Արցախցի Բերտան վշտացած ու միևնույն ժամանակ բարկացած է վերադարձել հոր, ամուսնու և երկու եղբայրների շիրիմներից։ Գողացել են հարազատների գերեզմանաքարերին դրված ծաղիկները։ Այս մասին Forrights.am-ի հետ զրույցում ասաց նա։

«Ամսվա սկզբին եմ տարել ծաղիկները՝ արհեստական ծաղիկներ էին, երկար պահպանվող, այս շաբաթ օրը գնացի՝ չկար»,-ասում է Բերտա Շահրամանյանը՝ նշելով, որ երկուշաբթի օրն է էլ այցելել հարազատների շիրիմներին, ծաղիկները դեն նետելու ենթակա չէին։ Այսպիսով՝ նա բացառում է հավանականությունը, որ գերեզմանատան խնամքով զբաղվողները կարող էին վերցնել։

«Սա առաջին դեպքը չէ, մեկ անգամ էլ ամռանն էր եղել՝ հունիսին էր, էլի ծաղիկներ են տարել»,-ասաց նա՝ նշելով, որ մտածում է տարածքը հսկող տեսախցիկներ դնել։

Բերտայի հայրը, ամուսինը և երկու եղբայրները զոհվել են Ստեփանակերտի պայթյունի ժամանակ, նրանք բենզինի հերթում են կանգնած եղել։ Աղջկա մոտ հարց է առաջանում՝ ինչպես կարելի է նման դժբախտությունից հետո այսպիսի վերաբերմունքի արժանանալ։

«Չգիտեմ ինչպես անվանեմ էդ տիպի «մարդկանց»։ Արդեն որերրորդ անգամն է գնում եմ իմ «սեփական» գերեզմանները, ու քանի անգամ արհեստական ծաղիկներ եմ տարել, ականատես եղել «դատարկ ծաղկամանների»։ Ինչու՞, միթե ձեր նման սրբապիղծները «մարդ» կոչվելու իրավունք ունեն, երևի այս մի տարում ոչ մեկին այդքան չեմ անիծել ու ամենավատ բառերով վիրավորել, ինչքան այսօր։ Երբ գնում ես եղբորդ հիշատակի համար գոնե թարմ ծաղիկներ դնես ու մաքրություն անես, գոնե հոգիդ մի քիչ թեթևացնես, ու հակառակը վրդովված, հիասթափված ու ջղայնացած վերադառնում ես։ Գիտեի, որ մարդկությունը վերանումա, բայց չգիտեի որ կարող էիք մոտենալ 4 զոհի՝ այդ թվում, 13 տարեկանի հրեշտակի, գերեզմանից գողանալ ծաղիկներ»,-ասում է նա։

Շահրամանյանների ընտանիքի 4 տղամարդիկ զոհվել են սեպտեմբերի 25-ին Արցախում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով։

23-ամյա Բերտան դժբախտությունից մեկ ամիս առաջ էր ամուսնացել, այդ կարգավիճակով ու լիարժեք երջանիկ ապրեց ուղիղ 25 օր։ Նա ամուսնացել էր համակուրսեցու՝ Գևորգի հետ։

«Օգոստոսի 10-ին Գևորգը եկավ ու ասաց՝ վերջ, ամուսնանում ենք։ Ուղիղ 20 օր ունեինք պատրաստվելու, բայց ամեն ինչ էլ տեղը տեղին արեցինք։ Հարազատներով իրար գլուխ հավաքվեցինք, որ ստացվեր, շաքարավազն անգամ բաժակ-բաժակ հավաքեցինք, տորթ, փախլավա»,- պատմում է Բերտան։

Հայրը՝ 58-ամյա Վարդան Շահրամանյանը, սպա էր, Արցախյան առաջին պատերազմի մասնակից, մոտ 15 տարի առաջ թոշակի էր անցել ու վարորդ էր աշխատում։ Եղբայրներից կրտսերը՝ Գերմանը, 13 տարեկան էր՝ 8-րդ դասարանում էր սովորում։ Մյուսը եղբայրը՝ 17-ամյա Վադիմը, փոքր տարիքից դերասանությամբ էր զբաղվում,

Պայթյունի օրը 4-ն էլ առանձին-առանձին են գնացել բենզինի պահեստ։

«Առավոտյան 8-ին պապան գնացել էր ուրիշ տեղ, հետո ասել էին՝ գնա Հայկազով։ Գերմանը նախաճաշեց, ցերեկը գնաց պապայի մոտ, ասեց՝ միասին կգանք։ Վադիմը չէր գնում, մեր հարևանը հաշմանդամ է, ինքն էր խնդրել, որ հետը գնար, օգներ։ Ամուսինս էլ էր գնացել»,- պատմում է Բերտան։

Պայթյունի լուրը լսելուց հետո հարազատներին սկսել են փնտրել ամենուր՝ բոլոր հիվանդանոցներում։

«Սեպտեմբերի 27-ին ասեցին՝ մնալն անիմաստ է, բոլոր մասունքները Հայաստան ենք տեղափոխում, դուք էլ գնացեք»։

Բերտայի մայրը ԴՆԹ նմուշ է հանձնել, որից հետո նոր միայն կարողացել են նույնականացնել հարազատների աչյունները։ Առաջինը հոր ԴՆԹ-ն հաստատվեց՝ հոկտեմբերի 20-ին, հոկտեմբերի 25-ին կրտսերը եղբորը՝ Գերմանինը, հոկտեմբերի 30-ին ամուսնու՝ Գևորգի, Վադիմինը՝ նոյեմբերի 1-ին։ 4-ին միասին հուղարկավորեցին նոյեմբերի 6-ին։ Նրանք հուղարկավորված են Սիլիկյան գերեզմանատանը։

Հիշեցնենք՝ հունվարի 4-ին Forrights.am-ը հրապարակել էր նաև, թե ինչպես են թարմ ծաղիկներ գողանում նաև պատերազմի մասնակիցների շիրիմներից։ Մեր հրապարակումից հետո ՔԿ-ն տեղեկացրեց, որ գողություն կատարած անձիք հայտնաբերվել ու կալանավորվել են, նրանց մեղադրանք է առաջադրվել։

Նարեկ Կիրակոսյան

___

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Նարեկ Կիրակոսյան

Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։

Pin It on Pinterest