Նիկոլ Փաշինյանին չե՞ն անհանգստացնում բանակում գրանցված մահերը՝ խաղաղ պայմաններում։ Նա այս մասին չի բարձրաձայնում։ Վերջերս կառավարության նիստի ժամանակ դժգոհեց ասֆալտը մինչև վերջ չանելուց, նախկիններին չդատելուց, իսկ զինվորներին, որոնք մահանում են ոչ մարտական պայմաններում, չանդրադարձավ։ Նիկոլ Փաշինյանի սուր ելույթին հաջորդեցին պաշտոնանկություններ, որոնց թվում չկար պաշտպանական ոլորտի գեթ մեկ պատասխանատու։ 2024 թվականի ընթացքում 36-րդ զինվորն է մահացել բանակում՝ խաղաղ պայմաններում ու ոչ հակառակորդի կրակոցից։ Ինչո՞ւ է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակում պաշտոնավորել։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանից խոսքով՝ Փաշինյանը պաշտոնյաներին հեռացնում է, ոչ թե ոլորտում թույլ տրված ձախողումների համար, այլ՝ քմահաճույքով։
«Պարզ չէ՝ Նիկոլ Փաշինյանը խնայել է Սուրեն Պապիկյանին, թե մի օր նա էլ է «փուռը» գնալու՝ ոչ միայն դիմում գրել-գնալով, այլ նաև քրեական գործերով։ Դեռ պաշտոնի գտնվող մարդիկ և նոր նշանակվածներն ուղիղ թիրախ են Նիկոլ Փաշինյանի ֆանտազիաների, քմահաճույքների և միանձնա որոշումների։ Բոլորը ցանկացած պահի, ոչ թե իրենց բուն արածների համար, այլ Փաշինյանի քմահաճուքների համար դառնալու են քավության նոխազ։ Եթե համաձայնվում են այս պայմաններով պաշտոնների նշանակվել, հազար ափսոս այն լավ կադրերը, որ համաձայնվում են և նշանակվել ու հանցակից դառնալ Փաշինյանի գործունեությանը, որը գնալով ավելի վատ դրսևորում է ունենալու»,-ասաց իրավապաշտպանը՝ նշելով, որ Պապիկյանին հնարավոր է պաշտոնանկ չի արել միայն այն պատճառով, որ նա ինչ-որ համագործակցությունների շրջաակներում կապ ունի արևմտյան գործընկերների հետ։
«Այնպես չէ, որ Սուրեն Պապիկյանի չդատվելը երաշխավորված է, որ պահին Նիկոլ Փաշինյանի անձնական ռեյտինգի համար անհրաժեշտ լինի, ոչ թե աշխատանքից հանել կամ քրգործ հարուցել, այլ մատաղացու շոու կազմակերպել, դա էլ կանի։ Փաշինյանն այս առումով շատ է նման Ռոբերտ Քոչարյանին։ Փաշինյանին հետաքրքրում է միայն իր հիվանդագին ամբիցիաները։ Թող յուրաքանյուր պաշտոնյա պատրաստ լինեն, որ զոհարբերվելու են»,-ասաց Նինա Կարապետյանցը։
Նոյեմբերի 13-ին հայտնի դարձավ ժամկետային զինծառայող Նարեկ Գրիգորյանի մահվան մասին։ Այս դեպքը եղել է առավոտյան, այդ օրը Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում էր, բայց ոչ մի ափսոսանքի խոսք նա չասաց, իր հեռանալուց և մամուլում դեպքի մասին տեղեկությունների շրջանառվելուց հետո նոր միայն ՊՆ հաստատեց տեղեկությունը։ Նարեկ Գրիգորյանի մահը հաջորդում է ուղիղ մեկ ամիս առաջ Սյունիքում մահացած Աղասի Դալլաքյանի դեպքին։
«Բանակում մահերը չեն կարող արդարացում ունենալ՝ անխակ նրանից, թե դա կձևակերպեն բժբախտ պատահար, թե ինքնասպանություն, դա չունի արդարացում։ Այն ինչի միջոց անցանք մենք՝ որպես ժողովուրդ, իսկ հիմա, համեմատաբար խաղաղ պայմաններում ունենալ զոհեր, նշանակում է տոտալ անպատասխանատվություն։ Եթե նույնիսկ մեքենան վթարի է ենթարկվում անգամ դա պետության պատասխանատվությունն է։ Քանի չկան բացահայտումներ և բուն պատասխանատվության ենթարկվածներ՝ բարձրաստիճան պաշտոնյաների շարքերում, այս դեպքերը շարունակվելու են։ Ես որպեսզի չանցնեմ սահմանները և մնանք եթերային բառամթերքի մեջ՝ բոլոր բացասական վերաբերմունքերը Սուրեն Պապիկյանին։ Մարդ պետք է մի քիչ բարոյական լինի՝ որպես մարդ, տղամարդ, չեմ ասում պաշտոնյա։ Նրանք կորցրել են իրենց ադեկվատությունը, արդեն ցինիզմը հասել է այն մակարդակի, որ բանակում մահերը իրենց համար խաղալիք են սարքել, դիվիդենտներ են հավաքում»,-ասաց իրավապաշտպանը։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։