«Գիշերը մրսում եմ, մի քանի օր էլ, եթե այսպես շարունակվի, կհիվանդանամ։ Այսօր գիշերը լավ եմ մրսել։ Երեք հատ այդալ եմ վրաս գցում, կուրտկաս գցում եմ, վրան պառկում, շատ ցուրտ է»,-Forrights.am-ի հետ զրույցում իր սոցալական ծանր պայմաններն է ներկայացնում Արցախից բռնի տեղահանված Կարեն Նասիբյանը։

Կարեն Նասիբյանը մեկն է այն արցախցիներից, որ բնակություն է հաստատել Դիլիջանի գիշերօթիկի նախկին շենքում։ Forrights.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության որոշմամբ ՀԷՑ-ն ու Գազպրոմը դադարեցրել են էլեկտրաէներգիայի և գազամատակարարման ծառայությունները։ Նախարարությունը այնտեղ բնակվող շուրջ 15 արցախցիների առաջարկում է տեղափոխվել սոցիալական այլ կացարաններ։

Կարեն Նասիբյանը Forrights.am-ին փոխանցեց, որ իրեն առաջարկել են Երևանում գտնվող հանրակացարանում բնակվել իր հետ որևէ ազգակցական կապ չունեցող տղամարդու հետ։ «Ինձ առաջարկել են, որ Երևանում՝ մի փոքր սենյակում, ուրիշ մարդու հետ ապրեմ, ոչ բարեկամ է, ոչ բան։ Ես ո՞նց ուրիշի հետ ապրեմ։ Ես խնդրել եմ, որ Երևանում՝ հանրակացարանում մի սենյակ տան, գնամ, ապրեմ, բայց ասում են՝ չկա»,-ասաց Կարեն Նալբանդյանը՝ նշեշլով, որ դեմ չէ տեղափոխվել նախարարության առաջարկած նոր կացարանը, սակայն, չնայած, որ լույսն անջատել են իր վրա, չեն էլ ցանկանում հրատապ կարգով տեղափոխումն իրականացնել։

«Սոցապի աշխատող կա՝ Նաթելա է անունը, ասաց՝ Աբովյանում տեղ կա, ասացի՝ դե տարեք այնտեղ, ասաց՝ մեքենա չկա։ Ասում եմ՝ բոլորի համար կա՞, ինձ համար չկա՞, բոլորին իրենք են տեղափոխել, պատասխանում է՝ պետին կասեմ, տեսնեմ ինչ է ասում»,-ասաց նա՝ նշելով, որ Դիլիջանում արդեն ապրում է մեկ տարուց ավելի։

«Որ լույսը կար, կարողանում էի ինձ համար ճաշ եփել, հիմա որ չկա՝ կատաստրոֆա է»,-ասում է նա նշելով, որ տասը օր է՝ ինչ ինքն ու մյուս արցախցիները զրկված են էլեկտրաէներգիայից։

«Հիմա չ մի ձևի չեմ ջեռուցում սենյակը, մրսելով մնում եմ։ Սոցապն է կտրել լույսը, պետն է հրաման տվել՝ ՀԷՑ-ին դիմել են, որ մեզ պետք չի, կտրեք։ Չեն ուզում մեզ վրա լույսի փող ծախսել։ Գազն էլ մեկ ու կես ամիս առաջ են անջատել, բայց գլխավորը լույսի խնդիրն է, որ չմրսենք»։

Կարենը Ստեփանակերտում է բնակվել, Արցախից բռնի տեղահանվել է 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձություններից հետո։ 58-ամյա Կարենի հայրը Արմեն Նասիբյանն է՝ Արցախի Հանրապետության պետական օրհներգի՝ «Ազատ ու անկախ Արցախ»-ի երաժշտության հեղինակը։ «Մահացել է հիմա, կոմպոզիտոր Արմեն Նասիբյանն է։ «Արա Գեղեցիկ» օպերայի հեղինակն է»։

Կարեն Նասիբյանը կոմպոզիտոր է, Ստեփանակերտում դաշնամուր է դասավանդել։ «Երևանի կոնսերվատորիան եմ ավարտել, Ստեփանակերտում դասավանդում էի ուսումնարանում։ Երգչախմբում էլ երգիչ եմ եղել։ Երևանում, որ ինձ տեղ տան, հույս ունեմ, որ մի երգչախումբ կմտնեմ, կաշխատեմ։ Դիլիջանում աշխատանք չկա»,-ասաց նա։

Կարենը Արցախից բռնի տեղահանվել է սեպտեմբերի 30-ին, ասում է՝ Արցախի հայաթափման վերջին կամ նախավերջին օրն էր։ «Չեմ ուզել դուրս գալ, տեսա, որ մնում եմ մենակ։ Ես չեմ ուզել դուրս գալ։ Ես համաձայնվել եմ Ադրբեջանի փաստաթղթերով ապրել, ինչ տարբերություն՝ թուղթ է էլի։ Բոլորը մնային ապրեինք, ապրելով կդիմադրեինք, ոչ ոք չպետք է դուրս գալ, դա սխալ էր։ Ի՞նչ էր լինելու ադրբեջանական անձնագրերով ապրեինք, հողի վրա պետք է մնայինք, չպետք է ազատեինք այդ հողը։ Թուղթը ի՞նչ նշանակություն ունի, վաղն էլ մի կռիվ կլիներ, ադրբեջանական թղթերը դեն կգցեինք, բայց կմնայինք մեր հողում»,-ասաց նա։

Արցախցիները լսել են, որ նախարարությունն ուզում է գիշերօթիկի նախկին շենքը վաճառել, սակայն, գերատեսչությունից փոխանցեցին, որ նման մտադրություն չկա։ Կարեն Նասիբյանն այժմ հուսյով սպասում է, որ իրեն օր առաջ նոր կացարան կառաջարկեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest