Forrights.am-ին հայտնի է դարձել սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող Կարեն Դանիելյանի մահվան մասին։Այսօր տեղի է ունեցել նրա հոգեհանգիստը։ Կարեն Դանիելյանը Հրազդան քաղաքից է, 6 ամսվա ծառայող։Նշենք, որ դեպքի վերաբերյալ ԱԱԾ֊ն հաղորդագրություն չի տարածել։ Forrights.am-ը փորձեց ԱԱԾ֊ից մանրամասներ ճշտել, սակայն, իրավապահ կառույցի մամուլի կենտրոնի պատասխանատուն մեր զանգերին չպատասխանեց։

Իսկ ահա Քննչական կոմիտեից փոխանցեցին`  ծառայության կրման վայրում դեկտեմբերի 14-ին հայտնաբերվել է ժամկետային զինծառայող  Կ․ Դանիելյանի դին։  Տվյալ պահին առկա տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ և սկսվել է նախաքննություն։

Վերջինիս շրջանակներում ձեռնարկվել են քննչական և վարութային ծավալուն գործողություններ՝ դեպքի հանգամանքները համակողմանիորեն պարզելու նպատակով։ Կատարվածի վերջնական իրավական գնահատականները կտրվեն օբյեկտիվ, բազմակողմանի քննության արդյունքներից ելնելով։

Նշենք, որ այս հոդվածն առնչվում է անզգուշությամբ ինքնասպանության հասցնելուն։

ՔԿ֊ից գործով անցնող անձանց վերաբերյալ տեղեկություն չտարամադրեցին։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest