22-ամյա Հ․ Ա․-ի մոտ 2021 թվականին ախտորոշվել է մտավոր թերնորմալություն: Նա այս հիմնավորմամաբ զինվորական ծառայությունից երեք տարով տարկետում է ստացել: 2024 թվականին, սակայն, հանձնաժողովը որոշել է, որ տղայի առողջական վիճակում փոփոխություններ կան և թեթև աստիճանի մտավոր հետամնացություն է ախտորոշել՝ վարքի խանգարման բացակայությամբ կամ թույլ արտահայտմամբ։ Այս ախտորոշմամբ Հ․ Ա․-ին 2025 թվականի հունվարին զորակոչել են բանակ։
Forrights.am-ի հետ զրույցում զինվորի մայրը՝ տիկին Լալան, ահազանգում է՝ շեշտելով, որ որդու մոտ որևէ դրական փոփոխություն չի նկատվել, սակայն, փաստաթղթերում այլ տվյալներ են նշել ու տարել բանակ։
«Առաջին կամիսիան 2021 թվականին է եղել, որի ժամանակ որոշվել է երեք տարով հետաձգել ժամկետային զինծառայությունը։ Հաջորդ հետազոտությունը անցկացրեցին 2024 թվականին, որոշեցին, որ մտավոր թերնորմալությունը դարձել է թեթև աստիճանի ու այս հունվարին տարան բանակ։ Իր մոտ փոփոխություն չկա, նույն վիճակն է»,-ասում է մայրն ու նշում, որ տղան մտավոր թերնորմալություն պատճառով միջնակարգ կրթություն նորմալ չի ստացել։
«Շատ ժամանակ դպրոց չի գնացել, մանկական տեսուչ է եկել, ես եմ համոզել, որ գնա դպրոց։ Մինչև 9-րդ դասարան գնաց՝ համոզելով տարանք։ Մեծ դժվարությամբ է գրում-կարդում։ Հիշողության խնդիր ունի։ Օրինակ, որ զինկոմից զանգում կանչում էին, մոռանում էր, միշտ ասում էին՝ կողքդ ո՞վ կա, տուր իրեն էլ ասենք, որ հիշեն, բերեն»։
Մոր խոսքով՝ որդին հետազոտվել է «Ավան» և «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոններում։ Ունի քնի խանգարում։
Գիշերները չի քնում, անընդհատ առթուն է, ծխում է։ Իմ էրեխուն իրավունք չունեին բանակ տանել։ Ես թեժ գիծ եմ զանգել, նախարարություն եմ զանգել, կենտրոնական զինկոմ եմ գնացել, դիմում եմ գրել, բայց պատասխան դեռ չկա։ Մեզ կանչեցին Արթիկի զինկոմ, ես հրաժարվեցի, որ իմ տղան ծանուցագիր վերցնի, ասացի՝ ես դիմում եմ գրել, մինչև պատասխանը չստանամ, չեմ թողնի գնա։ Հաջորդ օրը մեր տունը տեսուչ եկավ, ասաց՝ խնդիր կլինի։ Տղաս հունվարի 24-ին գնաց պավեսկեն վերցնելու, 29-ին տարան։ Մտածում էի, որ գլխավոր գենկամիսի ժամանակ խելամիտ որոշում կկայացնի, մտել է ստուգման, ասել են՝ բարի ծառայություն։ Հիմա օրվա մեջ մի քանի բառ խոսում եմ հետը, ես եմ ավելի շատ խոսում։ Ինձ մտահոգում է նաև այն, որ իր ձեռքերը դեղնում է։ Քնից հելնում է, այդպես է, երբ տանն էր, ես երկար ժամանակ մերսում էի, որ փոխվի»։
Մայրը մտահոգված է որդու առողջությամբ։ Մի քանի օր առաջ եղբայրները մեկնել են զորամաս Հովհաննեսին տեսակցելու, սակայն, թույլ չեն տվել։ «Հեռվից տեսել, եկել էին։ Ես մտահագոված եմ, որ զորմասում, ոչ իր հետ խնդիր լինի, ոչ էլ իր գործողությունների հետևանքով դիմացինի։ Մարդկանց հետ կոնտակտի մեջ մտնելու խնդիր ունի, եղել է, որ մեկ շաբաթ տանից դուրս չի եկել»,-արցունքներն աչքերին ասում է զինվորի մայրը։
2024 թվականի դեկտեմբերին կառավարությունը վերանայել է զինվորական ծառայությունից ազատման կամ տարկետման իրավունք տվող հիվանդությունների ցանկը։ Նոր որոշման համաձայն, որոշ հիվանդությունների դեպքում, եթե մեկ տարվա տարկետման ընթացքում առողջական վիճակի վատթարացում չի արձանագրվում, անձը կարող է ճանաչվել զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի։
2025 թվականի հունվարի սկզբին Forrights.am-ը մի աղմկահարույց դեպքի վերաբերյալ ահազանգ ստացավ։ Կապանում ծառայող զինվորի ծնողներն ահազանգել էին, որ իրենց որդին հրամանատարի և այլ սպաների կողմից բռնության է ենթարկվել Կապանի զորամասերից մեկում։ Ժամկետային զինծառայող Սարգիս Մելքոնյանի ընտանիքը պնդում է՝ Սարգիսին հայհոյել ու հարվածներ է հասցրել հրամանատարը, ինչից հետո Սարգիսը պատասխան հարված է հասցրել։ Սա էլ դարձել է պատճառ, որ Սարգիսին երկու ամսով կալանավորեն։
Forrights.am-ն այցելել է Սարգիսի ընտանիքին, ծնողները նշել են, որ «տղան ուներ սահմանափակումներով ծառայություն, հոգեկան խնդիրներ, հրամանատարը և մնացած սպաները ծեծել են: Գործը հարուցել են տղայի վրա, ոչ թե հրամանատարի վրա, որ վնասվածքներ ինքն իրեն է հասցրել»:
Նարեկ Կիրակոսյան