Պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետը չի ընդունում Հայաստանի քննչական կոմիտեի առաջադրած մեղադրանքը այն մասին, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում հիվանդության սիմուլյացիա է դրսևորել։

«Ասում են՝ պատերազմի ժամանակ ինքնավնասում է կատարել ու սիմուլյացիայի արդյունքում փորձել է խուսափել մարտական գործողություններին մասնակցելուց։ Իմ պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում», -Forrights.am-ին ասում է գնդապետի փաստաբան Գարիկ Գալիկյանը։

Այս քրեական վարույթի մասին քննչական կոմիտեն հայտարարել է երեկ՝ ապրիլի 18-ին, տեղեկացնելով, որ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստեր են ձեռք բերվել այն մասին, որ պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետը ռազմական դրության պայմաններում՝ 2020թ. հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում, հիվանդության սիմուլյացիա է դրսևորել։

Ըստ աղբյուրի, ստացիոնար բուժում չպահանջող առողջական խնդրի պայմաններում նա 23 օր ստացիոնար բուժում է ստացել բժշկական հաստատությունում, որը հանգեցրել է վերջինիս կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն։

Գալիկյանի խոսքով, քրեական վարույթի մանրամասներ առայժմ չեն ներկայացնելու, «ճիշտ չէ շատ ավել բաներ ասել»։ Մեղադրանքը չի ընդունում, քանի որ ըստ փաստաբանի, քրեական վարույթի համար հիմք հանդիսացող տվյալները իրական չեն։

«Իմ պաշտպանյալը մեղքը չի ընդունում, որովհետև ինքը նշում է, որ այն, ինչը ըստ էության հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման մեջ շարադրված է, իրականությանը չի համապատասխանում։ Առավել ևս, նշում է, որ ինքնավնասում չի կատարել։ Պատճառաբանում են, որ իբր թե ինքը այդ քայլին է դիմել, որ պատկի հոսպիտալ, չմասնակցի պատերազմին։ Բայց ինձ համար անհասկանալի է՝ եթե անձը դիմում է բժշկի, և բժիշկն ասում է՝ պետք է ստացիոնար բուժում ստանալ, անձը ի՞նչ պետք է աներ»,-ասում է փաստաբանը։

Քրեական գործի նախաքննության շրջանակներում դատաբժշկական փորձաքննություն է իրականացվել, և արդյունքները արդեն հայտնի են։ Ըստ Գարիկ Գալիկյանի, գնդապետի ցուցմունքներն ու փորձագետի տված եզրակացության արդյունքները համադրվել են, և մեծ տարբերություններ չկան։

Գնդապետի մյուս փաստաբան Արմինե Ֆանյանը Forrights.am-ին ասում է՝ իրենց պաշտպանյալի առողջական վիճակի վերաբերյալ ախտորոշումը տվել են հենց բժիշկները: «Նա ունեցել է գլխուղեղի ցնցում, 3-րդ աստիճանի խորը այրվածքներ, որոնց մասին կա տեսանյութ, և փորձաքննության արդյունքներն էլ ասում են, որ այդ այրվածքները նա կարող էր ստանալ մեքենայի յուղի տաքությունից: Կան վկաներ, որ հաստատում են՝ այդ տարածքում արկի պայթյունի հետևանքով  մեքենայի այրվելու մասին»,-հավելում է Ֆանյանը:

Ավելին, նրա խոսքով, բարձրաստիճան սպան նույնիսկ չի ցանկացել մնալ հոսպիտալում և ամեն կերպ փորձել է դուրս մնալ հսկողությունից, գնալ մարտի դաշտ:

«Սա չապրող մեղադրանք է, աբսուրդային է նման մեղադրանքով քրեական վարույթ հարուցելը», -նշում է Արմինե Ֆանյանը:

Այդուհանդերձ, բարձրաստիճան սպային մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 5-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի 3-րդ մասին)՝ «պատերազմի ժամանակ զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու) եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը»: Ըստ Քրեական օրենսգրքի, նման արարքի համար սահմանվում է պատիժ՝ ազատազրկում 5-10 տարի ժամկետով։ Դատարանի որոշմամբ գնդապետը կալանավորվել է երկու ամսով։

Պաշտպանական կողմը առայժմ չի հրապարակում՝ ով է իրավապահների թիրախում հայտնված գնդապետը։ Սակայն հայտնի է, որ նա շուրջ 24 տարի զինվորական ծառայության մեջ է։ Գնդապետը ապրել, ծառայել է Արցախում, ակտիվորեն մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Այդ օրերին եղել են տեղեկություններ, որոնց համաձայն, գնդապետը վիրավորվել է ու բուժում ստացել «Մուրացան» հոսպիտալում։ Բարձրաստիճան սպայի եղբայրները նույնպես զինվորական են:

Հասմիկ Համբարձումյան

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest