Արդեն 10-րդ անգամն է` ոստիկանները խոչընդոտում են հանրային-քաղաքական գործիչ, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր խորհրդի նախկին անդամ Սուրեն Սահակյանին Երևանի Մաշտոցի պուրակում վրան տեղադրել։ Օրերս վրանի տեղադրման փորձի ժամանակ ոստիկանները Սահակյանին ու ևս երկու քաղաքացու բերման են ենթարկել՝ նրանց տեղափոխելով ոստիկանական բաժանմունք։

Սուրեն Սահակյանը Forrights.am-ի հետ զրույցում ասում է՝ սկսել է քննարկումների անցկացման նախաձեռնություն, քանի որ իր խոսքով, երկիրը գտնվում է անելանելի խնդիրների առջև։

«Ինձ մոտիվացրել է անհանգստանալ մեր երկրի վիճակով, ոչ թե պատերազմի պարտությունը, այլ Ադրբեջանի վարած քաղաքականությունը՝ արևմտյան Ադրբեջան գաղափարով։ ՀՀ-ի արձագանքը ինձ համոզեց, որ մենք չենք կարող դիմակայել այդ սպառնալիքներին, Հայաստան պարզապես չի լինի, մի քանի տարի հետո, ՀՀ-ն կդառնան ինքնավար մարզ Ադրբեջանի կազմում»,-նշում է Սահակյանը՝ ընդգծելով՝ առաջնային է համարում ՀՀ-ի արտաքին քաղաքականության փոփոխությունը։

Նրա խոսքով, իշխանափոխություն ենթադրվում է, բայց դա նպատակ չէ, դա քայլերից մեկն է։ «Ես կարծում եմ, որ ՀՀ-ն պետք է փոխի իր արտաքին քաղաքականությունը, դառնա ինքնուրույն դերակատար, նոր դաշնակիցներ ձեռք բերի, որոնք կօգնեն բալանսավորել տարածաշրջանային ուժերը»,-ասում է Սուրեն Սահակյանը։

Քաղաքական-հասարակական գործիչը նշում է, որ այժմ նախաձեռնությունը ձևավորման փուլում է, տարբեր անձանց հետ քննարկումներ են տեղի ունենում՝ ընդհանուր հայտարարի գալու նպատակով։

«Նախկինում մենք խմբեր ունեինք՝ քաղաքացիականն հասարակություն, որոնք որևէ նախաձեռնության շուրջ կոնսենսուսի էին գալիս, մանիֆեստ հռչակում և իրականացնում գործողությունները։ Ոչ մի խնդիր չունեինք կազմակերպչական ներուժի հետ կապված։ Հիմա խմբերը քանդվել են, կեսը կառավարությունում է, կեսը՝ պատերազմից հետո կողմնորոշիչները կորցրել է, կեսը ընտանիք է կազմում և դրանից դուրս չի գալիս։ Մեզ պետք է կազմակերպչական ներուժ գեներացնել՝ մեր պլաններն իրականացնելու համար։ Հիմա ներուժ գեներացնելու փուլում ենք»,-հստակեցնում է նա։

Մաշտոցի պուրակում քննարկումներից հետո նախաձեռնության անդամները ցանկանում են վրան տեղադրել, շարունակական զրույցներ, քննակումներ ունենալ քաղաքացիների հետ, որը խոչընդոտում են ոստիկանության ծառայողները։

«Հերթական փորձն է վրան տեղադրելու, ոստիկանությունն անընդհատ խոչընդոտում է, չնայած դրան, մենք ներուժ գեներացնելու քննարկումներն իրականացնում ենք։ Այդ քննարկումներից հետո փորձում ենք վրան տեղադրել, բայց բերման ենք ենթարկվում։ Ոչ մի օրինական հիմք չկա թույլ չտալու»,-նշում է նա։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest