Առողջապահության նախկին փոխնախարար, Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի պաշտպանական թիմը անհիմն ու նույնիսկ աբսուրդային է համարում Սիմոնյանին Հակակոռուպցիոն կոմիտեի առաջադրած մեղադրանքը։ «Մենք բազմիցս փորձեցինք հասկանալ, պահանջել պարզաբանում՝ ինչպես է տեղի ունեցել պաշտոնեական դիրքի չարաշահում, Սիմոնյանը ի՞նչ պետք է աներ, որ չի արել կամ ինչ է արել, որ չպետք է աներ։ Ըստ էության, վարույթն իրականացնող մարմինը ոչ մի կերպ չի մեկնաբանում՝ ինչպես է դրսևորվել պաշտոնեական դիրքի չարաշահումը», -Forrights.am-ին ասում է Գևորգ Սիմոնյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։

Մարտի 10-ին ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում։ Այնուհետև նա ձերբակալվել էր, իսկ ավելի ուշ՝ կալանավորվել։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի՝ Գեւորգ Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: Նրա հետ միասին այս քրեական վարույթով անցնում են ևս 10 բուժաշխատողներ։

Հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է՝ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն կլինիկ»-ի տնօրեն Բաբկեն Շահումյանի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Շահումյանը հափշտակել է 119 միլիոն դրամ։

«Բերել են ինչ-որ հիվանդությունների պատմություններ, որ մարդիկ քովիդի թեթև ընթացք են ունեցել, բայց պառկել են ռեանիմացիայում։ Աբսուրդային է այս ամենը։ Ասում եմ՝ լավ, այդ ամենից զատ կոնկրետ Սիմոնյանի վերաբերյալ մեկ տեղեկություն ներկայացրեք դատարանին։ Փորձում են տրամաբանական շղթա կազմել, ասում են՝ եթե քավոր-սանիկական հարաբերություններ կան, ուրեմն պետք է Սիմոնյանը օգնած լիներ։ Չեմ կարծում, թե դա ողջամիտ է», -վարույթն իրականացնող մարմնի գործողությունների մասին ասում է Խաչատրյանը։

Նա համոզված է՝ Սիմոնյանի և Շահումյանի միջև որևէ համաձայնություն չի եղել։ Ավելին՝ փաստաբանի խոսքով, Սիմոնյանը քովիդի դեմ պայքարի գծով համակարգող նշանակվել է այն ժամանակ, երբ  «Մեդլայն կլինիկ» ընկերությունը արդեն իսկ իրականացնում էր քովիդով հիվանդների բուժումը։

«Այսինքն՝ այդ կլինիկան Սիմոնյանի միջոցով չի ներգրավել այդ գործընթացում, ոչ էլ Սիմոնյանը երբևէ թողտվություն կամ հովանավորչություն է կատարել։ Նույնիսկ մեղադրանքում որևէ բան նշված չէ, որ Սիմոնյանը այս կամ այն կերպ չարաշահում է թույլ տվել։ Ձևակերպումներում մեկ այլ կարևոր խնդիր կա․ ասում են՝ պաշտոնեական դիրքն է չարաշահվել, որի արդյունքում հափշտակվել է։ Առաջին հայացքից մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ Գևորգ Սիմոնյանը այդ գումարների հետ առնչություն ունի, բայց հավատացնում եմ, որ նրա կողմից գոնե մեկ դրամ յուրացնելու կամ ինչ-որ մարդկանց հետ համաձայնությամբ ու խարդախությամբ հափշտակելու մասին մեղադրանք առաջադրված չէ։ Անորոշ ձևակերպումներ են օգտագործել հակակոռուպցիոն կոմիտեում», -ընդգծում է փաստաբանը։

Նախաքննական մարմնի գործողություններում մյուս կարևոր խնդիրը, որ մատնանշում է փաստաբանը, մինչև մեղադրանք առաջադրելը Սիմոնյանին հարցաքննության չհրավիրելն է։

Այս փաստին, ի դեպ, անդրադարձել էր նաև առողջապահության նախկին նախարար, այժմ պատգամավոր Արսեն Թորոսյանը, որը տարօրինակ էր համարել, որ ոչ ինքը, ոչ էլ իր տեղակալ Գևորգ Սիմոնյանը չեն հարցաքննվել։

«Վարույթի ընթացքում տեղի ունեցած տարօրինակ երևույթները առիթ են տալիս կասկածելու դրա անաչառությանը: Վարույթի ընթացքում հարցաքննվում են կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող բժշկական կենտրոնների բազմաթիվ տնօրեններ, առողջապահության նախարարության բազմաթիվ պաշտոնյաններ, բժիշկներ, պացիենտներ: Տարօրինակը այն է, որ մինչ օրս չեն հարցաքննվել ո’չ նախորդ նախարարը, այսինքն ես, ո’չ գործող նախարարը (իմ ունեցած տեղեկություններով): Իմ բազմաթիվ փորձերը հասնելու նրան, որպեսզի ինձ նույնպես հարցաքննեն, ապարդյուն են մնացել, և ես այստեղ միտում եմ տեսնում, քանի որ իմ հարցաքննությունից հետո այն մտացածին թեզը, որ ինչ-որ մեկը դիտավորությամբ չի կատարել իր պարտականությունները, ընդհանրապես ի չիք կդառնար: Չէ որ Կոմիտեի տարածած հայտարարության մեջ նշված երկու հրամաններն էլ արձակվել են իմ կողմից և ինձնից ավելի լավ ոչ ոք չէր կարող իմանալ դրանց արձակման թե’ նպատակները, թե’ տրամաբանությունը:», -տարածած հայտարարության մեջ նշել էր Արսեն Թորոսյանը։

Հարցին, թե այդ պարագայում՝ ի՞նչն է հիմք եղել Սիմոնյանին կալանավորելու համար, արդյոք նրա դեմ ցուցմունք եղել է, Խաչատրյանն արձագանքում է․ «Մենք հենց դա էինք ցանկանում տեսնել նյութերում, որ ցուցմունքներ կան, որ խոսում են գոնե այն մասին, որոնց Գևորգ Սիմոնյանը հնարավոր է առնչություն ունենար։ Բայց չենք հայտնաբերել նման ցուցմունք․․․Այդ պատճառով Սիմոնյանը իր հարցաքննության ընթացքում վարույթ իրականացնող մարմնին հայտնել է, որ եթե կան անձինք կամ անձ, որ իմ դեմ ցուցմունքներ են տվել, միջնորդում ու պահանջում է կազմակերպել առերես հարցաքննություններ։ Առերեսումներ չեն եղել, ինչը տեղիք է տալիս ենթադրելու, որ Գևորգ Սիմոնյանի դեմ ցուցմունքներ առհասարակ չկան»։

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը պաշտպանը երեկ է ստացել, ուսումնասիրելու են և համակողմանի բողոք ներկայացնեն Վերաքննիչ դատարան։

«Մենք մեր բոլոր դիտարկումներում, ցուցմուքններում, մեր բողոքներում արտացոլելու ենք անհիմն մեղադրանքի ու կալանքի մասին մեր փաստարկները։ Բացառապես իրավական պրոցեսներով հասնելու ենք Գևորգ Սիմոնյանի արդարացմանը։ Այս պահին մեր դիրքորոշումը սա է», -ասում է փաստաբանը։

Հասմիկ Համբարձումյան

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest