Սենյակի մի անկյունում դրված վառարանի  վրա մեծ կաթսայով ջուրն է տաքացնում տիկին Ռիտան։  Բազմազավակ մայրը պետք է այդ եռացրած ջրով լվացք անի, ամանները լվանա, երեխաներին լողացնի։ Այս իրավիճակն է Դիլիջանի գիշերօթիկի նախկին շենքի սենյակներից մեկում, որտեղ բնակվում է Հակոբյանների յոթ հոգանոց ընտանիքը։ Սոցiալապես ծանր պայամններում գտնվող բազմանդամ ընտանիքի միակ էներգիայի աղբյուրը մնացել է փայտով վառվող վառարանը։

«Եկել են լույսը կտրել են, ասում են՝ դուրս եկեք։ Թող տուն տան, դուրս գամ։ Ես չեմ կարող գնալ վարձով ապրել»,- Forrights.am-ի հետ զրույցում ասում է ընտանիքի մայրը՝ Ռիտա Հակոբյանը։

45-ամյա կինը հինգ երեխաների մայր է, ամուսնու հետ արդեն հինգերրորդ տարին է՝ բնակություն են հաստատել գիշերօթիկի շենքի սենյակներից մեկում։ Հակոբյանները բռնի տեղահանվել են Արցախի Ազոխ գյուղից, այն Հադրութի շրջանում է։ Ընտանիքը 2020 թվականի պատերազմից հետո, երբ Հադրութն անցավ թշնամու տիրապետության տակ բնակություն են հաստատել Դիլիջանում։

«Փեջի վրա ջուր եմ տաքացնում, ամաններն եմ լվանում, լվացքն եմ անում, այ տենց ենք ապրում։ Եթե այս փեջը չլինի տաքության մեջ չենք կարող ապրել։ Փեջը վառում եմ, որ էրեխեքը տաքանան, լույս չկա, որ պլիտա միացնեմ։ Գազը եկան կտրեցին, հետո լույսը»,- Forrights.am-ին պատմում է ծայրահեղ իրավիճակում հայտնված մայրը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Forrights.am-ին փոխանցում են, որ գիշերօթիկի շենքը Արցախից բռնի տեղահանվածների համար նախատեսված է եղել որպես ժամանակավոր կացարան։ Ըստ գերատեսչության մամուլի խոսնակի՝ այնտեղ բնակվող 17 ընտանիք արդեն տեղափոխվել է սոցիալական կացարաններ։

«Նախարարությունն այնտեղ գտնվող ընտանիքներին առաջարկում է տեղափոխվել սոցիալական բնակֆոդ, որպեսզի կարողանանք նրանց ծառայություններ մատուցել։ Նշված հասցեում որևէ ծառայություն մատուցելու հիմք նախարարությունը չունի։ Մենք քաղաքացիներին ոչ թե դուրս ենք հանում նշված հաստատությունից, այլ որպեսզի կարողանանք նրանց ծառայություններ մատուցենք, ավելի լավ պայմաններ առաջարկենք, տեղափոխվեն այլ հաստատություն։ Իրենք ունեն ընտրելու հնարավորություն, իրենց ներկայացվել է, որ սոցիալական բնակարան առաջարկում ենք, և՛ Երևանում, և՛ Մարալիկում, Սպիտակում, Աբովյանում։ Նշվածներից իրենք կարող են ընտրություն կատարել, նախարարությունն էլ կկարողանա իրենց ծառայություններ մատուցել»,-ասաց նախարարության մամուլի խոսնակը։

Հարցին՝ եթե բնակիչները դեռ ընտրություն չեն կատարել և դուրս չեն եկել, ինչպե՞ս կարելի էր նրանց առանց էլեկտրաէներգիայի և գազամատակարարման թողնել, նախարարության ներկայացուցիչը կրկին շեշտեց՝ Սոցապնախարարությունը չունի իրավական հիմք այնտեղ ծառայություններ մատուցել։ Սոցապնախարարության այս որոշումը թերևս հիշեցնում է 2021, 2022 թվականների Ալիևի գործելաոճը, երբ ձմռան ցրտին արցախցիների վրա հոսանք ու գազ էր անջատում։ Արձանագրելով, որ նախարարությունը չունի գիշերօթիկի նախկին շենքում էլեկտրաէներգիայի ծառայություններ մատուցելու իրավական հիմքեր, սակայն, կարող էր այլընտրանքային լուծում գտնել, անչափահաս երեխաներին չթողնել ցրտի և մթության մեջ, մինչև ընտանիքները վերջնական կտեղափոխվեին այլ հաստատություն։

Այժմ Ռիտա Հայոբյանի 6, 11, 12 տարեկան անչափահաս և երկու չափահաս երեխաները ցրտի ու մթության մեջ են։ Ընտանիքին  առաջարկել են տեղափոխվել Սպիտակ քաղաք։ «Ասում են գնացեք Սպիտակ, բայց ես չհամաձայնվեցի։ Ամուսինս այստեղ է աշխատում»,-ասում է նա՝ նշելով, որ Դիլիջանում աշխատանք ունի ամուսինը, բայց տուն չեն կարողանում վարձել, քանի որ գները բարձ են։

Ընտանիքը 2023 թվականին զրկված է նպաստից, չեն ստանում նաև պետության կողմից բռնի տեղահանվածներին տրվող դրամական աջակցությունը, քանի որ կացարանի խնդիր չունեն։

Forrights.am-ն անդրադարձել էր նաև գիշերօթիկի շենքում բնակվող Հովիկ Դավթյանի խնդրին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest