2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում Հադրութում 73 զինծառայողից կազմված վաշտի զոհվելու հանգամանքների վերաբերյալ քրեական գործը երկար ճանապարհ անցնելով հասել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան (Շենգավիթ նստավայր), սակայն արդեն երրորդ նիստն է՝ հետաձգվում է։ Զոհված 73 զինծառայողի հարազատներին, որոնք տուժողների իրավահաջորդներ են, հուլիսի 11-ին նիստի հետաձգումը վրդովեցրել էր։

«Ինֆարկտի են հասցնում ծնողներին։ 73 տղու արյան գնով ապրում են, ազատորեն ման են գալիս, դատավորն էլ երեխեքի ծնողներին ասում ա՝ դու սուս մնա։ 73 տղու սպանել են ու հիմա ազատ ոճով գալիս-գնում են, մի հատ էլ իրանց պատճառով որոշում են դատեր հետաձգում», -Forrights.am-ին ասում է Հադրութում զոհված 73 զինծառայողներից Ալիկ Հախվերդյանի հայրը՝ Դավիթ Հախվերդյանը։

Այս քրեական գործը, հիշեցնենք, դատարան էր ուղարկվել դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին, սակայն մի քանի ամիս շարունակ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (Գորիսի նստավայր) չէր կարողանում նիստ կազմակերպել:

Սկզբում դատական նիստերը հետաձգվում էին, քանի որ տուժողները, որոնք հիմնականում Երևանից ու երևանամերձ տարածքներից էին, չէին կարողանում հասնել Գորիս։ Սակայն ավելի ուշ նիստերը հետաձգվում էին Հայաստան-Արցախ միակ ճանապարհի փակ լինելու հետևանքով։ Այս գործով դատավորը Վահե Ջիվանյանն էր, որը Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից է, և ճանապարհը փակ լինելու պատճառով չէր կարողանում հասնել Գորիս։

Այժմ քրեական գործը տեղափոխվել է Երևան, և քննությունն իրականացնելու է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը։ Այստեղ էլ գործի ճանապարհը հարթ չի եղել․ սկզբում գործը մակագրվել է դատավոր Սամվել Յուզբաշյանի վարույթ, սակայն դատավորը անմիջապես ինքնաբացարկ է հայտնել, քանի որ նախկինում իր դատախազական գործունեության ընթացքում ծանոթ է եղել նախաքննությանը և գործի վերաբերյալ ունի սուբյեկտիվ գնահատական։

«Դատախազական գործունեության ընթացքում ինձ ոչ միայն հայտնի են դարձել քրեական գործի վերաբերյալ փաստական տվյալներ, այլ ունեցել եմ դիրքորոշում դրանց վերաբերյալ: Ուստի, արձանագրելով, որ որոշակի փաստերի վերաբերյալ ունեմ սուբյեկտիվ գնահատական, գտնում եմ, որ չեմ կարող առաջարկել բավարար երաշխիքներ՝ բացառելու անկողմնակալության հետ կապված որևէ օրինական կասկած, հետևաբար, այս գործով անհրաժեշտ է կայացնել ինքնաբացարկ հայտնելու մասին որոշում», -նշել է դատավորը իր որոշման մեջ:

Յուզբաշյանի ինքնաբացարկից հետո Հադրութում 73 զինծառայողների մահվան հանգամանքների վերաբերյալ քրեական գործը փոխանցվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթ, և դատավորը չնայած խոստումներին, որ նիստերը անհարկի չեն հետաձգվի, առանց տուժողների դիրքորոշումը հարցնելու հուլիսի 10-ի նիստում որոշել է հետաձգել նիստը՝ մեղադրյալի պաշտպանի բացակայության հիմքով։

«Այդ նիստը այնքան տհաճ ու այնքան ցավալի էր, որ ծնողները շատ էին վրդովել։ Նույն դատավորը վերջին անգամ խոստացել էր անել ամեն ինչ, որ դատական նիստերը անհարկի չհետաձգվեն», -Forrights.am-ի հետ զրույցում ասում է 73 զոհված զինծառայողներից Էդուարդ Ղազարյանի մայրը՝ Նատալյա Պապանյանը։

Այս գործով մեղադրյալները երկուսն են՝ Մարտունի 3-ի հրամանատար Գոռ Իշխանյանը և Նվեր Մարտիրոսյանը: Վերջինը ի դեպ, պատերազմից հետո 2021-ի օգոստոսին նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ։

Նրանք երկուսն էլ մեղադրվում են ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու համար, ինչի հետևանքով անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նվեր Մարտիրոսյանի ներկայացուցիչը, որը Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբաններից է, չէր ներկայացել դատին։ Նրան նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հարցրել է՝ դեմ չէ՞ որ առանց պաշտպանի շարունակվի նիստը, վերջինը ասել է, որ դեմ է ու այդ հիմքով էլ Գաբրիելյանի որոշմամբ նիստը հետաձգվել է։ Հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 10-ին։

«Հրամանատարը՝ Գոռ Իշխանյանը, Հադրութը գրաված, հանում ա, էրեխեքին ուղարկում թուրքի «յաշմայի» դեմ։ Ոչ մեկ էրեխեքին չի դիմավորել, ոչ էլ ՀՕՊ-ն ա աշխատել։ Իրեն ասում ենք՝  դու գեներալ մարդ ես, ո՞նց ես 20 օրվա ծառայող էրեխեքին հանում, ուղարկում։ Ոչ մի բան չեն կարողանում խոսել։ Մեկն ասում ա՝ դե մեզ չեն ասել, մյուսն ասում ա՝ ես չգիտեի։ Ինչի անտերանոց ա՞։ Բա ինչի՞ էիք ուղարկում։ Իմ համար բոլորն էլ դավաճան են, բոլորը։ Հենց առաջին մեքենային խփում են, հետևի մեքենաներից դուրս են գալիս էրեխեքը ու սկսում կռվի մտնելը։ 8-10 ժամ կռիվ են տալիս, զանգում են, կանչում, ոչ մեկ օգնության չի գնում։ «Հեսա կհասնենք, հեսա կհասնենք», մինչև հիմա էլ հասնում են։ Ամբողջ  ապառազինությունը վերջանում ա, էրեխեքն էլ տենց մնում են շրջափակման մեջ», -Forrights.am-ին պատմել էր Ալիկ Հախվերդյանի հայրը։

73 զինծառայողները Հայաստանի տարբեր մարզերից են, և այժմ նրանց ծնողները, հարազատները ամեն ջանք գործադրում են, որ դատական նիստերի նշանակված օրը ներկա լինեն դատարանում, սակայն տարբեր անհեթեթ պատճառաբանություններով նիստերի հետաձգումը վրդովեցնում է նրանց։ Մտածում են նույնիսկ՝ դատական համակարգը ձևականություն է դրսևորում և ամենևին էլ տրամադրված չէ արդարության հաստատմանը։

Նատալյա Պապանյանն ասում է՝ տուժող կողմը, այսինքն՝ իրենք, սպասում էին, որ դատավորը կհետաքրքրվի, թե ինչ դիրքորոշում ունեն իրենք։ Սակայն այդպես չի եղել․ «Դատավորը հայտարարեց, որ հետաձգում են, քանի որ պաշտպանը չկա, նույնիսկ խոսքի իրավունք չտվեցին տուժողների իրավահաջորդներին։ Դատավորը նույնիսկ չնայեց մեր կողմը, արհամարական վերաբերմունք էր, իրար մեջ խոսեցին, պայմանավորվեցին ու վերջ՝ հետաձգվեց։ Սովորական մարդու հետ չի կարելի նման կերպ վարվել, ուր մնաց պատերազմում զավակ կորցրած ծնողների։ Ես հասկացա, որ ձևական բնույթ էր կրում էս ամենը»։

Հասմիկ Համբարձումյան

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest