«Եկա, տեսա, որ տղաս անգիտակից է»,- 21-ամյա ժամկետային զինծառայող Արտակ Վարդանյանին մայրը Երևանի զինվորական հոսպիտալում անգիտակից վիճակում է հանդիպել որդուն։ Ժամկետային զինծառայողը հոսպիտալում մահացել է՝ գիտակցության չգալով։
«Ամսի 21-ի առավոտյան եմ գնացել հոսպիտալ, էրեխեն գիտակցություն չուներ, չգիտեմ՝ մեկ օրվա մեջ ինչը էրեխուն հասցներ այդ վիճակին։ Եկա, տեսա, որ արդեն անգիտակից է, ճիշտ է՝ բժիշկները պայքարում էին։ Երևի մի 10 րոպե տեսա էրեխուս, դուրս եկա, վիճակը վատացավ, ինձ դուրս հանեցին պալատից։ Էրեխուն կարգավորեցին, նորից մտա, բայց Արտակն անգիտակից վիճակում էր, չհաղորդակցվեցինք»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց Արտակի մայրը՝ Արուսյակ Գրիգորյանը։
Հիվանդության պատճառով զինվորի մահվան մասին Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացրեց փետրվարի 22-ի երեկոյան, այն բանից հետո, երբ տեղեկությունը տարածվում էր լրատվամիջոցներով, իսկ լրագրողները դիմում էին գերատեսչությանը պարզաբանում ստանալու համար։
ՊՆ-ից միաժամանակ տեղեկացրել են, որ ըստ բժշկական նախնական գնահատականի՝ հիվանդությունն ունեցել է կայծակնային ընթացք, ձեռնարկված բուժական հրատապ և անհետաձգելի միջոցառումներն ու գործադրված ջանքերը, արդյունք չեն տվել: ՊՆ-ն պաշտոնապես չի հստակեցնում, թե ինչ հիվանդության մասին է խոսքը։ Իրավապաշտպանները և Արտակի ընտանիքը նշում են, որ նա մահացել է թոքաբորբից։ Ե՞րբ է Արտակը հիվանդացել թոքաբորբով, որքա՞ն ժամանակ է մնացել այդ վիճակում, քանի՞ օր է անցկացրել զորամասի բուժկետում, ե՞րբ է որոշվել տեղափոխել մասնագիտացված հոսպիտալ՝ այս և այլ բազմաթիվ հարցերի պատասխաններ դեռ տրված չեն։ Մայրը Forrights.am-ին փոխանցեց իր ունեցած տեղեկությունները։
«Տղաս հոսպիտալ տեղափոխվել է հինգշաբթի առավոտյան (փետրվարի 20-ին): Ամսի 19-ի երեկոյան ես իր հետ խոսել եմ, ասացի՝ ուզո՞ւմ ես դեղեր ուղարկեմ, ասաց՝ չէ, պետք չի, որ պետք լինի, ես կասեմ։ Կես ժամից զանգեց ու ասաց, որ ոչ մի բան մի արա, ինձ տանում են Կիրովական՝ հոսպիտալ։ Ամսի 20-ին զանգին էի սպասում, չզանգեց, չկարողացա իր հետ որևէ կերպ կապ հաստատել։ Արդեն երեկոյան 5-ին մոտ զանգահարել են Երևանի հոսպիտալից, որ տղաս ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է։ Երևանում ծանոթ բժիշկ ունեինք, խնդրեցի, որ այցելի, քանի որ կարանտին էր, բարեկամներին թույլ չէին տալիս։ Ճանապարհները լավ վիճակում չէին, այդ պահին չկարողացա գնալ։
Մայրն ասում է, որ Արտակը երբևէ առողջական վիճակի մասին իրեն որևէ բան չի ասել, սակայն, ինքը զգացել է, որ տղան խնդիրներ ունի։ «Ես զգում էի, որ իր ձայնն այն չէր, ասացի՝ Արտակ, կարո՞ղ է հիվանդ ես, ասաց՝ գրիպ եմ, եթե պետք լինի ես կդիմեմ բուժկետ։ Փետրվարի 7-ից 14-ը, կարող է մի երկու օր խառնեմ, բայց ինքն ընդհանրապես չէր զանգում։ Տեսա, որ չի զանգում, անհանգստացա։ Մինչև 14-ը տեսա, որ չի զանգում, մարդ ճարեցի, ինքն ինձ զանգեց, ասաց՝ ինչու ես խառնվել իրար, մի քանի օր չեմ զանգել։ Ամսի 14-ից մինչև ամիս 19-ը զանգել է, ճիշտ է՝ մի երկու րոպե էինք խոսում, բայց զանգել է։ Ես զգում էի, որ ինչ-որ բան, բայց չէր թողնում հարցեր տալ։ Չգիտեմ՝ ինչը հասցրեց էրեխուս այդ վիճակին։ Ինչո՞ւ ժամանակին չեն տեղափոխել հոսպիտալ, գուցե շուտ տեղափոխեին, նման բան չլիներ, ոչ մի բան չգիտեմ։ Մեղավորները պետք է իրենց պատիժը կրեն, ես իմ երեխային հետ չեմ բերի, բայց մյուսների նկատմամբ ավելի ուշադիր կլինեն։ Հիմա չեմ կարող որևէ մեկին մեղադրել, բայց որ մեղավորներ կան, հասկանալի է»,-ասաց մայրը։
Արտակ Վարդանյանի ընտանիքին փոխանցել են նաև նրա մահվան վկայականը, որտեղ, մեր փոխանցմամբ նշված է․ «Մահվան թղթում թոքի այտուց էր նշված, ջրային գոյացություններ, իսկ հոսպիտալում ինձ ասացին, որ կայծակնային թոքաբորբ՝ մի անգամից գլուխ է բարձրացել»։
Արտակը Սիսիան քաղաքից է։ Հունվարի 31-ին էր լրացել նրա ծառայության մեկ տարին, ծառայում էր Իջևանի զորամասում։ Խնդիրներով պայմանավորված նա երկու տարի հետաձգումից հետո էր ծառայության մեկնել։
«Քաշի խնդիր ուներ, դա էին նշել։ Անցած տարի հունվարին կանչեցին ստուգման, ասացին, որ ամեն ինչ նորմալ է, ես էլ ուրախացա, ինքն էլ էր նեղվում հետաձգումից, ասում էր՝ գնամ ծառայեմ, գամ իմ գործերին։ Նույնիկս մի տարի փորձեց հրաժարվել տարկետումից, ես թույլ չտվեցի, ասացի՝ երբ կտանեն, կգնաս, կծառայես»,-ասաց մայրը՝ նշելով, որ տղան փոքր տարիքում ևս թոքաբորբով է հիվանդացել։
«Փոքր տարիքում թոքաբորբով հիվանդացել է, 4-5 տարեկան էր։ Շատ ծանր թոքաբորբ է տարել, բայց բուժվեց, հետո ամեն ինչ նորմալ էր։ Եթե իր մոտ խնդիրներ կար, ինչո՞ւ են զորակոչել։ Հարցերն այնքան շատ են»։
Նարեկ Կիրակոսյան