«Ասացին՝ մի աչքը լավ է տեսնում, դրա համար չենք կարող հաշմանդամության կարգ տալ»,-փետրվարին Բժշկասոցալական փորձաքննության հանձնաժողով այսպիսի պատասխան է տվել Արցախից բռնի տեղահանված Արմինե Ասրյանին և զրկել նրա 10-ամյա որդուն հաշմանդամության կարգից։

10-ամյա Արմանը տեսողության հետ կապված խնդիրը ձեռք է բերել 2019 թվականին։ «2019 թվականին երեխաներով բակում խաղում էին, ինչ-որ մեկն ապակի է նետել, որը կպել է տղայիս աչքին։ 2019 թվականից մինչև բլոկադան ես անընդհատ Երևան եմ եկել-գնացել»,-Forrights.am-ի հետ զրույցում պատմում է մայրը։

Մոր փոխանցմամբ՝ տղայի աջ աչքը գրեթե տեսողություն չունի։ «Իր աչքը վիրահատված է, արհեստական ոսպնյակ է դրված։ Մի աչքի տեսողությունը 8-9 տոկոս է, բայց երկրորդը՝ 100 տոկոսով է տեսնում։ Ասել են, որ մի աչքը աշխատում է, կարողանում է ինքնուրույն շոր հագնի, դուրս գնա, կարողանում է իր հոգսը քաշի։ Ասացին՝ պետք է երկրորդ աչքն էլ լավ չտեսնի, որ տանք կարգը։ Ասացի, որ վիրահտված է, դեղեր է օգտագործում, ասացին՝ կապ չունի։ Հարցրեցի՝ ո՞նց պետք է գնա բնակ, ասացին՝ չգիտենք, զինկոմը կորոշի»,-ասաց նա։

Ընտանիքն ապրում է Վանաձորում, առաջին փորձաքննությունն անցել են այնտեղ, որի որոշումն էլ՝ հաշմանդամության կարգ չտալու վերաբերյալ, մայրը բողոքարկել է։ «Եկել ենք Երևանում էլ են նայել, էլի բացասական պատասխան են տվել»,-ասաց նա։

Մայրն ասում է, որ տարվա շոգ եղանակներին որդու աչքերը չորանում են, հատուկ դեղամիջոցով փորձում են կայունացնել իրավիճակը։ «Իր աչքին 12 կար կա դրած, էդ կարերի տեղը չորանում է։ Ինքն էլի վիրահատության կարիք ունի: Հիմա էլ դեղեր եմ գնում, վեց ամիսը մեկ Երևան ստուգման եմ բերում, եթե ստացվի, որ թաշակը տան՝ լավ կլինի»,-ասաց մայրը։

Մոր փոխանցմամբ՝ մինչ բռնի տեղահանվելը, տղան Արցախում 69 հազար դրամ թոշակ է ստացել, իսկ Հայաստանում՝ մինչև հաշմանդամության կարգից զրկվելը, 39 հազար դրամ։ «Հայաստան, որ եկանք մի քանի ամիս թոշակը չտվեցին, հետո նամակ գրեցի, վերականգնվեց, բայց 39 հազար տվեցին»:

Ընտանիքն Արցախում ապրում էր Ստեփանակերտում։ 2023 թվականի  սեպտեմբերի 19-ին, երբ ադրբեջանական զինուժը հարձակվել է խաղաղ արցախցիների վրա, տիկին Արմինեն էլ շատերի նման անվտանգություն է փնտրել ռուս խաղաղապահների մոտ, երեխաների հետ գնացել է Իվանյանի օդանավակայան։ Հետո, սակայն, հետ է եկել և որոշել թոնիրը վառել ու հաց թխել։

«Երկու օր հետո, որ օդանավակայանից եկանք, չթողեցին, որ մտնենք մեր տուն, ասացին թուրքերն այնտեղ են։ Գնացի եղբորս տուն՝ Արցախ թաղամասում։ Ամուսինս կարողացավ գնալ տան եղած ալյուրը բերել և մի վառարան ունեինք, դա էլ բերեց, որ հաց թխեմ։ Վերջին օրն էր, հաց թխեցի ու ճանապարհ ընկանք։ 20 հաց էի թխել, ճանապարհին բաժանում էի երեխաներին։

Տիկին Արմինեն հաճախ է ադրբեջանական լրատվամիջոցներում և արբանյակային լուսանկարներում փնտրում իր տունն ու թոնիրը։ Վերջին փնտրտուք խորը ցավ է պատճառել՝ տունը չկա, թշնամին հողին է հավասարեցրել։

«Տեսել եմ իմ տունը՝ քանդված է, տանիքը չկա, սաղ հողին է հավասարեցրած։ Աջափնյակ թաղամասը լրիվ հողին են հավասարեցրել։ Սպուտնիկով նայել ենք, թոնիրս կա»,-ասում է նա ու մտածում Հայաստանում էլ կարողանա այնպիսի մի տուն գնել, որ բակում թոնրատուն կառուցելու հնարավորություն լինի։  «Եթե սեփական տուն ձեռք բերենք, թոնիր էլ կսարքենք, որ թնրով հաց թխեմ, ստացվում է ինձ մոտ։ Բայց դե հլը չգիտեմ»։

Տիկին Արմինեն նշում է՝ կորցնելուց հետո է ամեն ինչ անգին դառնում։  «Հիմա ենք հասկանում, որ ամենալավ բաներից մեկն էլ այն է, որ հարազատի գերեզմանին այցելելու հնարավորություն ունեինք։ Հիմա հնարավորություն չկա»։

Չնայած առկա կորուստներին ու դժվարություններին նա որոշել է՝ շարունակել ապրել ու ապրել հենց Հայաստանում։ «Վատ հիշողությունները թողնում եմ մի կողմ ու առաջ եմ գնում։ Հայաստանից գնալու մասին չեմ մտածում, գնալուց միայն Արցախ, ուրիշ տեղ գնալու մասին չեմ մտածում։ Հիմա ամուսին Ռուսաստանում աշխատում է, ասում է՝ արեք, ես ու երեխաները չենք ուզում։ Հայ ենք, մնալու ենք Հայաստանում։ Այստեղ շատ լավ են վերաբերվում մեզ։ Կուզեմ Արցախ վերադառնալ, իմ հողն է, բայց, եթե չստացվի, պետք է առաջ նայենք, առաջ գնանք։ Որ հնարավորություն լինի գնանք՝ պալատկայի տակ էլ կքնենք, դրսում էլ կքնենք»։

Նարեկ Կիրակոսյան

 

___

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Նարեկ Կիրակոսյան

Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։

Pin It on Pinterest