամսում մեր ձեռքը տվել է բազմաթիվ գործիքներ, որոնք մենք հանգիստ կարող ենք օգտագործել՝ ի օգուտ մեզ։ Սկսած Գերմանիայի կանցլերի հայտարարությունից՝ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, միջազգային դատարանի որոշումից և այլ գործիչների հայտարարություններից։ Ես հատուկ անդրադարձա Գերմանիայի կանցլերին, որովհետև, փաստացի Ֆրանսիայի պրոհայկական հստակ դիրքորոշումից հետո Գերմանիան ևս արտահայտվեց այս հարցի վերաբերյալ։ Այս ամենն ունենալով մենք ոչ մի քայլ չենք ձեռնարկել՝ հետևաբար ի՞նչ պետք է անի Արևմուտքը մեր փոխարեն։

Ի՞նչ պետք է աներ Հայաստանը կանցլերի հայտարարությունից հետո։

Կանցլերի հայտարարությունից հետո ՀՀ-ն պետք է ոչ թե շարունակեր Արցախի հարցը ներկայացներ հումանիտար խնդիր, քանի որ սա լրջագույն քաղաքական հարց է։ Երբ Շոլցը հայտարարում է ինքնորոշման իրավունքի մասին նա ևս մեկ հնարավորություն է տալիս ՀՀ իշխանություններին հարցը դիտարկել որ թե հումանիտար ճգնաժամի հարթությունում, այլ քաղաքական հարթությունում՝ որտեղ այլ խոսակցություններ են ընթանում։

Նարեկ Կիրակոսյան

 

 

Pin It on Pinterest