Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (Հրազդանի նստավայր)՝ դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ որոշեց 3 տարվա ազատազրկման դատապարտել գիտնական, ֆիզիկոս Հրայր Ազիզբեկյանին վրաերթի ենթարկելու գործով մեղադրյալ Վարդան Խաչատրյանին։

Դատարանի վճռով, Վարդան Խաչատրյանը երկու տարով զրկվեց մեքենա վարելու իրավունքից։

Ավելի վաղ Forrights.am-ը լուսաբանել էր այս գործով դատական նիստը, ներկայացրել կողմերի դիրքորոշումները։ Վարդան Խաչատրյանը ոստիկանական համակարգի աշխատող է, և դատական նիստերի ամբողջ ընթացքում չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։ Ողբերգական դեպքը տեղի էր ունեցել 2020-ի հուլիսի 26-ին, գիտնական Հրայր Ազիզբեկյանը մահացել էր այդ օրը վրաերթի հետևանքով: Սկզբում նրա մեքենան Քաղսի գյուղի մոտակայքում բախվել էր գյուղացիներից մեկի մեքենային, տուժածներ չեն եղել, ոստիկանությունը և ապահովագրական ընկերության ներկայացուցիչները ժամանել, անհրաժեշտ գործողություններն արել ու հեռացել էին: Սակայն արդեն կեսգիշերին մոտ նույն դեպքի վայրում «Նիսսան ֆուգա» մակնիշի մեկ այլ մեքենա մեծ արագությամբ հարվածել է փողոցում վթարված կարմիր «Ժիգուլիին», և երկու մեքենաների միջև գտնված Հրայր Ազիզբեկյանը այդ հարվածի հետևանքով տեղում մահացել էր։

Մեկ տարուց ավելի ձգված ու մի քանի քննիչների ձեռքի տակով անցած նախաքննությունը պարզել է, որ հարվածը հասցրած «Նիսսան ֆուգա» մակնիշի մեքենայի ղեկին եղել է ոստիկանության ավագ օպերլիազոր Վարդան Խաչատրյանը, սակայն վերջինը ու նրա պաշտպանը և՛ նախաքննության ընթացքում, և՛ դատարանում հայտարարում էին, որ ղեկին եղել է Վարդան Խաչատրյանի հայրը՝ դարձյալ ոստիկանության համակարգի նախկին ծառայող 65-ամյա Սամվել Խաչատրյանը: Տարեց տղամարդը նույնիսկ դատարանում վկայության ժամանակ պնդեց, որ ինքն է եղել մեքենայի ղեկին։

Սակայն Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը իր վճռով, ըստ էության հաստատված է համարել այն, որ ղեկին եղել է հենց Վարդան Խաչատրյանը և ոչ թե նրա հայրը։

Նախորդ դատական նիստում, երբ կողմերը ներկայացնում էին իրենց վերջնական դիրքորոշումները, հանրային մեղադրողը՝ դատախազ Գոռ Խանզադյանը միջնորդել էր դատարանին Վարդան Խաչատրյանին դատապարտել 2,5 տարվա ազատազրկման։

«Գործի նյութերի վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Վարդան Խաչատրյանի կողմից կատարած հանցագործությունը ունի հանրության համար վտանգավորության բարձր աստիճան», -բացատրել էր դատախազը։

Տուժող կողմը՝ Հրայր Ազիզբեկյանի կինը՝ Աստղիկ Շահխաթունին իր հերթին միջնորդել էր դատարանին ամբաստանյալին դատապարտել 5 տարվա ազատզրկման։

«Հարգելի դատարան, Հրայրին կյանքից զրկեց ոստիկան, ավագ օպերլիազոր, որը հանցագործությունը կատարելուց հետո ոչ մի կերպ չփորձեց օգնություն ցուցաբերել ոչ ամուսնուս, ոչ էլ մյուս տուժածներին։ Նա ամեն կերպ փորձեց կոծկել հանցանքը ու խուսափել պատասխանատվությունից՝ լայնորեն օգտագործելով իր պաշտոնը, դիրքը, կապերը։ Պահանջում եմ առավելագույն պատիժ Վարդան Խաչատրյանի համար, որը տվյալ դեպքում 5 տարվա ազատազրկում է։ Դա շատ չէ, քանի որ ազատության մեջ մնալով այս երեք տարում, նա ոչինչ չհասկացավ, ներողություն չխնդրեց», -հայտարարել էր Աստղիկ Շահխաթունին։

Այս պահին դեռ չեն կարող ասել՝ կբողոքարկե՞ն վճիռը, թե ոչ։ «Կստանանք դատարանի վճիռը, կծանոթանանք վճռի բովանդակությանը և հետո միայն կորոշենք՝ բողոքարկել, թե ոչ», -Forrights.am-ին ասում է Աստղիկ Շահխաթունին։

Ամբաստանյալ Վարդան Խաչատրյանի փաստաբան Հրանտ Վարդանյանը ինչպես նախորդ նիստին, այժմ էլ պնդում է՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ արդար դատաքննության իրավունքի խախտում է թույլ տվել, և այդ դատարանի կայացրած վճիռը իրենց համար անընդունելի է։

«Դատավորը օբյեկտիվ չէր, անաչառ չէր ու նախապես էլ կանխակալ դիրքորոշում ուներ իմ վստահորդի նկատմամբ», — Forrights.am-ին ասում է Խաչատրյանի փաստաբան Հրանտ Վարդանյանը։

Դիտարկմանը, թե ըստ էության դատարանը հաստատված է համարել հանգամանքը, որ ղեկին եղել է հենց Վարդան Խաչատրյանը, ոչ թե նրա հայրը, փաստաբանն արձագանքում է․ «Այդ դատական ակտը դեռևս իրավական ուժ չունի, երբ կստանա օրինական ուժ, նոր միայն կարող ենք այդ մասին միանշանակ պնդում կատարել»։

Պաշտպանական կողմը պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել։ Բայց դա կանեն, երբ կստանան վճիռը։

«Երբ դատարանի վճիռը ստանանք, տեսնենք՝ ինչն է ապացուցված համարել, ինչը՝ ոչ, ըստ այդմ էլ՝ գնահատելով դատական ակտը, համապատասխան վերաքննիչ բողոքը կկազմենք ու կներկայացնենք», -նշում է Հրանտ Վարդանյանը։

Հասմիկ Համբարձումյան

Առնչվող հրապարակումներ — «Ինչպե՞ս է հնարավոր մարդուն մահ պատճառել ու պատասխան չտալ». Գիտնականի մահվան համար մեղադրվողը օպերլիազոր է

«Ես եմ եղել ղեկին». Գիտնականի վրաերթի գործով օպերլիազորի հայրը պնդում է, որ որդին չի եղել ղեկին

«Ես մեղադրում եմ Վարդան Խաչատրյանին …»․ գիտնականի մահվան գործով ճառերի փուլն էր

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest