«Դաժան օրեր էին, դաժա՜ն»,- ասում է բռնի տեղահանման ենթարկված Երվանդ Դանիելյանը՝ որդու և փեսայի նկարների կողքին նստած։ Երվանդի որդին՝ Էդուարդը և փեսան՝ Գրիշան, զոհվել են 2023-ի սեպտեմբերի 19-ի պատերազմի ժամանակ։ Էդուարդը «Եղնիկներում» էր ծառայում, Գրիշան՝ Օմարում։

«Եղնիկների Էդոն էր, սիրում էր ծառայությունը, դիպուկահար էր, ծառայությունը, որ ավարտեց որոշեց պայմանագրային ծառայության անցնել»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է հայրը՝ միաժամանակ հիշելով՝ ինչ ոգևորությամբ էր տղան անցել ծառայության։

Էդուարդը զոհվել է՝ իր դիրքից մյուս դիրք ընկերոջն օգնության հասնելու ժամանակ. «Դիրքերում կապը կորել է։ Էդուարդը գնացել է կողքի դիրք, որ ընկերներից տեղեկություն իմանա, բայց ԱԹՍ-ն նկատել է ու խփել»։

Ծնողները Էդուարդի հետ վերջին անգամ խոսել են սեպտեմբերի 18-ին։ Հայրը՝ Երվանդ Դանիելյանը, որը ևս զինծառայող է, դիրքերում գտնվելիս զգացել է, որ որդին զոհվել է։

«Ես զգում էի, որ տղաս չկա, մեր կամադիրին ասացի՝ տղաս էլ չկա, սիրտս զգում է, որ ինչ-որ բան եղել է։ Քիչ հետո խաբարը եկավ․․․»,-ասում է Երվանդ Դանիելյանն ու բառերը խեղդվում արցունքների մեջ։

Հայրը որդուն գտել է Մարտակերտի հիվանդանոցի նկուղում գործող դիահերձարանում. «Ասացին ահագին զոհ կա, բայց միայն Էդոն է ճանաչելի։ Հիվանդանոցի մեծը եկավ, ասաց՝ ում ծնողն այստեղ է տարեք, հուղարկավորեք, էրեխեքը իրենց տեսքից ընկնում են, տեղ էլ չկա, շատ վատ վիճակ է։ Ես ինձ չեմ կարողանում տիրապետել, քանի որ մեկ օր է արդեն տղաս այնտեղ էր»։

Երվանդ Դանիելյանն այնպիսի իրավիճակներ է նկարագրում, որոնք բարդ է անգամ պատկերացնել. «Դագաղ չկար, ոչ մի տեղ։ Եկանք գյուղ, տղաներն ասացին, որ տախտակ կգտնեն, դագաղ կսարքենք։ Առավոտյան գռուզավիկով այդ դագաղը վերցրեցինք, գնացինք հիվանդանոց»։

Հայրը տևական ժամանակ որդուն հուղարկավորելու որոշում չի կարողացել կայացնել, քանի որ հստակ չեն ասել՝ գյուղը լքելու են, թե՝ ոչ։ Ժամանակի ձգձգման պատճառով Երվանդ Դանիելյանը որոշել է որդուն հուղարկավորել։ «Որոշում կայացրեցի, որ տանելու եմ մեր գյուղի գերեզմանոցում պապայիս կողքը՝ իր պապիի մոտ դնենք։ Հաջորդ օրն իմացա, որ գյուղից պետք է դուրս գանք։ Գյուղապետի մեքենայով բարձրացա, որ Էդոյին հրաժեշտ տամ․ ասացի՝ Էդո, կներես, որ թողնում եմ, չեմ կարող տանեմ։ Խաբեցին ինձ, խաբեցին․․․ հրաժեշտ եմ տալիս ու դուրս գալիս»,-ասում է նա։

Մարտակերտի Մաղավուզ գյուղից տեղահանված Երվանդ Դանիելյանի ցավն անբացատրելի է։ Հայրենի գյուղից Նոր Արտամետ է կարողացել տեղափոխել միայն որդու լուսանկարները։

Երվանդ Դանիելյանն այժմ ապրում է այն հուսով, որ հնարավոր կլինի օր առաջ որդու դին Մաղավուզի գերեզմանատնից տեղափոխել Եռաբլուր զինվորական պանթեոն։ Նա արդեն յոթ ամիս է՝ այդ հուսով է ապրում կնոջ հետ՝ չներելով իրեն, որ որդուն թողել է թշնամու կողմից օկուպացված գյուղում։ Ասում է՝ եթե մի քանի ժամ շուտ տեղեկացնեին Արցախից բռնի տեղահանվելու մասին, որդուն այնտեղ չէր թողնի։ Նա ամեն օր սպասում է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն և Արցախի ներկայացուցչությունը որդու դին տեղափոխելու վերաբերյալ մի դրական նորություն կփոխանցեն։

«Հոկտեմբերից խոստանում են, որ կբերեն։ Կարմիր Խաչի միջոցով հետաքրքրվեցինք, ասացին՝ կբերենք։ Ես արդեն հուսահատվել եմ, ավելի լավ է՝ չասեին, որ բերելու էին, քան ասել են ու չեն բերում։ Կարմիր Խաչն է ասելու, որ բերելու են, մեկ էլ Արցախի ներկայացուցչությունում ասացին՝ արխային մնացեք, պայմանավորվածություն կա։ Մի քիչ թեթևացանք, որ հույս տվեցին, բայց արդեն յոթ ամիս է, ասում են՝ սպասեք»,-նշում է որդուն կորցրած հայրը։

Էդուարդի հորը փոխանցել են, որ բանակցություններն Ադրբեջանն է տապալում. «Չի թողնում, որ մտնեն, բերեն։ Մի անգամ էլ ասացին, որ ծնողներն էլ պետք է գնան, որ տեղը ցույց տան, որ ճիշտ լինի։ Հետո ասացին, որ Գուգլի քարտեզով ցույց պետք է տանք, որ բերեն, գնացինք, քարտեզով ցույց տվեցինք, թողեցինք, եկանք։ 10 օր առաջ էլ զանգեցին, ասացին՝ նորություն չկա»։

Նարեկ Կիրակոսյան

 

Pin It on Pinterest