Խաչատրյանների ընտանիքը 2019 թվականին Հայաստանից տեղափոխվել է Արցախ, Մարտակերտի Մոխրաթաղ գյուղ ու հաստատվել այնտեղ, սակայն 2023-ի սեպտեմբերին ստիպված են եղել թողնել տուն-տեղ, անասնաֆերման ու ամբողջ հարստությունը և բռնի տեղահանվել Հայաստան։

«37 հազար դոլարի ունեցվածք ունեինք, 6-7 տարի զրոյից տուն ստեղծեցինք, կով ունեցել ենք, ոչխար ունեցել ենք, խոզ ունեցել ենք, ինկուբատոր ունեցել  ենք։ Իմ տան փոքր երեխեն որ զարթնել ա, աշխատել ա», -ասում է Աղավնի Խաչատրյանը։

40-ամյա Աղավնին 6 երեխա ունի՝ 5 տղա, մեկ աղջիկ, որոնցից միայն մեկն է չափահաս։ Բազմանդամ ընտանիքն անցել է Արցախի շրջափակման ծանր ու հետո բռնի տեղահանման մղձավանջային օրերի միջով։ «Մի օր տունը աման էի լվանում, մեկ էլ կրակոցներ եղան, բայց շուտ դադարեցին։ Հաջորդ օրը դրանք ավելի շատ եղան, սեպտեմբերի 19-նն էր։ Էլի հույս կար, որ կդադարեր։ Գոնե սովին ու ամեն նեղության համաձայն էինք, մենակ էդ կռիվը դադարի։ Բայց չէ, ի՞նչ դադարել․ մեր գյուղապետը հայտարարություն տարածեց, որ ժողովուրդ, գյուղը լքում ենք։ Դա մեզ համար շատ ծանր էր», -արցունքները չի զսպում Աղավնին։

Սկսել են տեղահանման պատրաստությունը անսարք վիճակում գտնվող երեք մեքենաներից մեկը հազիվ աշխատացրել են, մի կերպ բենզին գտել ու ճանապարհ ընկել․ «Աստծո հույսին ճանապարհ ընկանք։ Շատ վատ մեքենա էր, երկար ճանապարհ չէր գնում, հույս չունեինք, որ տեղ կհասնենք, բայց Աստված մեզ օգնեց, հասանք Ստեփանակերտ։ Ստեղ մի կերպ բենզին գտանք ու նորից ճանապարհ ընկանք։ Շարժվել ենք անհույս, շատ վատ վիճակում ու սոված։ Մի քիչ կարտոշկա էինք վերցրել, մտածում էինք՝ ճանապարհին կկանգնենք, մի բան կսարքենք, ուզեցինք ձեթ գտնել, վերջին պահին մի շիշ ձեթը մեր վրա 3000 դրամով ծախեցին»։

Կինը հիշում է՝ երբ հեռանում էին գյուղից, վերջին պահին տարածքը լցվել է ադրբեջանցիներով։ Ասում է՝ չեն նեղացրել, բայց հեգնել են, հայհոյախառն արտահայտություններով ծաղրել հեռացող արցախցիներին։

«Մուզիկան միացրած մեզ ձեռ էին առնում, որ յանի գնացեք, հաջող ձեզ։ Ձեռքերի զզվելի շարժումներ էին ցույց տալիս։ Մենք ուշադրություն չենք դարձրել ու երեխեքին էլ ասել ենք՝ հանկարծ պատասխան ձեռքեր ցույց չտաք։ Երեխեքին ասեցի՝ պատասխան հայհոյանք որ ցույց տաք, մեզ համար ոչ մեկ պատասխան չի տալու», -ասում է Աղավնի Խաչատրյանը։ Ամենատհաճը Հակարիի անցակետն անցնելն է եղել․ «Չար հայացքով ընենց էին նայում․․․ամուսնուս ու տեգորս իջացրել են, զենքերը պահել մեքենայի վրա, երեխեքն էլ մեջը։ Ստուգեցին տղամարդկանց ու բաց թողեցին։ Հենց անցակետն անցանք, ես հանգստացա»։

Երկար փնտրտուքներից հետո ընտանիքն այժմ հաստատվել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում։ Պետության ֆինանսական 50 հազար դրամ օժանդակությունից ընտանիքից միայն երկուսն են ստանում, մայրը հինգ երեխաների հետ պետական որևէ աջակցություն չի ստանում։  Հայաստանից Արցախում վերաբնակեցված լինելու հետևանքով այժմ բռնի տեղահանված ընտանիքը փախստականի կարգավիճակ չի կարողանում ստանալ․ «Հայաստանում ենք ծնվել, տեղափոխվել վերաբնակվել ենք Արցախում, հիմա էլ ստիպված եկել ենք, ու մեզ փախստականի կարգավիճակ չեն տալիս։ Ասում են Արցախը մեր ծննդավայրը չի։ Եկել ենք հիմա էլ սահմանագոտում ենք ապրում, ոչ էլ նպաստ են տալիս»։

Տարբեր անհատներից ու կազմակերպություններից տան գույք են ստացել, իսկ գյուղապետարանը նրանց 300 հազար դրամ գումար է հատկացրել՝ ընտանի կենդանիներ գնելու համար։

«Առել ենք ոչխարներ որ որոշել ենք էլի զբաղվել գյուղատնտեսությամբ։ Մենք տնտեսություն սիրող, աշխատող մարդիկ ենք, հաստատվել ենք ստեղ, ապրելու ենք ինչքան որ հարկն ա, երեխեքին մեծացնելու եմ ստեղ։ Հուսով եմ՝ էս անգամ էլ հուսախաբ չեմ ըլնի», -ասում է Աղավնին։

Նրան անգամ չի մտահոգում, որ իրենց տնից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա ադրբեջանական դիրքերն են․«Բա ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ, ասա՛։ Ո՞ւր գնամ, ո՞նց պահեմ էս երեխեքին։ Ինձ օգնել են մարդիկ, ու չեմ ուզում հուսախաբ լինեմ»։

Հասմիկ Համբարձումյան

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութի և լուսանկարների հեղինակ Ռուզաննա Քոչարյան

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest