60-ամյա Կամո Առաքելյանը Ստեփանակերտի Վ․ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի դերասաններից էր, բայց այժմ գամված է անկողնուն․ բազմաթիվ վիրահատություններից հետո նրա երիկամներից մեկը չի աշխատում, մարմնից խողովակներ են կախված, ոտքերն այտուցված են, չի կարողանում քայլել։

«Ստեփանակերտի թատրոնում աշխատանքի ընդունվել եմ խորհրդային բանակում ծառայությունից հետո՝ 1985 թվականին, սկզբում եղել եմ սկսնակ դերասան, հետո դարձել եմ երկրորդ կարգի դերասան։ Գնում էի թատրոն, գալիս էի տուն, թատրոնի պատմության ու արտասահմանյան գրականության դասաժամեր էլ ունեի, դասավանդում էի», -իրեն ներկայացնելիս Forrights.am-ի հետ զրույցում ասում է Կամո Առաքելյանը։

Երիտասարդ տարիքի լուսանկարները հուշում են՝ վայելչակազմ, գեղեցկադեմ, խիստ հայացքով տղամարդ է եղել Կամոն։ Սկզբում Արցախի շրջափակման, այնուհետև 2023-ի սեպտեմբերի 19-ից սկսած տեղահանման տանջալից օրերը մաշել են Կամոյին։ Անցյալից մնացել են նրա փոքր, բայց փոս ընկած սև աչքերը, որոնք անցյալի դրվագները հիշելիս մեկ-մեկ ժպտում են։

Կամո Առաքելյանը այն միակ արցախցին է, որը տեղահանման հոսքի մեջ չի ընկել ու 13 օր միայնակ անցկացրել է տանը՝ Ստեփանակերտի Համո Սահյան փողոցում։ «Մտածում էի՝ մեկ ա հետ ենք գալու, ինչ գնամ», -ասում է Կամոն։ Սնվել է բակի ծառերի խնձորներով, ընկույզներով ու ջրով․ «13 օր դրանցով եմ սնվել, շատ համով էր»։

Սկզբում նա լսել է կրակոցի ձայները, «դղրդոց», ձայներ օդանավից, դուրս է եկել տնից, հարևանն ասել է՝ կռիվը սկսել է ու ուղղորդել գնալ կենտրոն, մեքենաներ կան, որոնք տարհանում են քաղաքացիներին։ Սակայն Կամոն չի գնացել, մտածել է՝ կտանեն Երևան, հետո հետ կբերեն, ինչպես 2020-ին եղավ ու չի ենթարկվել տեղահանման հոսքին։ Երբ ամեն ինչ ավարտվել է, դուրս է եկել տնից, փողոցում տեսել է ոստիկանական համազգեստով ադրբեջանցիներ, ու «սկորի պոմըշի» մեքենայով տեղափոխվել։ Կամո Առաքելյանն ասում է՝ իրեն ադրբեջանցիները չեն վնասել, բայց հարազատները հակառակն են պնդում՝ նրան բռնության են ենթարկել, վնասել ներքին օրգանները, ինչի արդյունքում ստիպված են եղել Ստեփանակերտի հիվանդանոցում վիրահատության ենթարկել։ Վիրահատության մասին Կամոն հիշում է, բայց չի ասում՝ ինչու դրա անհրաժեշտությունն առաջացավ․ «Ժամացույցին նայում էի, 55 րոպեում վիրահատել ա ադրբեջանցի բժիշկը»։

Կամոյի քույրը՝ Ելենա Առաքելյանն ասում է՝ եղբայրը հոգեբանական խնդիր ունի, կարծում է՝ եթե ադրբեջանցիների վայրագությունների մասին խոսի, կգան իր հետևից։  Բայց այն, որ դաժան բռնության է ենթարկվել եղբայրը, փաստել են նաև այլ անձինք։ Եղբոր տեղափոխության նախաձեռնողն ինքն է եղել․ դիմել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը, հուշել նրանց եղբոր գտնվելու հնարավոր վայրը ու խնդրել անպայման տեղափոխել նրան Հայաստան։ Մի քանի օր էլ ուշացնեին տեղափոխումը, Ելենան ասում է, Ադրբեջանի քաղաքացի էր դառնալու եղբայրը և մնար էնտեղ։ «Եթե մի երկու օր էլ մնար, թուրք էր դառնում։ Բա իմ եղբայրն ա, իմ արյունն ա, իմ հարազատն ա, ոնց թողեի մենակ ընդեղ», -ասում է Ելենան։

Կամոյի քույրն ինքն էլ առողջական խնդիրներ ունի, վիրահատված է, շաքարային դիաբետով հիվանդ։ Նրանք ապրում են սոցիալապես ծանր պայմաններում, չեն հասցնում հոգալ անկողնային վիճակում գտնվող Կամո Առաքելյանի բուժման, նրան հոգ տանելու ծախսերը։ Տեղավորվել են Երևանի ծայրամասային հատվածի նեղլիկ ու խոնավ մի բնակարանում, որտեղ երեկոյան ժամերին ցուրտ է ու ստիպված են տաքացուցիչ միացնել։

Ելենայի ամուսինը նախկին զինվորական է, վերջերս է տեղավորվել շինարարական մի կազմակերպությունում աշխատանքի, սակայն, ասում է, աշխատավարձը միևնույն է, չի բավականացնում։ Փորձում է դեղերի գնման խնդիրը թեթևացնել պետության 40+10 հազար դրամ աջակցությամբ, բայց միևնույն է չեն հասցնում, իսկ այդ գումարի ստանալն էլ խնդիրներ է հարուցում, քանի որ Կամոն չի կարող ինքնուրույն ստանալ, գումարը։ Հաշմանդամության կարգ դեռ չի ստացել, հետևաբար թոշակ էլ չի կարող ստանալ։ «Մեկ ա, ուրախ ենք, որ չմնաց ընդեղ ու հասցրինք բերել», -ասում է Կամոյի քույրը։

Հասմիկ Համբարձումյան

Մանրամասները՝ տեսանյութում

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest