2021 թվականի նոյեմբերի 12–ից անհետ կորած պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանին Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 10–ին ճանաչել մահացած՝ 12.11. 2021 թվականից։ Այսինքն այն օրվանից, երբ զինծառայողը անհետացել է։ Այս մասին «Լրագրողներ հանուն մարդու իրավունքերի» ՀԿ-ին տեղեկացրել է նրա կինը՝ Լիանա Մելիքսեթյանը Կինը դատարան է դիմել ամուսնուն մահացած ճանաչելու համար, որպեսզի կարողանա պետությունից սոցիալական աջակցություն ստանա՝ երեք անչափահաս երեխաներիներին պահելու համար։
«Չեմ կարող հստակ համոզված լինել, որ իմ ամուսինը մահացած է, թեկուզ դատարանի վճռից հետո, ես դեռ մտածում եմ, որ ինքը գերեվարված է, որ նույնիսկ Կարմիր Խաչին տեղեկություն չեն տալիս։ Երեք-չորս օր որոնել են չեն գտել՝ ճանաչել են դասալիք, մի քանի ամիս անց կրկին որոնել են, չեն գտել, այս անգամ էլ ճանաչել են մահացած կամ մահվան սպառնալիքով անհետացած»,-ասաց նա։
Կինը մանրմասնելով ամուսնու անհետանալու տեղեկությունը նշում է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին ժամը 15:30-ից հետո: Վահե Մանուկյանը ծառայակից ընկերների խնդրանքով գնում է հարևան դիրքից ծանրոց բերելու և չի վերադառնում:
«Դիրքերում ընկերներից մեկը Վահեին խնդրում է գնալ մյուս պոստից իր վեշը բերել, քանի որ ոտքից վիրավոր է լինում, իրենք պատերազմի մասնակիցներ են: Ամուսինս չի մերժում, գնում է: Ընկերոջ վեշը վերցնում է, հետը երկու հատ էլ շուն է լինում, հետ վերադառնալու ամբողջ ճանապարհին հեռախոսով իմ հետ է խոսում: Խոսակցությանա ընթացքում տղայիս է ուզում, տղաս էլ դրսում է լինում, մինչև կանչում եմ, հետ եմ գալիս, նորից եմ զանգում, արդեն անհասանելի է լինում: Իմ մտքով չի անցնում, որ ինքը կորել է: Ինձ, երեկոյան Վայքի ռազմական ոստիկանությունն է գալիս, տեղեկացնում: Ճանապարհին կորում է, սա ոնց հասկանանք: Ընկերներն էլ մինչև ժամը վեցը-յոթը չեն իմացել, որ ամուսինս չկա: Շատ ուշ են սկսել փնտրել»,- ասաց Լիանա Մելիքսեթյանը:
Լիանա Մելիքսեթյանը մեզ հետ զրույցում ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ շուտով լրանալու է ամուսնում անհետանալու մեկ տարին, բայց Պաշտպանության նախարարությունն այդ մասին ոչ մի հաղորդագրություն չի արել և նույնիսկ գերատեսչությունից իրենց որևէ մեկը չի այցելել։
«ՊՆ ոչ մի բառ չի խոսում այս մասին, ոչ գալիս են, ոչ հետաքրքրվում են։ Ինչու է ՊՆ այսպես լուռ, մարդ չի հասկանում։ Մեկ շաբաթ առաջ ամուսնուս եղբայրը ՊՆ-ում է եղել, ասել են՝ կգանք, կհետաքրքրվենք, բայց չեն եկել, չեն էլ զանգել։ Ոնց հասկանում եմ մեր զինվորների, պայմանագրայինների ճակատագիրը մեր պետությանը հետաքրքիր չէ»,-մտահոգված է կինը։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։