Սիսիանի դիրքերում 5 ամիս առաջ այրվածքներ ստանալու պատճառով մահացած Պալյան Պողոսյանի գործով դեռ մեղդրյալներ չկան։ Այս մասին Forrights.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք՝ 2022 թվականի հուլիսի 17-ին այրվածքներ ստանալու հետևանքով հուլիսի 26-ին մահացել էր ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանը։ Ընտանիքի անդամների փոխանցմամբ՝ այս ամիսների ընթացքում որդու մահվան հանգամանքերի վերաբերյալ դեռ պարզաբանումներ չեն ստացել։

Արգիշտի Քյարամյանի ղեկավարած ՔԿ-ից Forrights.am-ին հայտնում են, որ ենթադրյալ հանցագործության և հանցանք կատարած անձանց շրջանակը բացահայտելու համար իրականացվում են մի շարք փորձաքննություններ՝ դատահրդեհատեխնիկական, դատաբժշկական և դատանյութագիտական, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել։

Պալյան Պողոսյանի մահվան քրգործով վկայի կարգավիճակով հարցաքննվել են մարտական դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմը, համածառայակիցները, սպայական անձնակազմը, Զանգեզուրի կայազորային հոսպիտալի բժիշկները։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այս դեպքով դեռ հուլիսի 17-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօրենսգրքի 532-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այն է՝ զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, ռադիոակտիվ նյութի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ նյութի, սարքի կամ առարկայի հետ վարվելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում կամ խոշոր չափերի գույքային վնաս կամ տվյալ առարկայի ոչնչացում կամ վնասում։

Պալյան Պողոսյանի ընտանիքը պնդում է, որ իրենց որդին զոհվել է հրամանատարական կազմի անտարբերության պատծառով։ Ըստ նրանց՝ Պալյան Պողոսյանը այրվածքներ ստանալուց հետո 5-6 ժամ մնացել է դիրքերում՝ առանց համապատասխան բուժօգնության։

«Ուշացումով հասցրել են Սիսանի հոսպիտալ, հետո Երևանի հիվանդանոց։ Մենք խիստ կասկածում ենք, որ առաջին օգնություն է ցուցաբերվել։ Առաջին օգնություն այնտեղ ընդհնարապես չի եղել, առաջին օգնության պարագաներ չեն եղել։  Չեն կարողացել կապի դուրս գալ, կապ չեն ուեցել, քնած են եղել մարդիկ։ Ոչ սվյազ են ունեցել, ոչ аптечка են ունեցել, ոչ բալոնչիկներ են եղել, հեչ բան չեն ունեցել»,-մեզ հետ զրույցմ ասել էին ծնողները՝ ավելացնելով, որ Պալյանի վրայի կրակը փորձել են ջրի և հողի միջոցով հանգցնել։

«Իրենց ուշացման պատճառը, պոստի վրա դեղորայք չունենալը, էդ ամեն ինչը, էրեխիս գլուխը հենց իրենք կերան, իրենց անտարբերությունն ու իրենց անուշադրությունը, վերևից մինչև ներքև, նախարարից մինչև զինվոր պատասխան են տալու, ով որ պատասխանատու է, պատասխան է տալու այս ամեն ինչի համար։ Ես ամենածայրահեղ քայլին գնացող եմ, ինչքան գյուղը տեխնիկա կա կլցնեմ ճանապարհի վրա ու իրենց անձնակազմով չգան, չեմ բացի»,-ասել էր Պալյան Պողոսյանի հայրը՝ Ջիվան Պողոսյանը։

Ուշագրավ է, որ Քննչական կեոմիտեն այս հանգամանքերն ուսումնասիրելու վերաբերյալ քրեական գործ չի հարուցել։ Արգիշտի Քյարամյանը մեր՝ այս թեմային առնչվող հարցերն անպատասխան է թողել։

Պալյան Պողոսյանի ծնողները դեպքին հաջորդած 5 ամիսների ընթացքում ցանկանում են հանդիպել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Պապիկյանը, սակայն, այդպես էլ նրանց հետ չի հանդիպել, իսկ Forrights.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան անորոշ պատասխան է տվել, թե նախատեսված է հանդիպումը՝ չհստակեցնելով ժամանակահատվածը։

Պալյանի ծնողները նոյեմբերին դիմել են նաև ՀՀ վարչապետին՝ հանդիպելու համար։  Փաշինյանին ուղղված դիմումը, սակայն, կառավարությունից ուղարկվել է Գլխավոր դատախազություն։ Պալյանի ծնողներին, սակայն, Աննա Վարդապետյանն էլ չի ընդունել, այլ նրա աշխատակազմից Հարությունյան ազգանունով մեկ է լսել նրանց խնդիրը։ Պողոսյանները դատախազությունում ևս մեկ անգամ շեշտել են, որ ցանկանում են հանդիպել Փաշինյանին։

Նարեկ Կիրակոսյան

 

 

Pin It on Pinterest