Արյան հետքերն առաջին են աչքի ընկնում ձյունապատ տարածքում։ Հետո ուշադրություն են գրավում կիսավեր դարձած շենքի կողքին կուտակված մահճակալի երկաթյա կտորները, որոնք սևացել են կրակից։ Փլուզված պատ, այրված տանիք, իսկ կենտրոնում գցված է ողբերգության պատճառ ներկայացված վառարանը։ Այս ամենը իրավապահները «փաթեթավորել են» ժապավենով և թույլ չեն տալիս լրագրողներին մոտենալ ծխացող շենքին, որից պարբերաբար փոքր չափի բեկորներ էր փլուզվում։
Այս տեսարանն է Ազատ համայնքում գտնվող ՊՆ զորանոց ծառայող տան փոխարեն։ Շինությունում, ըստ պաշտոնական վարկածի, հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մահացել են 15 ժամկետային զինծառայող, ևս 3-ը հիվանդանոցում են, նրանից մեկը սպա է։
Հրդեհի լուրը Ազատ համայնքում կայծակնային արագությամբ է տարածել։ Գյուղի բնակիչները, սակայն, բացահայտ դեպքի մասին խոսել չեն ցանկանում։ Նրանցից մեկն անանուն մնալու պայմանով նշեց, որ գիշերը խուճապային իրավիճակ է եղել, կրակը մեծ դժվարությամբ են հանգցրել։
«Հայաթից կրակը տեսա, գնացի։ Խուճապային իրավիճակ էր։ Վարդենիսից հրշեջ ջոկատը շատ արագ եկավ, բայց ձև չկար կրակը հանգցնելու, մի ջոկատ էլ Մարտունիից է եկել։ Մինչև ժամը 3-ը հրդեհը փորձում էին հանգցնել։ Շատ մեծ ցավ է»,-ասաց բնակիչներից մեկը։
Ժամկետային զինծառայողներից շատերը պետք է առնվազն 1-2 ամսից զորացրվեին։ Փոխարենը ծնողներն այժմ պետք է իրենց որդիների դին ԴՆԹ-ի միջոցով նույնականացնեն։ Մեզ հետ զրույցում բնակիչն ասած, որ տղաները մեծամասամբ անճանաչելի էին դարձել։ «Համ ծխահարվել են, համ այրվել են։ 13 հոգի անճանաչելի էին»,-ասաց նա։
Շինությունը, որը զինվորների համար զորանոց էր ծառայում, մի հին տուն է, որտեղ շուրջ մեկ տասնյակից ավելի է՝ որևէ մեկը չէր բնակվում։ Գյուղում ասացին, որ պատերազմից հետո զինվորներն այստեղ են տեղափոխվել։ Այսպիսի ևս մեկ շինություն էլ, որ կրկին զինվորների համար կացարան է ծառայում, գտնվում է գյուղի մեկ այլ հատվածում՝ կրկին անմխիթար պայմաններ։
Գյուղը, որտեղ մեկ գիշերում 15 զինվոր է մահացել, ունի ընդամենը 11 ընտանիք։ Ազատ գյուղ որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի այցելել, ոչ վարչապետը, ոչ պաշտպանության նախարարը, ոչ մեկ այլ ՔՊ-ական։ Մասնավորապես, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը մեկ ամիս առաջ հայտարարում էր, թե այնպիսի բարեփոխումներ են արել, որ զինվորների կյանքեր են փրկում։
ՊՆ-ն, եթե մի քիչ սրտացավություն ունենար զինվորի կյանքի նկատմամբ, ապա այնպիսի պայմաններ կստեղծներ, որ շինությունը գոնե երկու ելք ունենար։ «Պատուհանին երկաթից ճաղեր կար, զինվորները չեն կարողացել դուրս գալ»,-ասաց մեր զրուցակիցը։
Ազատ գյուղը թշնամու նշանառության տակ է։ Բնակիչներից մեկն էլ ասաց, որ պարբերաբար իր տրակտորը թիրախավորվում է թշնամու կողմից։
Դեպքից հետո քաղաքական հրաժարականներ չեն եղել։ Մինչ այս պահը հայտնի չէ՝ Սուրեն Պապիկյանն այցելե՞լ է վիրավորներին և զոհվածների ընտանիքներին։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։