70-ամյա Վալերիկ Միրզոյանը հազիվ է ազատվել ադրբեջանցիներից ու Արցախից հասել Հայաստան։ «Ավտոն բարձած գալիս էինք, ճանապարհին փչացավ, ադրբեջանցիներ կային, միայն հասցրեցի կնոջս հանել ու դնել պաժարնիի ավտոն»,-Forrights.am-ի հետ զրույցում հիշում է տարեց արցախցին։
Կինը՝ Գալինան, 70 տարեկան է, հաշմանդամություն ունի, բռնի տեղահանման ժամանակ դժվարությամբ է տեղաշարժվել։ Ամուսինը հիշում է՝ փրկարարների օգնությամբ է կնոջը խափանված մեքենայից հանել ու արագ հեռացել։ «Մեքենան մնաց այնտեղ՝ թշնամու մոտ, ինչ ունեինք մնաց մեքենայի մեջ»,-ասում է Վալերիկ Միրզոյանը։
Հիշում է՝ Մարտունին լքողներից վերջիններն ինքն ու կինն էին։ Տարեց ամուսինները մի երկու շոր ու կոշիկ և այլ անհրաժեշտ իրեր, նաև փաստաթղթերը մեծ դժվարությամբ էին կարողացել հավաքել ու դասավորել ավտոմեքենայում։ Իվանյանի օդանավակայան կնոջ հետ Վալերիկ Միրզոյանը մեծ դժվարությամբ է հասել, իսկ երբ որպես տարեց ամուսինների իրենց առաջնահերթ ցանկացել են ավտոբուսով Ստեփանակերտ տեղափոխել, պատմում է, որ պարզվել է՝ վարորդը գնացել է։
«Վարորդը նստել ուրիշ մեքենա, գնացել էր, ուրիշ մարդ բերեցին, դրեցին ռուլին, որ կարողանանք գալ։ Երկու օրում հասանք Հայաստան»։
Վալերիկ Միրզոյանը չի մոռանում գաղթի ճանապարհին գլխով անցածը։ Զրույցի ընթցքում անընդհատ վերադառնում է բռնի տեղահանմանը, ճանապարհին զինված ադրբեջանցիների է հանդիպել։ «Ճանապարհներին լրիվ ադրբեջանցիներ էին, ասում էին՝ գնացեք, գնացեք, շուտ գնացեք։ Ասում էին՝ ավտոները թողեք, ուրիշ բանով գնացեք, ուզում էին մեքենաները վերցնել։ Իմ մեքենան վեշերով մնաց թշնամուն»։
Միրզոյանների ընտանիքում երեք հոգի են, երեքն էլ առողջական խնդիրներ ունեն։ Կնոջից զատ հաշմանդամություն ունի նաև որդին։ Հայաստանում աշխատելու հնարավորություն չունեն։ Վալերիկ Միրզոյանը փոխանցեց, որ Հայաստանի կառավարությունից չեն ստանում, թոշակները, արցախցիներին տրվող աջակցությունները, քանի որ պետությունն իրենց տուն է առաջարկել և պարտավորվել է վճարել էլեկտրաէներգիայի ծախսը, բայց այս պայմաններով ապրելու են մինչև մարտի մեկը։ Մեկ շաբաթից ընտանիքը չգիտի՝ ինչպես և որտեղ է ապրելու։
Նարեկ Կիրակոսյան
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։