«Ի պատասխան Ձեր հարցադրումների՝ հայտնում ենք, որ հագուստի համար կամ պատճառով որևէ մեկին ծանուցագիր չի տրվում։ Քաղաքացին վարժական հավաքներին կարող է ներգրավվել՝ հաշվի առնելով զինվորական հաշվառման մասնագիտությունը, առողջական վիճակը, մասնագիտությունը»,-այս մասին Forrights.am-ի հարցին ի պատասխան նշեց ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանն՝ անդրադառնալով Էդուարդ Հարյումյանի այն պնդումներին, թե Նոր Նորքի զինկոմում իրեն վարժական հավաքների ծանուցագիր է տրվել որպես պատիժ, քանի որ պահանջվող փաստաթղթի համար զինկոմ է գնացել կիսատաբատով։
«Քաղաքացի Էդուարդ Հայրումյանը ՀՀ քաղաքացի է, զինապարտ, և նրան վարժական հավաքների ծանուցագիր տրվել է բացառապես օրենքով սահմանված կարգով զինված ուժերի պահեստազորում հաշվառվելուց հետո՝ հաշվի առնելով նրա զինվորական հաշվառման մասնագիտությունը»,-ասաց Արամ Թորոսյանը։
Էդուարդ Հարյումյանը Forrights.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ իր համար վարժական հավաքներին մեկնելը պատիվ է, բայց գնահատել էր ծանուցագրի տրամադրումը որպես պատիժ։ Նա նաև ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ օգոստոսի մեկին է տրվել իրեն ծանուցագիրը, սակայն, ինքը օգոստոսի 2-ից է միայն ՀՀ քաղաքացի համարվել՝ հիմքում նշելով անձնագրի տրամադրումը։ Արամ Թորոսյանն այս առնչությամբ նշեց․
«Քաղաքացիություն շնորհվել է ՀՀ նախագահի 19.07.2024թ. հրամանագրով, ծանուցումն ուղարկվել է 10-օրվա ընթացքում, որից հետո՝ համաձայն ՀՀ կառավարության թիվ 1390-Ն որոշման 24-րդ կետի, վերջինս համարվում է պատշաճ ծանուցված: Քաղաքացին երդումն ընդունել է 01.08.2024թ.-ին, ինչը օգոստոսի 1-ին հավաստել է իր ստորագրությամբ և օրենքով սահմանված կարգով հաշվառվել է զինված ուժերի պահեստազորում: Ուստի պնդումները, թե օգոստոսի 1-ի կամ օգոստոսի 2-ի դրությամբ նշված անձը քաղաքացի չի հանդիսացել, ԶՈՒ պահեստազորում հաշվառված չի եղել և չէր կարող վարժական հավաքի կանչվել, չի համապատասխանում իրականությանը»,-նշեց խոսնակը:
Այուհանդերձ հարց է առաջանում՝ եթե Էդուարդ Հարյումյանի հետ կապված զինկոմում միջադեպ չլիներ, արդյո՞ք նրան հավաքների մասնակցության ծանուցագիր կտրվեր։ Բացի այս Էդուարդ Հարյումյանը Forrights.am-ի հետ զրույցում նշել էր, որ ծանուցագիրը ստորագրելու պահին որպես ՀՀ քաղաքացության երդում տված չի եղել։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։