ՀՀ կառավարությունը դեռ լուծում չի տվել մինչ 2023 թվականի սեպտեմբեր ամիսը Արցախից տեղահանվախ քաղաքացիների սոցիալական խնդիրներին։ Նրանք որևէ աջակցություն չեն ստանում։ Forrights.am-ի խմբագրություն է ահազանգել Արցախից տեղահանված Իննեսա Հովհաննիսյանը՝ նշելով, որ բազմանդամ ընտանիքը հայտնվել է սոցիալական ծանր կացության մեջ։

Ընտանիքում երեք անչափաս երեխա են և Իննեսան ու ամուսինը։ Նրանք հիմա բնակվում են Ճամբարակ քաղաքում։ Կանգնել են բնակվարձի վճարման խնդրի առջև։ «Ես բարձրագույն կրթություն ունեմ, բայց ասել եմ խանութում էլ կաշխատեմ, աշխատանք չեն առաջարկում։ Երեք ամիս է տան վարձն ու կոմունալները չեմ վճարել։ Անչափահաս երեխաներ ունեմ, ամեն օր խանութից կաթ եմ գնում»,-ասում է Իննեսան և նշում է, որ արդեն 100 հազար դրամի խանութներից մեկում պարտք են կուտակել։

Ընտանիքը բնակություն է հաստատել Քաշաթաղի շրջանի Գանձակ գյուղում՝ վերաբնակեցման ծրագով, ապրել են մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը։ Իննեսան գյուղի դպրոցում կենսաբանություն է դասավանդել։  Երբ Քաշաթաղն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո տեղափոխվել են Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղ։

«Մենք բլոկադայից 15 օր առաջ ենք Արցախից դուրս եկել, քանի որ ամուսնուս պետք է վիրահատեին, վիրահատությունից հետո արդեն ճանապարհը փակ էր, չկարողացանք հետ գնալ։ Մտածում էի՝ ճանապարհը կբացվի, կկարգավորվի, հետ կգնանք, բայց մնացածն էլ դուրս եկան»,-ասում է նա և ավելացնում․

«Ամուսինս պատերազմի մասնակից է, ոտքը վիրավոր է։ Երեխաներից մեկը Ճամբարակում մանկապարտեզ է գնում, մեկը երեք տարեկան է, փոքրն էլ երեք ամական է»,-ասում է բազմազավակ մայրը և նշում, որ ամուսինը՝ Վանո Գրիգորյանը, վնասվածքներ է ստացել Շուշիի մատույցներում։

Բազմանդամ ընտանիքին երբեմն Ճամբարակի քաղաքապետարանն է սննդի օգնություն տրամադրում։ «Եթե դա էլ չտան, կարող է գաք տեսնեք, որ սովից ընկել ենք»։

Ընտանիքի միակ եկամուտը ՀՀ-ում ծնված երրորդ երեխայի համար տրվող 50 հազար դրամն է։ «Պատքերից մեկին հինգ հազար ենք տալիս, մեկին՝ տասը հազար, յոլա ենք գնում։ Սոցապին ասում եմ՝ լավ աջակցություն չեք տալիս, գոնե օգնեք աշխատանք գտնեմ, դա էլ են մերժում։ Ամուսինս այդ վիճակով գնացել բանվորի աշխատանք է խնդրել, դա էլ չեն տալիս»,-ասում է նա։

Իննեսայի փոխանցմամբ՝ տեղահանվելուց հետո Հայաստանի կառավարությունը միանվագ 300 հազարական դրամ է հատկացրել,  այնուհետ չորս ամիս  68 հազար դրամներ և բնակվարձեր, որն, ըստ Իննեսայի, վերջինը ստացել են 2023 թվականի սեպտեմբերին։

Չնայած Իննեսայի՝ աջակցություն ստանալու պնդումներին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Forrights.am-ին փոխանցեցին, որ ընտանիքը հաշվառված չէ ոչ 2020, ոչ էլ 2023 թվականների տեղահանվածների ցուցակներում։ «Այս պահին նախարարությունը քննարկում է նման դեպքերում լուծման այլընտրանքային տարբերակ»,-հայտնում են գերատեսչությունից՝ չհստակեցնելով, թե երբ խնդիրը լուծում կստանա։

Մինչ այդ Forrights.am-ն ակնկալում է սրտացավ անձանց և բարերարների աջակցությունը՝ ընտանիքին օգնելու համար։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest