Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը կարծում է, որ Բաքվում պահվող և անմարդկային խոշտանգումների ենթարկվող հայ ռազմագերիներին, հնարավոր է փոխանակել Հայաստանում գտնվող երկու սիրիացի վարձկանների հետ, որոնք Արցախի դեմ պատերազմին մասնակցել են Ադրբեջանի կողմից։
«Հայաստանն ունի երկու գերեվարված վարձկան՝ Սիրիայից, ընդ որում մեկը հրամանատարական դիրք ունեցող, և ցանկացած ժամանակ, եթե ՀՀ իշխանությունները ցանկանային փոխանակել գերիներին, կարող էին այս գործոնն օգտագործել։ Եթե մինչև այսօր չեն օգտագործել, ուրեմն ցանկություն չունեն փոխանակելու»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց Անդրիաս Ղուկասյանը։
Նշենք, որ խոսքը Սիրիայի քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի ու Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջիի մասին է։ Նրանք մեղադրվում են միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների, վարձկանության հոդվածներով: Դատարանը 2021 թվականի մայիսի 4-ին վճռեց նրանց դատապարտել ցմահ ազատազրկման:
Նախաքննական մարմինն ավելի վաղ փոխանցել էր՝ քննությամբ պարզվել է, որ նրանք անարգել Ադրբեջան են տեղափոխվել Թուրքիայի տարածքով, սահմանային անցակետը հատել են առանց որևէ փաստաթղթի։ Իսկ մինչ նրանց տեղափոխումը՝ հունիսից մինչև սեպտեմբեր Սիրիայում ռազմական պատրաստվածության դասընթացների են մասնակցել։ Իրավապահների փոխանցմամբ՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար վարձկաններին առաջարկվել է 2 հազար ԱՄՆ դոլար։ Հրապարակային կոչեր են հնչել, այն է՝ չխնայել որևէ անձի կյանք, բոլոր հայերին գլխատել, սպանել, ավելին՝ նրանց նաև ամեն հայի համար 100 դոլար գլխագին էին խոստացել։
Forrights.am-ը Անդրիաս Ղուկասյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ պետք է Ադրբեջանը շահագրգռված լինի այս վարձկաններին փոխանակել հայ ռազմագերիների հետ։
«Սա Ադրբեջանի ցանկության հարցը չէ, Թուրքիայի արժանապատվության հարցն է։ Թուրքիան է այդ վարձկաններին հավաքել, բերել դարձրել պատերազմի մասնակից և ինքն է պատասխանատու այդ մարդկանց համար։ Այսօր ջհադիստները իշխանության են եկել Սիրիայում և առավել քան նախկինում Թուրքիայի համար այդ վարձկաններին ազատ արձակելը գերկարևոր է։ Թուրքիան է նրանց բերել Ադրբեջան, պատասխանատու է նրանց համար, նրանց ընտանիքների և նրանց կառավարության առջև պատասխանատու է Թուրքիան։ Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը կարող է անտեսել այդ հանգամանքը և մերժել մի բան, որի մեջ Թուրքիան շահագրգռված է»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը՝ նշելով, որ սա պարզ քաղաքական գործարք է, որին Հայաստանի իշխանությունները չեն գնում։
«Իհարկե, դա Հայաստանի իշխանություններից է կախված, չեն ուզում, չեն առաջարկում Թուրքիային։ Չեմ կարող ասել, թե ինչու չեն առաջարկում։ Ակնհայտ է, որ Թուրքիան ցանկացած պահի պատրաստ է իր «զինվորներին» ազատ արձայել։ Հայաստանի իշխանությունները մեզ սովորեցրեցին, որ պետությունը կարող է անտարբեր լինել իր քաղաքացիների նկատմամբ, բայց այլ պետություններն այդպես չեն։ Փաստ է, որ վարձկանները դատապարտված են ՀՀ-ում, կրում են պատիժ, կարող է լիներ փոխանակում, որը չի կատարվում»,-ասաց նա։
Նշենք, որ Բաքվում պահվում է 23 հայ գերի՝ միայն պաշտոնական տվյալներով։ Նրանից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը արդեն 20-օրն է հացադուլ է իրականացնում՝ այդպիսով բողոքի ձայն բարձրացնելով Ադրբեջանում իրկանացվող շինծու դատավարության մասին։ Նա նախորդ շաբաթ ընտանիքի միջոցով աուդյոուղերձ էր հրապարակել։ Անդրիաս Ղուկասյանի գնահատմամբ՝ Վարդանյանի ուղերձը Արցախի անկախացման մասին է։
«Ռուբեն Վարդանյանը Արցախի հանարպետուայն անկման մինչև վերջին րոպեն հրապարակային պնդում էր Արցախի անկախության ճանաչման, ազատության պահանջը։ Սա տրամաբանական շարունակությունն է իր դիրքորոշման։ Ես իր ուղերձում տեսա կոչ՝ պայքարեք Արցախի համար, չհրաժարվեք այդ պայքարից, ինչի համար մեր հայրենակիցները իրենց զոհաբերեցին։ Նա ասաց, որ հայ ժողովուրդն իրավունք չունի հրաժարվել հանուն Արցախի պայքարից»,-ասաց նա։
Նարեկ Կիրակոսյան