Եղնիկների Ակին․ այսպես են դիմում կապիտան Արայիկ Մաթևոսյանին։ «Փոքր ժամանակ իր անունը չէր կարողանում ասել՝ Արայիկ, ասում էր Ակի»,-Forrights.am-ի հետ զրույցում պատմում է եղբայրը՝ Աբելը։

Արայիկ Մաթևոսյանը Եղնիկների նվիրյալներից է։ Ընտանիքն ասում է՝ անգիր գիտեր ամեն քար ու թուփ, որի պաշտպանության համար մեկ տասնամյակից ավելի պայքար է մղել։

«Այս աղբյուրը Մռով լեռից իջնող ջուր է, ամառ-ձմեռ գալիս է, չի կտրվում, ամենահամով ջուրն է, միշտ սա՜ռը»,- Արցախի շրջափակման ժամանակ է Ակին Մռովից իջնող աղբյուրի ջուրը նկարահանել ու տեսանյութն ուղարկել մայրիկին՝ Մարինե Մելքումյանին։ Տիկին Մարինեն այն միշտ պահելու է իր հեռախոսում։ Որդուց ստացած նման բազմաթիվ տեսանյութեր ունի՝ Արցախի անկրկնելի բնության մասին։

Արայիկը վերջին տարիներին մշտապես դիրքերում է եղել՝ մտահոգված զինվորների առօրյայով։ «Շրջում էր, տեսներ՝ զինվորները շրջափակման մեջ ինչի կարիք ունեն, որտեղից պետք է ճարեր, սննդի խնդիր կար։ Որս էր անում զինվորների ու գյուղերի բնակիչների համար։ Նկարելով ման էր գալիս ու ուղարկում ինձ»,- Forrights.am-ին ասաց մայրը։

Արայիկը զնվորականի ուղին է ընտրել դպրոցն ավարտելուց հետո՝ ընդունվելով ռազմական ինստիտուտ։ Ոգևորության հիմքում հոր մարտական ուղին է եղել։ Նա մասնակցել է արցախյան ազատագրմանը։ «Իր առաքելություն էր համարում հայրիկի զինվորական ուղին շարունակելը։ Հատուկ սրբությամբ էր մոտենում բանակին, զենքին և ռազմական գործին»,-ասում է եղբայրը։

2020 թվականին, երբ Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա Ակին Հայաստանում է եղել, դադարեցրել է արձակուրդն ու մեկնել առաջնագիծ։ «Առավոտ շուտ դուրս եկավ, հետո մենք իմացանք, որ պատերազմ է սկսվել։ Արդեն պարզ էր, որ Ակին պետք է իր տեղում լիներ»,-ասում է Աբելն ու նշում, որ նույն օրը ինքն ու հայրն էլ են կամավորագրվել և մեկնել ռազմաճակատ։ Արայիկը 44-օրյա պատերազմի ընթացքում մարմնական վնասվածքներ է ստացել, սակայն, բուժումը կիսատ թողնելով կրկին վերադարձել է առաջնագիծ։

«Ակին դեռ ամբողջովին չէր ապաքինվել, բայց ասաց՝ տղերքը մենակ են, ես  այնտեղ պետք է լինեմ»,-եղբոր խոսքերն է հիշում Աբելը՝ նշելով, որ եղբայրը հրաժարվում էր տեղափոխվել Հայաստան, ցանկանում էր ծառայել Եղնիկներում։

«Նոր էր ամսուսնացել, կինը հղի էր, բայց չէր ցանկանում տեղափոխվել։ Սկսվեց Արցախի բլոկադան՝ երեխայի ծնվելուց մի քանի օր հետո։ Նա այդպես էլ չտեսավ իր երեխային։ Մի անգամ հարցրեցի՝ էրեխուդ չե՞ս ուզի տեսնես, պատասխանեց՝ շատ եմ ուզում, բայց երեխաս ապահով է, իսկ այստեղի երեխաներին ո՞վ պետք է նայի։ Այդպես էլ մնաց լեռներում»։

Արայիկի հետ վերջին անգամ մայրն է խոսել՝ սեպտեմբերի 19-ին, երբ օրը փոխվում էր արդեն 20։ «Անհանգիստ էի, հետո ասացին, որ Եղնիկներում ուժեղ կռիվ է եղել, թշնամին շատ զոհեր է ունեցել, բայց մենք էլ ենք զոհեր ունեցել, լսել ենք, որ ամենաուժեղ հրամանատարը՝ Հայկը զոհվել է, հետո իմացա, որ հրամանատարն իմ տղան է։ Որ Ակի են ասել, չեն հասկացել ինչ անունից է առաջացել, Հայկ են գրել»,-պատմեց մայրը։

Ակիի դիրքերը Մռավ լեռան ճակատում են եղել, Աբելն ասում է՝ եղբայրը թշնամու սարսափն է եղել։ «Ակիի հանգստի սենյակի պատի վերևի հատվածում թշնամու կրակոցի տեղերն են։ Զինակիցներն ասում էին, որ ցանկանում էին իրեն ոչնչացնել, բայց երբ փամփուշտներն իրեն չէին կպնում թշնամու դիրքերը հիմնահատակ քանդում էր, դրանից հետո, երբ կանգնում էր թշնամին մի կրակոց չէր արձակում»։

Սեպտեմբերի 19-ին թշնամին ավիացիայով հարվածներ է հասցնում Արայիկ Մաթևոսյանի դիրքերից մեկին, տղաները զոհվում են։ «Եթե չեմ սխալվում մեկ հոգի է ողջ մնում։ Ակին շտապում է այդ դիրքը, հետևից գնում է զինվորներից մեկը՝ Էդոն, (Էդոն Էդուարդ Դանիելյանն է, որի մարտական ուղին Forrights.am-ը լուսաբանել է նախորդ տարի) հետևից վազում է, չնայած, որ ջղայնանում է, ասում է մի արի։ Ակին ու Էդոն հասնում են հիմնահատակ քանդված դիրք, փլատակները քանդում են, որ մարմինները դուրս բերեն, ավիացիան երկրորդ անգամ է հարվածում։ Երկուսն էլ զոհվում են»,-ասաց Աբելը։

Արայիկ Մաթևոսյանը հարվածից հետո ընդամենը մի քանի րոպե է ողջ մնում և այդ ժամանակն օգտագործում է մի բանի համար։ «Ակիի ծանր վիրավորվել է, շունչը փչելով կապի է դուրս եկել ու ասել՝ պատկարագը բարձրացրեք, մեզ այստեղից պետք է իջացնեք, արժանապատիվ ընդունել է իր անմահությունը»,-ասաց Աբելը։

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Աբել Մաթևոսյանը պարգևատրվել է «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով, «Ամբասիր ծառայության համար» առաջին աստիճանի մեդալով և Արցախի նախագահի հրամանագրով «Մարտական ծառայություն» մեդալով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest