Արցախի ոստիկանությունը սոված քաղաքացուն տարել են Ասկերանի բաժին ու վեց հոգով բռնության ենթարկել։ «Մենք Վերածննդի հրապարակում հանրահավաք ենք արել, որ սոված ենք, ուտելու ոչ մի բան չկա»,- Forrights.am-ի հետ զրույցում ասում է բռնությունների ենթարկված 34-ամյա Դավիթ Մինասյանը, որին ծեծի են ենթարկել միայն այն բանի համար, որ Արցախի իշխանություններից սոցիալական արդարություն է պահանջել։
«Խանութներում, իրոք, ոչ մի բան չկա, հաց եմ ուզում տանեմ տուն, չկա։ Փողն ունենք, բայց ոչ մի բան չենք կարողանում առնել, նաչալնիկն է վեց հատ ձու տվել, որ էսօր տանեմ տուն»,-ասում է նա։
Բողոքի ակցիան տեղի է ունեցել օգոստոսի 19-ին՝ Վերածննդի հրապարակում։ Ոստիկաններն այդ պահին են ցանկացել նրան բերման ենթարկել, սակայն, չի հաջողվել, գիշերը ժամը 02:00-ին կազմակերպել են Դավիթի առևանգումը։
«Թեքվեցի դեպի մեր տան կողմ, Արցախի ոստիկանության սպեցնազի ծառայողներնն ՈւԱԶ-ով կանգնած են եղել։ Վեց հոգով էին՝ մասկաներով, մեքենայից դուրս եկան, բռնեցին ու նստեցրեցին մեքենայի մեջ, ձեռքերս կապեցին, մի հատ մասկա քաշեցին գլխիս։ Նրանցից մեկն ինձ քֆուր է տալիս ու խփում են ինձ։ Հետո տանում են Ասկերանի ոստիկանություն»,-Forrights.am-ի հետ զրույցում պատմում է Դավիթը:
Արցախցի երիտասարդը նշում է, որ իրեն մեկ ամբողջ օր պահել են Ասկերանի ոստիկանությունում և բռնությունների ենթարկել, այդ ընթացքում ուտելու ոչինչ չեն տվել, միայն ջուր։ «Ես հիվանդություն ունեմ, խփում էին, ասում էի՝ կողքիս մի խփեք, մասկով տղեքն ասում էին՝ գիտենք, որ չի կարելի քեզ խփել։ Հետո Ստեփանակերտի ոստիկանության պետն է գալիս, մեկ էլ Ասկերանի ոստիկանության պետն է գալիս ու ուդառներ են տալիս ականջիս, ես էլ լսողության հետ խնդիրներ ունեմ։ Ես մասկով եմ, բայց տեսնում եմ, թե ովքեր են խփում։ Ծեծում էին, թե ինչու եմ բողոքի ացիա կազմակերպել։ Մենք կարողանում ենք ապացուցել, որ Արցախի պահեստներում ուտելիք կա, բայց իրենք պահում են, ասում եմ՝ խի՞ խանութներում չեք վաճառում։»։
Դավիթ Մինասյանն ասում է, որ հավաքն ինքնաբուխ է եղել, հավաքվել են անչափահաս երեխաների մայրերը՝ սնունդ են պահանջել իրենց թերսնվող երեխաների համար. «Ծնողներ կային, որ բողոքի ակցաիներին երեխաների հետ էին եկել, մի կին իր երկու երեխային բերել էր, իսկ մեկին չէր բերել, քանի որ հիվանդ է, դեղերով է ապրում»:
Ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, իսկ Արայիկ Հարությունյանը նրանց չի ընդունել։
Բռնությունների ենթարկված Դավիթ Մինասյանին հանդիպել է ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։