«Ստիպված հայտնվելու ենք փողոցում կամ էլ գալու ենք Երևան՝ կառավարության դիմաց մի վրան դնենք, այնտեղ ապրենք»,-ծայրահող ծանր սոցիալական պայմաններում են հայտնվելու արցախցիները, երբ մեկ ամսից ուժի մեջ մտնի ՀՀ կառավարության նոր որոշումը, որով փոխվում է բռնի տեղահանվածներին տրվող սոցալական աջակցության ծրագիրը։

Forrights.am-ի խմբագրություն է ահազանգել Գորիսում բնակվող Ժորա Հայրապետյանը։ Նա բնակվում է մոր ու տատիկի հետ։  Այս ամիս Ժորան ու մայրը Փաշինյանի ղեկավարած կառավարության որոշմամաբ վերջին անգամ են Հայաստանի հարկատուներից աջակցություն ստանում՝ 40+10 հազար դրամ։ Ասում է՝ ապրիլի մեկից կարող են հայտնվել դրսում, քանի որ տան վարձը տալու խնդրի առջև են կանգնելու։ «Մեր վիճակը ծայրահեղ ծանր է դառնում, եթե այս գումարները կտրում են»,-ասում է Ժորան։

Կառավարությունն անցած տարվա նոյեմբերին որոշեց զրկել արցախցիներին ապրուստի միակ կայուն եկամտից։ Ապրիլից յուրաքանչյուր անձին տրվող 50 հազար դրամը դարձնում է 40 հազար դրամ՝ ապրիլ, մայիս և հունիս ամիսների համար, իսկ հուլիսից վեց ամսով՝ 30 հազար դրամ։ Նվազեցված գումարները, սակայն, ոչ բոլորը կստանան։ Ըստ կառավարության որոշման՝ աջակցությունից կարող են օգտվել՝ մինչև 18 տարեկան երեխաները կամ պարտադիր կրթություն ստացող 18 տարին լրացած անձիք, 63 և ավելի տարիք ունեցող անձիք, ինչպես նաև առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցողները։

Ժորայի ընտանիքում խոցելի խմբում է միայն տատիկը։ Հիմա նրանք երեքով ստանում են 150 հազար դրամ, իսկ ապրիլից 40 հազար դրամ կստանան, իսկ հուլիսից՝ 30 հազար։ Ընտանիքի եկամուտը կառավարության կողմից աջակցությունն է և տատիկի ծերության թոշակը՝ 81 հազար դրամ։ «Կառավարությունը հայտարարել է, որ ապրիլի մեկից խոցելի խմբերին է տալու գումար։ Միայն տատիկս է ստանալու, իսկ ես ու մայրիկս չենք ստանալու։ Ստանալու ենք ընդամենը 40 հազար դրամ, սա մինչև հուլիս է լինելու, իսկ դրանից հետո միայն տատիկին 30 հազար դրամ են տալու»,-ասաց Ժորա Հայրապետյանը՝ նշելով, որ չգիտի, թե այդ դեպքում ինչպես պետք է վճարի տան 80 հազար դրամ վարձը։

«Չգիտեմ, թե ապրիլից ինչ ենք անելու, փողոցներն ենք ընկնելու՝ թափառականի կարգավիճակ ենք ստանալու։ Գորիսում ամենաէժանն այս գինն է՝ 80 հազար։ Տներ կան, բայց գինը բարձր է՝ 100, 120 հազար դրամ»,-ասում է նա։

Կառավարությունն աջակցության ծրագրում այս փոփոխությունները կատարեց՝ հիմնավորելով, թե արցախցիները ինտեգրվել են Հայաստանի աշխատաշուկային։ Գորիսում բնակվող 24-ամյա Ժորան բռնի տեղահանումից առ այսօր աշխատանք չի կարողանում գտնել։

«Ես ռազմաբուժակ եմ, դիմել եմ Գորիսի հիվանդանոց աշխատանքի համար, բայց ասել են տեղ չկա։ Ասացին՝ դիմեք մարզպետարան, նախարարություն թող տեղ ավելացնեն, ընդունենք, տվյալներս վերցրեցին, եկա տուն, որ տեղ լինի զանգեն»,-ասում է նա ու նշում, որ դիմել է նաև հացի արտադրամասում աշխատելու համար, բայց չեն ընդունել՝ թափուր տեղ չունենալու հիմնավորմամբ։

Իրավագիտություն սովորող Ժորան Ստեփանակերտում փաստաբանական գրասենյակում է աշխատել։ Գորիսում էլ է փորձել այս ոլորտում աշխատանք գտնել, բայց չի հաջողվել։

«Դիմել եմ նաև Գորիսի դատարան, քանի որ գործավարի ազատ տեղ կար, ասացին, որ ՀՀ քաղաքացիություն չունեմ, չընդունեցին, իսկ դա ստանալը բարդ գործընթաց է։ Մայրս շաքարային դիաբետ ունի, ողնաշարի գրիժա, չի կարողանում աշախտել»,-եզրափակեց նա։

Նարեկ Կիրակոսյան

___

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Նարեկ Կիրակոսյան

Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։

Pin It on Pinterest