Հունիսի 1-ից Հայաստանի Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների շրջանակում ատեստավորման համակարգի ներդրման ընթացքից Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ աղոտ խոսեց։ Նախ՝ ասաց, որ ատեստավորմանը մասնակցել է 1000 զինծառայող, իսկ հայտ ներկայացրել են 4000-ը, հետո ընդգծեց՝ եղել են թերություններ։

«Ունենք և՛ ատեստավորվածներ, և՛ իհարկե մարդիկ, ովքեր չեն կարողացել հաղթահարել՝ հաշվի առնելով տարբեր հանգամանքներ: Խոսքը պատրաստվածության մակարդակի մասին է։ Ակնհայտ է, որ այն ստորաբաժանումները, որոնք հավուր պատշաճի պատրաստվել են, կարողանում են հաղթահարել ատեստավորման շեմը, ավելին՝ արձանագրում են շատ լավ արդյունքներ։ Գործընթացը բավականին առողջ է, ունենք դժվարություններ, արձանագրվում են թերություններ, որոնց մասին գիտեինք, բայց արդեն փաստացի արձանագրվում են, և սրա մասով, ինչպես Ձեր կողմից արդեն նշվեց, մենք պետք է շատ արագ և գործնական քայլեր կատարենք թերացումները շտկելու և առաջ շարժվելու համար»,- հավելեց նախարարը։

Օրենսդրական փոփոխությունների արդյունքում, հիշեցնենք, հունիսի 1-ից ՀՀ Զինված ուժերում ներդրվել է կամավոր ատեստավորման համակարգը, ինչը ենթադրում է սպայական աշխատակազմի աշխատավարձի բարձրացում։ Դա այն դեպքում, երբ ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճաններից, մասնագիտական գիտելիքների ու ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից զինծառայողն ստացել է «բավարար» կամ «լավ» կամ «գերազանց» գնահատական: Ըստ այդմ՝ առաջարկվում է սպայական կազմի հավելավճարի չափը «գերազանց»-ի դեպքում սահմանել 470 000 ՀՀ դրամ, «լավ»-ի դեպքում՝ 420 000 ՀՀ դրամ, «բավարար»-ի դեպքում՝ 230 000 ՀՀ դրամ, մյուս կազմերի դեպքում «գերազանց»՝ 395 000 ՀՀ դրամ, «լավ»՝ 345 000 ՀՀ դրամ, «բավարար»՝ 205 000 ՀՀ դրամ:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ռազմական հարցերով փորձագետ Նազելի Մովսեսյանը Forrights.am-ի հետ զրույցում ասաց, որ արդեն կան սպաներ, որոնք ընդգծում են՝ համակարգը անարդար է։

«Որոշ սպաներ ասում են, որ անարդարության գործոն կա․ ատեստավորում անցածները ստանում են բարձր աշխատավարձ, իսկ չանցածները չեն ստանում, բայց կատարում են նույն աշխատանքը, նույն հանձնարարությունը։ Մենք հասկանում ենք, որ ատեստավորումն արվում է որոշակի նպատակներով՝ ստուգելու զինծառայողների գիտելիքներն ու ֆիզիկական պատրաստվածությունը։ Ուղղակի երբ բանակում ծառայելու նկատմամբ գրավչությունը դրվում է ֆինանսական հիմքի վրա, խնդիր է առաջանում, քանի որ գաղափարական մոտեցումը մղվում է հետին պլան։ Այսինքն՝ սպաները, ովքեր անցնում են այդ փուլերը, զուտ ֆինանսական շահագրգռվածության հիմքով են անցնում, ոչ թե բանակին, հայրենիքին նվիրված ծառայելու։ Զինված ուժերում զինծառայողի դերի բարձրացումը դեռևս բարձր մակարդակի վրա չէ և բոլոր նրանք, ովքեր մնում են այդ համակարգում, ըստ էության, բարձր աշխատավարձ ստանալու համար են մնում», -ասաց փորձագետը։

Նրա խոսքով, մարդիկ ունեն սոցիալական բազում խնդիրներ, և բարձր աշխատավարձ ստանալը նրանց համար կարևոր է դառնում։ Փորձագետը համոզված է՝ կատարվող բարեփոխումը ՀՀ Զինված ուժերում համակարգային խնդիր չի լուծում։

Կան պայմանագրային զինծառայողներ և սպաներ, որոնք Նազելի Մովսեսյանի խոսքով, չունեն ֆիզիկական պատրաստվածություն, բայց ավելի շատ տեղեկացված են իրենց աշխատանքից ու պարտադիր էլ չէ լինել ֆիզիկական ուժ պահանջվող գործողությունների մեջ, արդյունքում նրանք կարող են դուրս մնալ համակարգից։ «Քանի որ բալային համակարգով է, 50 հարց է թեստի մեջ լինում։ Այդ 50 հարցից 21-ին ոչ ճիշտ պատասխանելու դեպքում պայմանագրայինը անբավարար գնահատական է ստանում», -նշեց Մովսեսյանը։

Զինծառայողների մեծ խավ նկատմամբ համակարգն անարդար է, շեշտեց փորձագետը և նկատեց՝ ֆիզիկական պատրաստվածության և տեսական գիտելիքների հարաբերակցությունը պետք է բալանսավորված լինի, որ ֆիզիկական ցածր պատրաստվածություն և տեսական գիտելիքներ ունեցող ունեցող անձինք կարողանան մնալ համակարգում ու իրենց գիտելիքները ծառայեցնեն հայրենիքի պաշտպանությանը։

«Ես կարծում եմ՝ սա իրական բարեփոխուներին միտված փոփոխություններ չեն։ Երեկ կառավարության նիստում վարչապետն ասաց, որ արվում են քայլեր պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու համար, բայց վստահորեն ասել, որ այս քայլերը իրապես նպաստում են պրոֆեսիոնալ բանակ ունենալուն, չենք կարող»,-նշեց նա։

Մյուս խնդիրը, որ առանձնացրեց ՀՔԱՎ փորձագետը, ատեստավորման գործընթացի փակ լինելն է․ ինչպե՞ս են անցկացվում ատեստավորումը, ո՞վ է մասնակցում դրանց, արդյոք արդար է անցկացվում։ Գործընթացում ներառված չէ նաև քաղհասարակությունը․ «Մենք ծանոթ չենք ատեստավորման գործընթացին, չգիտենք՝ ինչպես  ու ինչ հիմքով է գնահատվում, և անաչառության աստիճանը չգիտենք։ Թափանցիկությունն ապահովված չէ»։

Հասմիկ Համբարձումյան

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest