Խոնավ բնակարանի երկու նեղլիկ սենյակների հատակին հազիվ է  17 հոգու համար տիկին Արմինեն անկողին բացում։ Ընտանիքն առաջաիկայում համալրվելու է մեկով՝ ծնվելու է 8-րդ թոռնիկը։ Տանը չկան մահճակալներ, սեղան, աթոռներ, կենցաղային անհրաժեշտ միջոցներ։

«Յոթ թոռներս են, տղաներս են, հարսներն են, աղջիկս է, փեսաս, ես ու ամուսինս։ Տեղավորվում ենք էլի, գետնին ենք քնում, գիշերը, որ գաք քայլելու տեղ չի լինի»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված Արմենուհի Պետրոսյանը և ցույց տալիս բնակարանի մի անկյունում խնամքով միմյանց վրա շարված անկողնային պարագաները, որ մի կին է նրանց տվել։

Մարտունուց Հրազդան է տեղափոխվել ընտանիքը։ Բնակարանը չունի բնակվելու համար նվազագույն պայմաններ, առաստաղից պարբերաբար ծեփեր են պոկվում, վտանգավոր  իրավիճակ է ստեղծվել յոթ անչափահաս երեխաների համար։ Ընտանիքում երկու հաշմանդամություն ունեցող անձ կա տիկին Արմենուհու որդին և ամուսինը։ Պետրոսյանների ապրուստի միակ միջոցը ՀՀ կառավարության տված դրամական աջակցություններն են, որը դեռ ընտանիքի բոլոր անդամներն ամբողջությամբ չեն ստացել, սակայն, այն չի բավարարում 17 հոգանոց ընտանիքին։

«Տուն հնարավոր չէ վարձել, վարձերը շատ թանկ են։ Մարտունիում տղաներս, ամուսին, հարսս աշխատում էին, այստեղ դեռ աշխատանք չեն գտել։ Այս տանն էլ դեռ վերանորոգման աշխատանքներ պետք է անեն, պատուհանների մի մասը չկա»,-ասում է նա ու ցույց տալիս տուն մտնող քամու ճանապարհը փակած ցելոֆոնապատ պատուհանները։

«Մահճակալ չունենք, սեղան-աթոռ չունենք։ Սննդի խնդիր կա, բայց դա մի կերպ լուծում ենք, մեզ լվացքի մեքենա է անհրաժեշտ, սառնարան, մի հատ փոքր սառնարան գնեցինք՝ 15 հազար դրամով, բայց լավ չի աշխատում։ Ինչ ասեմ, ասելու բան չկա, մեր ունեցածը, 40 տարվա դրած տունը թողել, եկել ենք»։

Ընտանիքի հայրը՝ Սեյրան Պետրոսյանը, երկրորդ կարգի հաշմանդամ է, չնայած նշում է, որ Արցախում աշխատում էր։ Այստեղ դեռ երիտասարդ տղաներն իրենց աշխատանք չեն գտել, հույս չունի, որ հարմար գործ կգտնի։ Հիշում է ծանր օրերը, թե ինչպես սկսվեց պատերազմն ու ինչպես լքեցին հայրենի քաղաքը։

«Գիշեր-ցերեկ ռմբակոծում էին, բոլոր բորձունքերը վերցրել էին, Մարտունին փոսի մեջ էր, էրեխեքը լացում էին, ահավոր վիճակ, շատ դժվար էր։ Այդ օրը սարսափելի էր մեր համար»,-ասում է Սեյրան Պետրոսյանն ու նշում, որ զոհեր ու վիրավորներ են եղել ոչ միայն զինծառայողների, այլ նաև խաղաղ բանակիչների շրջանում։

«Վեց զինծառայող է զոհվել։ Տանկը, որ խփել է ընկել է տան մեջ, վիրավոր ու զոհ է եղել։ Չեմ կարող ասել, թե քանի հոգի է զոհվել, բայց զոհ եղել է։ Հիմա չգիտեմ, թե այդ ընտանիքը որտեղ է, մենք ցրվել ենք։ Մանկապարտեզի կողքն էլ է ընկել սնարյադը, մի քանի տեղ ընկել է»,-ասում է նա։

Սեյրան Պետրոսյանն իրեն խաբված է համարում Արցախի կառավարության կողմից։ Ասում է՝ բազմիցս են վստահեցրել, որ մինչև 2025 թվականն Արցախում ապահով է, քանի որ այստեղ ռուս խաղաղապահներ կան, սակայն, վտանգի ժամանակ rուս զինծառայողները արցախցիների անվտանգությունը չեն ապահվել։

«Պատրաստ չենք եկել, մեզ խաբել են, մեզ կառավարությունն ասել է՝ ռուսը մինչև 2025 թվականն այստեղ է, հարյուր տոկոս արխային եղեք։ Գոնե մի ամիս առաջ ասեին, որ դուրս էինք գալիս, մի բան մեզ հետ կբերեինք։ Անկեղծ, ես ռուս խաղաղապահներին վստահում էի, բայց իրենք ոչ մի բան չարեցին։ Ռուսը ոչ մի բան չարեց, սեպտեմբերի 19-ին ինձ ասացին՝ ձեր անվտանգությունը մենք չենք ապահովի։ Չուզեցին, որ ուզեին, կանեին, եկան ասեցին դուրս եկեք»,-ասաց արցախցի տղամարդը։

Սոցիալական խնդիրները կլուծվեն, հույս ունի տիկին Արմենուհին, նա շնորհակալ է Աստծուն, որ որդիները դիրքերից ողջ-առողջ են վերադարձել։

«Դիրքերն ուղիղ մեր տան դիմացն էր, կանգնած նայում էի, հարևանն էլ դուրս է եկել ասում է՝ այդ դիրքում վեց զոհ ունենք, թուրքն էլ վերցրել է դիրքը։ Շատ ահավոր էր, տղաս՝ Արամը, այդ դիրքում էր։ Այդ օրն ընդհանրապես կապի դուրս չեկավ մեր հետ, գիշերը եկավ՝ ցեխոտ, թրջված, փոխվեց, էլի գնաց։ Հետո եկավ, եկանք Հայաստան»։

Ցանկության դեպքում ընտանիքին կարող եք օգնել սննդով, գումարով, գույքով, կենցաղային տեխնիկայով, հոգուստով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest