Մայրը հերթական քիմիաթերապիան ստանալիս պարբերաբար փորձել է կապ հաստատել Ջերմուկում պատերազմող միակ  որդու հետ։ Ավտոմատով թշնամու ԱԹՍ-ների դեմ պայքարող Արամը մոր հետ ընդամենը  մի քանի րոպե է կարողացել խոսել։ «Ձայնից զգացի՝ տխուր է։ Ասաց մամ՝ ամեն ի՞նչ նորմալ է, ճառագայթը ստացա՞ր։ Ասաց՝ լավ հետո կզանգեմ…Եկա տուն պապայի հետ էր խոսում, ասեցի տուր ես էլ խոսամ։ Ոնց որ չկշտանայի իր հետ խոսելիս։ Ասաց՝ լավ մնացեք  ու էլ չզանգեց»։

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14:00-15:00-ի հատվածում,  ժամկետային զինծառայող Արամ Կիրակոսյանի և ծնողների վերջին հեռախոսազրույցն է եղել։ Մայրը՝ տիկին Քրիստինեն նշեց, որ որդին առաջնագծում է եղել, սեպտեմբերի 13-ին հեռախոսազրույցի ընթացքում որդու մոտ ական է պայթել։ «Ցերեկը զանգեց, ասաց՝ մամ, գիտես պատերազմ է, ասացի Արամ ջան զգույշ կլինես ու այդ պահին արկն ընկավ իրենց դիմացը, ասաց՝ մամ, էս անգամ փրկվեցինք»։

Մեկ օր անց Արամը զոհվել է ականի պայթյունից։ «Թիկունքից են խփել, մեջքն ամբողջությամբ սետկա էր եղել»,-ասաց Արամի մորական տատը՝ մանրամասնելով, թե դստեր որդին ու մյուս զինվորներն ինչ անպաշտպան վիճակում են գտնվել։  «Իրենք առաջին գիծ են եղել, մեծերից ոչ մեկ չի եղել, որ իրենց պաշտպանի, անփորձ էրեխեք են եղել։ Նաhանջ են տվել սաղ փախել են, բայց իրենց հետ մարդ չի եղել, ո՞ւր փախնեին, զոհվել են, թիկունքից են խփել։ Եթե մեծ լիներ հետները ճանապարհ ցույց կտային։ Իրենց ընկերներից մեկն ասում էր՝ ԱԹՍ-ներով խփում էին, չէինք հասցնում զենք հանեինք, մինչև վերջին փամփուշտը կրակել են, բայց վերևից թափում էր՝ արկերը, ԱԹՍ-ները, մենք այդ մի զենքով ի՞նչ պետք է անեինք»։

Արամը պատերազմից մի քանի ժամ առաջ է՝ սեպտեմբերի 12-ին, տագնապով բարձրացել  դիրքեր։ Հարազատներն ասացին, որ 7 օր Արամից որևէ տեղեկություն չեն ունեցել, Ջերմուկի զորամասի հրամանատարն ասել է, որ Արամն ու ընկերներն անհետ կորածների ցուցակում են: Ծնողները նրան ամենուր են փնտրել։ Մայրը պետական կառույցներից մեկում տեսել է զոհված որդու լուսանկարը, բայց վնասվածքների պատճառով չի ճանաչել։

Թշնամին Ջերմուկում դիրքերը գրավելիս գերեվարել է հայրենիքի պաշտպանության համար անմահացած տղաների մարմինները։ Սեպտեմբերի 20-ին Արամի դին փոխանցել է հայկական կողմին, մեկ օր անց՝ ընտանիքներին։ Արամը հուղարկավորվել է ծննդյան օրը՝ սեպտեմբերի 23-ին, Աշտարակ քաղաքում։

Մայրը միակ որդուց որևէ լուր չունենալով որոշել էր կատարել նրան տված խոստումը, գնալ Ջերմուկ և նշել Արամի ծննդյան օրը։ Ցավալի լուրը, սակայն, ավելի շուտ հայտնի դարձավ։

Արամի հայրն ու մայրը մյուս որդեկորույս ծնողների նման բազմաթիվ անպատասխան մնացած հարցեր ունեն։ Նրանց ևս չեն այցելել ոչ պաշտպանության նախարարությունից, ոչ էլ իշխանության որևէ ներկայացուցիչ։  «Ուզում եմ իմանալ՝ ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ էրեխեքին առանց զենքերի, առանց կասկաների, բռոնի ժիլետների հանեցին դիրքեր։ Իրենց ավտոն տրաքել է, իրենց իրերը մնացել են մեջը, նորը չեն տվել։ Էրեխուս տարան գլուխը կերան, հիմա ոչ մեկը ոչ գալիս ա, ոչ գնում է»,-ասաց մայրը։

Արամն Աշտարակ քաղաից էր։ Առողջական ծանր խնդիրներ ունեցող ծնողների միակ հույսը։ Որոշել էր բանակից գալ՝ 2023 թվականի մարտի 1-ին, ամուսնանալ և տուն կառուցեր։ Ընտանիքն այժմ բնակվում է հարազատներից մեկի տան մի հատվածում։ Արամի ծնողներն առջողջական խնդիրներ ունեն։ Մայրը քաղցկեղով է հիվանդ, հայրը՝ վիրահատված է, հեռացված է թոքի մի հատվածը։ Նրանք անաշխատունակ են։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները տեսանյութում՝

 

Pin It on Pinterest