Մարտական եղբայրություն միաբանության անդամ Արման Պետրոսյանը շարունակում է կալանավորված մնալ։  Ապրիլի 21-ին, Բագրատաշեն տանող ճանապարհի փակման ակցիայի ժամանակ միջադեպ էր գրանցվել ԵԿՄ անդամների և ակցիայի մասնակիցների միջև։ Ըստ միաբանության, ԵԿՄ-ականները սադրանք էին հրահրել, որի հետևանքով  ձերբակալվել են Մարտական Եղբայրության 7 անդամներ։

Միջադեպից հետո խուլիգանության մեղադրանք է առաջադրվել Արման Պետրոսյանին և որոշում ընդունվել նրան 1 ամսով կալանավորելու մասին։

Միաբանությունից հայտնում են, որ Արման Պետրոսյանը  2016 թվականին կամավոր մեկնել է Ապրիլյան պատերազմին: Պարգևատրվել է Դրաստամատ Կանայան գերատեսչական մեդալով: 2020 թվականի սեպտեմբերի 28-ից նոյեմբերի 10-ը, որպես կամավոր, մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Մասնակցել է 2022 թվականի սեպտեմբերին Ջերմուկի մարտական գործողությունների ընթացքում հակառակորդի թիկունքից երկու մոլորված հայ զինծառայողների դուրս բերմանը։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների ժամանակ կասեցրել է հակառակորդի առաջխաղացումը Ստեփանակերտի Կրկժան կոչվող թաղամասի մատույցներում: 2023 թվականին վերջիններից է եղել, որ լքել է Արցախը։

«Քաղաքական պատվեր է Արմենի կալանավորումը, ինձ համար ոչ մի իրավական հիմք չկա։ Եղել է ժողովրդի ինքնաբուխ ակցիա՝ ճանապարհ փակել, դրա մասին տեղյակ են եղել ոստիկանությունը։ ՆԳՆ-ն այդտեղ է բերել Լոռու ոստիկաններին, որոնք պետք է հասարակական կարգ ապահովեին։ Նրանց ներկայությամբ բախումներ են հրահրվել, իսկ ոստիկանությունը զրո գործ է արել։ Այն հանգամանքը, որ մեքենան գնում էր իր ճանապարհով մեկ էլ դիմացը մարդիկ հայտնվեցին, իրավականով այսպես է ներկայացվում, սուտ է։ Պարզ երևում է, որ նման բան չի եղել։ Երեք հոգու կալանավորել են, երեքն էլ քաղբանտարկյալ են, բայց վիլիսը քշեց ժողովրդի վրա։ Հեռվում կանգնած էր, քշելով եկավ ժողովրդի վրա»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է Արմանի ընկերը՝ Մասիս Շիրոյանը։

Նրա փոխանցմամբ՝ սահմանազատումը կեղծ օրակարգ է․ «որովհետեև չի կարող սահմնազատում, երբ դու ուղիղ պատերազմի մեջ ես Ադրբեջանի հետ։ Մտել է մեր տարածքներ, քարոզչություն է անում, որ Հայաստանն Արևմտյան Ադրբեջան է։ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները ՀՀ-ի նկատմամբ»։

Արման Պետրոսյանի պաշտպան Կարեն Հակոբյանը իր պաշտպանյալին կալանավորելը համարում է անօրինական։  «Կալանավորել են, իբր խուլիգանություն կատարելու համար, բայց անձը ոչ մի խուլիգանություն չի կատարել։ Իմ գնահատմամբ ամբողջն անօրինական է, մյուս կողմը մեքենան վարել է քաղաքացիների նկատմամբ, իմ պաշտպանյալը փորձել է կանխել այդ հակաօրինական գործողությունը»,-ասաց նա։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest