2020 թվականի նոյեմբերի 6-ին Շուշին 99 տոկոսով գրավված էր թշնամու կողմից։ Այս մասին  Forrighst.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի համար մղվող մարտերի մասնակից սպաներից մեկը։  Նշենք, որ հրապարակումն իրականացնում ենք առանց մեր զրուցակցի ինքնությունը բացահայտելու։

«Ամսի վեցին թշնամին մեզ դիմավորել է հենց Շուշիի մատույցներում, վստահ կարող եմ ասել, նոյմեբերի 6-ին Շուշին 99 տոկոսով թշնամու տիրապետության տակ էր»,-ասաց սպան՝ նշելով, որ նոյեմբերի 4-ին հրաման է ստացել մասնակցել Շուշիի պաշտպանությանը։ «Ամսի վեցին ինձ առաջադրանք տրվեց, ես պետք է տանկերի, զինտեխնիկայի միջոցով միջանցք բացեմ դեպի մեր ուժերը, որոնք արդեն պաշտպանություն են իրականացնում։ Շուշի մտնելու խաչմերկուկին հանդիպեցինք հակառակորդին, այնքան թեժ մարտեր սկսվեց, որ մեր առաջխաղացումն արգելափակվեց»։

Հայկական կողմի երկու դասակը, որոնց յոթ տան էր ուղեկցում, Շուշիի մատույցներում թեժ մարտերի են մասնակցել։ Հենց այստեղ էլ հասկացել են, որ իրավիճակն անվերահսկելի է։ Հայ զինվորականները թշնամուն ոչնչացրել են բավականին մոտ հեռավարության վրա։ «Տանկերը դիպուկ խոցում էին հակառակորդին, անձամբ եմ տեսել, թե թշնամու զինվորները ոնց էին մաս-մաս լինում։ Մեր ստորաբաժանումն արդյունավետ ոչնչացրել է թշնամուն»,-բացառիկ մանրմասներ է պատմում պատերազմի մասնակիցը։

Ի դեպ, նոյեմբերի 6-ին, երբ, ըստ սպայի, Շուշիում անկառավարելի իրավիճակ էր և բերդաքաղաքն էլ արդեն 99 տոկոսով թշնամու վերահսկողության տակ էր, պաշտոնական քարոզչությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայտարարում էին, որ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»։ Նիկոլ Փաշինյանն այս մասին գրառում էր կատարել նոյեմբերի 9-ին։ Շուշիի անկման հետ կապված ականատես եղանք նաև պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի հակասություններին։ Հետո պետք է պարզվեր, որ Ստեփանակերտից նոյեմբերի 9-ի պարտությունից ժամեր առաջ հայտնած տեղեկությունը՝ Շուշիի կորուստի մասին, ճշմարտություն է։

Շուշին պաշտպանելու համար անհրաժեշտ միջոցներ չեն եղել, պատերազմից շուրջ երեք տարի անց ասում է թեժ մարտերին մասնակցած սպան։ «Կենդանի ուժը կար, բայց առանց ավիացիայի, առանց անօդաչուների և առանց բոլոր տեխնիկական միջոցներըի, որոնք մեզ կօգնեին առաջխաղացում ունենալ։ Ես բացի կենդանի ուժից և տանկերից ուրիշ ոչինչ չեմ տեսել»։

Շուշին ընկավ, բայց առեղծվածը չբացահայտվեց՝ ինչպե՞ս թշնամին գրավեց բերդաքաղաքը, որը 31 տարի առաջ այս օրն ազատագրվել էր «Հարսանիք լեռներում» եզակի ռազմական օեպրացիայի միջոցով։ Պատերազմի մասնակիցն ասում է՝ ազատագրումից 28 տարի անց՝ 2020-ին Շուշին օկուպացվեց, քանի որ պաշտպանությունը պատճաշ չէր կազմակերպվել։

«Մենք Շուշիի պաշտպանության համար կանչվեցինք ավելի ուշ, քան նախատեսված էր, բայց ամսի վեցին հակառակորդին հանդիպեցինք հենց Շուշիի մատույցներում, դա նշանակում է, որ Շուշին հակառակորդի վերահսկողության տակ է եղել։ Թշնամին մեզ դիմավորեց Շուշիի մատույցներում, խաչմերուկը չենք կարողացել անցնել առաջ, պարիսպներին չենք հասել։

Օպերատիվ ինֆորմացիայի պակաս է եղել, շատ սխալ որոշումներ են կայացվել, ինչը բերել է շատ զոհերի։ Կարող էինք լրիվ ուրիշ ձև կազմակերպել Շուշիի ազատագրումը, սակայն, հակառակորդին հանդիպեցինք այնտեղ, որտեղ չէինք սպասում։ Թե սա ինչի մասին է խոսում, չեմ կարող ասել, բայց հանդիպեցին ուժերի, որոնց, ըստ մեր տեղեկությունների, չպետք է հանդիպեինք։

Պետք էր Քարին Տակից դեպի Շուշի տանող ճանապարհներին ամիս սկզբից գրագետ պաշտպանություն իրականացնել՝ հենց Շուշիի ամենամարդ կետերից, որը չի իրականացվել, եթե իրականացվեր, ապա Շուշին անառիկ կմնար, որովհետև դու գտնվում ես բարձունքում, որտեղից քար էլ գլորես հակառակորդի վրա, նրան վնաս կտաս։ Դա տեղի չի ունեցել, հակառակորդը կարողացել է փոքր տակտիկական խմբերով առաջ գա։

Շուշի մտել են առանց խոչընդոտ, եթե Շուշիից նայես Քարին տակ գյուղին, կհասկանա, որ գերիշխող դիրքը քոնն է, բայց հակառակորդը հակազդող ուժի չի հանդիպել։ Սա նշանակում է, որ հակառակորդը քայլելով եկել է, չեմ ասում, որ մարտեր չեն եղել, բայց ինչպես անհրաժեշտ էր, չի եղել»,-ասաց պատերազմի մասնակիցը, որը մարտի դաշտում մարմնական վնասվածքներ էր ստացել ու անգիտակից տեղափոխվել հոսպիտալ։

1992 թվականի մայիսի 8-ի գիշերը՝ ժամը 2:30-ին, սկսվեց  Շուշիի ազատագրումը՝ «Հարսանիք լեռներում» անվանումը ստացած եզակի ռազմական գործողությամբ։  Արդեն երեք տարի է  օկուպացված հայկական Շուշին փորձ է արվում դարձնել արդրբեջանական «Շուշա»։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Pin It on Pinterest