44-օրյա պատերազմի թեժ շրջանում «Քիմիկների զորամասի» զինծառայողների զոհվելու, գերեվարվելու և անհետ կորելու վերաբերյալ քրեական գործով դատական նիստերը հնգամսյա ընդմիջման մեջ են։ Այս քրեական վարույթի շրջանակներում ամբաստանյալի աթոռին են հայտնվել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ Անդրանիկ Մակարյանը, «Քիմիկների զորամասի» հրամանատար Արսեն Աբգարյանը, զորամասի շտաբի պետ Արմեն Կուլակչյանը և զորամասի համալրման բաժանմունքի պետ Էլլադա Հարությունյանը։

Դատավարությունն ընդհատվել է, քանի որ ամբաստանյալ Էլլադա Հարությունյանը հղի է եղել և բժշկական տեղեկանքի համաձայն, գտնվում է հետծննդաբերական շրջանում ու չի կարող մասնակցել նիստերին։ Այդ կապակցությամբ դատարանը՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ որոշել է երկարատև ընդմիջում հայտարարել։

Հակակոռուպցիոն դատարանից Forrights.am-ին փոխանցեցին, որ նիստերը կվերսկսվեն հունիսի 30-ին։

Սակայն տուժողների իրավահաջորդները, որոնց մի մասը կորցրել է որդիներին, մի մասը՝ հույսով սպասում, դժգոհ են դատական նիստերի տևական ընդմիջումից։

«Հիմա ժամանակները փոխվել են, տեխնոլոգիաները զարգացել են, ինչո՞ւ է դատարանը սպասում մի քանի ամիս, մի՞թե հնարավոր չէ, որ Էլլադա Հարությունյանը դատական նիստերին միանա հեռակապով», —Forrights.am-ի հետ զրույցում դժգոհում է «Քիմիկների» խմբի անդամ զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը։

Նիստերը սկզբում Գորիսում էին, հետո տեղափոխվել են Երևան՝ Հակակոռոպցիոն դատարան։ Շուրջ վեց դատական նիստ է կայացել, հասել են ապացույցների հետազոտման փուլին, սակայն տուժողները այդպես էլ չեն ստանում իրենց տանջող հարցերի պատասխանները, այդպես էլ չեն պարզվում 2020-ի հոկտեմբերի 21-ին Կովսականում (Զանգելան) 62 զինծառայողներով խմբի շրջափակման հանգամանքները։

Խումբը առավել հայտնի էր «Քիմիկների խումբ» անունով (ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության/ՌՔԿՊ), որի կազմում եղել են 62 զինծառայողներ։

Գեներալ Անդրանիկ Մակարյանը այս խմբին հավաքել է Կապանի զորամասում ու հրահանգել «սանրել» Կովսական մտած 12-15 հոգանոց ադրբեջանական խմբին։ Նաև նշել է, որ ինքը նույնպես անձամբ մասնակցելու է գործողությանը։ Սակայն արդեն նշված վայրում են 62 հայ զինծառայողները պարզել, որ իրենց 500-ից ավելի ադրբեջանական խումբ է սպասում։

2020-ի հոկտեմբերի 20-ի առավոտյան «Քիմիկների» զորամասի հրամանատար, փոխգնդապետ այժմ ամբաստանյալ Արսեն Աբգարյանի ուղեկցությամբ, երեք ավտոբուսով այդ 62 զինծառայողները շարժվել են դեպի Կովսական։ Ժամը 07։00 սահմաններում խումբը հասնում է Կովսականի սկիզբ, սակայն տեղի դպրոցից 500-600 մետրի վրա հայտնվում է ադրբեջանական զինված ուժերի շրջափակման մեջ։

Նկատելով աջ բլրի վրա հակառակորդի զինված խմբերին և դպրոցի վրա ադրբեջանական դրոշը՝ ավտոշարասյունը կանգնում է, զորամասի հրամանատարի տեղակալ մայոր Արմեն Բադեյանը տալիս է շրջանաձև պաշտպանության անցնելու հրաման, և անձնակազմը դիրքավորվում է շրջակայքում։ Աջ բլրից ադրբեջանական զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ են բացել հայ զինծառայողների ուղղությամբ։ Հակառակորդը, ունենալով թվային և տեխնիկական միջոցների առավելություն, աստիճանաբար նրանց առել է օղակի մեջ։ Փաստացի, մարտի մեջ բռնված 62 հոգանոց անձնակազմից միայն 22 զինծառայողի է հաջողվել դուրս գալ, իսկ 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, մնացած 30-ից ավելին անհայտ կորած են համարվում։

Անհայտ կորածների թվում է նաև հենց տիկին Անահիտի որդին՝ 27-ամյա Վարդան Ադոյանը։ 50-ամյա մայրը որդու մասին անցյալով չի խոսում, սպասում է՝ սերժանտ որդին տուն կվերադառնա։

Կնոջ համար այդպես էլ պարզ չէ, թե ինչու են այլ մասնագիտությամբ մարդիկ ուղարկվել թեժ մարտերի կիզակետ։ «Նրանք քիմիկներ են, տիրապետում են քիմիական նյութերին, ոչ թե մարտական գործողություններին։ Բայց էդ Անդրանիկ Մակարյանի հրամանով տղերքը ուղարկվել են Կովսական, որտեղ 500-ից ավելի թուրք է եղել։ Մակարյանն էլ իր հերթին կապի մեջ է եղել ՊՆ-ից Վարդան Նշանյանի հետ, բայց էդ Նշանյանի անունը քրեական գործում չկա», -ասում է Անահիտ Ադոյանը՝ ընդգծելով, որ նրանց զենք-զինամթերք, նույնիսկ զրահաբախկոն չի տրամադրվել։

Անդրանիկ Մակարյանը, ըստ մեղադրանքի, անձնական շահագրգռվածությունից ելնելով ցուցաբերել է իշխանության անգործություն, ինչը անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետևանքներ: Ինքը՝ Մակարյանը մեղադրանքը չի ընդունում։

«Քիմիկների» խմբի գործունեությունը պատերազմի օրերին եղել է ՀՀ ԶՈՒ Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Վարդան Նշանյանի հսկողության ներքո։ Անահիտ Ադոյանի խոսքով, հենց նա է առաջարկել Մակարյանին օգտագործել «Քիմիկների» խմբի հնարավորությունները։

«Երբ մեր դիմումի համաձայն հարուցվեց քրեական գործը, մենք Վարդան Նշանյանի վերաբերյալ փաստեր չունեինք, բայց ընթացքում պարզվեց, որ իրենից շատ բան է կախված եղել։ Հիմա մենք այնպես ենք անելու, որ այլ քրեական վարույթով նա նույնպես մեղադրյալ ներգրավի, չէ որ նրանից շատ բան է կախված եղել։ Ինքը այս հարցում մաքուր չէ», -ասում է Անահիտ Ադոյանը։

Կենդանի մնացած 22 զինծառայողներից մեկը հենց հրամանատարն է եղել՝ Արսեն Աբգարյանը, որն այժմ ամբաստանյալի աթոռին է։ Տիկին Անահիտն ասում է՝ նրանք ոչ թե հրաշքով փրկված են, այլ պարզապես փախել են ու իրենց ծառայակիցներին թողել ծանր դրության մեջ։ «Արսեն Աբգարյանը 40 տղերքին տեղը տեղին ծախել է, նա հենց փախնողներից մեկն էր ու հիմա էլ պաշտոնի բարձրացում է ստացել», -նշում է Ադոյանը։

Արսեն Աբգարյանը մեղադրանքն այլ է․ ըստ այդմ՝ նա պատերազմում վերադաս հրամանատարությանը հաճոյանալու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է պաշտոնական դիրքը։ Բացի այդ, անփույթ վերաբերմունք է ցուցաբերել ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Մյուս ամբաստանյալը զորամասի շտաբի պետ Սարգիս Կուլակչյանն է, որը ըստ մեղադրանքի, ժամանակավորապես կատարելով զորամասի հրամանատարի պարտականությունները, իր գործողություններով օժանդակել է զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելուն: Նրա փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը Forrights.am-ին ասում է, որ իրենք նույնպես չեն ընդունում մեղադրանքը։ Ավելին, սպասում են, որ Կուլակչյանը կարդարացվի։

Ինչ վերաբերում է Էլլադա Հարությունյանին, ապա նա, մեղադրանքի համաձայն, կատարել է պաշտոնեական կեղծիք՝ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող զորամասի հրամանատարի հրամանագրքում մտցրել է իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տվյալներ:

 

Հասմիկ Համբարձումյան

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest