Հայաստանում վաղաժամկետ ազատ արձակվելու հնարավորությունները, թեպետ իշխանական բարձր մակարդակով հայտարարվել է, թե մեծ են, այդուհանդերձ, շատ դատապարտյալների համար ժամկետից շուտ ազատվելը մնում է անկատար երազանք։ Հատկապես՝ ցմահ դատապարտյալների համար։ Դիտարկումները ցույց են տալիս, որ քրեակատարողական հիմնարկներում կամ նույնիսկ՝ արդարադատության նախարարությունում ամեն ինչ անում են խոչընդոտելու դատապարտյալի վաղաժամկետ ազատ արձակմանը։

«Սևան» քրեակատարողական հիմնարկում, որը կիսափակ ռեժիմային գոտի է, այժմ ապրում է 11 ցմահ դատապարտյալ։ Հիմնարկի նորանշանակ ղեկավար Արսեն Արզումանյանն ասում է՝ նրանք բոլորն էլ պատշաճ վարքագիծ են դրսևորում։ Անկեղծանում է՝ «ցմահ» լսելիս պատկերացրել է ագրեսիվ վարքագիծ ունեցող մարդ, սակայն շփվել է, կանխակալ տեսակետը փոխվել է․ «Ես նրանց բոլորին տեսել եմ, զգացել եմ, որ հետաքրքիր նախասիրություններ ունեն՝ մեկը եկեղեցի է պատրաստում, մյուսը փայտ է մշակում, երրորդը գրքեր է կարդում։ Բոլորն էլ ցավ են ապրում, որ օրենսդրական փոփոխությունները դրական չեն ազդում իրենց ռեժիմի փոփոխության վրա»։

Ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանը արդեն 27 տարի է՝ անազատության մեջ է։ Մեղադրվում է 5 ծառայակիցների սպանության մեջ, սակայն մինչև վերջ էլ նա իրեն մեղավոր չի ճանաչել։ Նա հայտարարում էր՝ նրանց սպանել են 3 անծանոթներ, ովքեր դիրքեր էին եկել զենք գնելու նպատակով:

2018-ին Արթուրը դիմել էր ռեժիմի փոփոխության համար և ունենալով քրեակատարողական հիմնարկի դրական եզրակացությունը՝ նրա ռեժիմը փակից դարձրել էին կիսափակ՝ տեղափոխելով «Սևան» քրեակատարողական հիմնարկ։ Երկու տասնյակից ավելի տարբեր ռեժիմային գոտիներում անազատության մեջ անցկացնելու ընթացքում Արթուր Մկրտչյանը փորձում է հասնել արդարության՝ վաղաժամկետ ազատ արձակվել՝ կատարելով հայաստանյան օրենսդրությունից բխող բոլոր պահանջները։ Սակայն միևնույն է, գերատեսչական բյուրոկրատիան մոգոնում է ամեն մանրուք՝ խոչընդոտելու այդ ընթացքը։

Այս անգամ խոչընդոտը Արդարադատության նախարարի (Կարեն Անդրեասյան-հեղ․) 2022 թվականին ընդունված 548-Ն որոշումն է, որի համաձայն, պատժի ռեժիմի փոփոխություն ու վաղաժամկետ ազատ արձակում չի կարող լինել, եթե դատապարտյալը ազատազրկվել է ծանր հանցագործության համար։ Արդյունքում «Սևան» քրեակատարողական հիմնարկի վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի նիստում դատապարտյալ Արթուր Մկրտչյանի անվտանգային գոտու տեսակի փոփոխման համար նիստի 6 մասնակիցները բացասական եզրակացություն են տվել։

«Հիմնավորեք՝ ինչո՞ւ եք բացասական եզրակացություն տալիս։ Որևէ հիմք չկա բացասական եզրակացության համար։ Պատճառաբանությունն է՝ միայն ծանր հանցանք։ Ռեժիմի փոփոխության օրենքը ինչո՞ւ եք ընդունել, վերացրեք այդ օրենքը, եթե չի գործելու։ Ստացվում է՝ ծանր հանցագործության համար դատապարտվածը, ով ուզում ա լինի, թեկուզ հրեշտակ լինի, բաց կալանք չի ստանա», -Forrights.am-ի հետ զրույցում ասում է Արթուր Մկրտչյանը։

«Սևան» ՔԿՀ պետի տեղակալ Թաթուլ Գալստյանը, որը նաև «Սևան» քրեակատարողական հիմնարկի վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի նախագահն է, հստակ բացատրություն չունի՝ ինչու են մերժում Մկրտչյանին։ Դատելով պաշտոնյայի արձագանքից, Արթուր Մկրտչյանի «օգտակար զբաղվածությունը» ակտիվ չէ, ինտենսիվորեն ներգրավված չէ քրեակատարողական հիմնարկի բանվորական, վերանորոգման աշխատանքներին։

Մինչդեռ «Արմավիր» ՔԿՀ-ի պետին տված բնութագրի համաձայն, Մկրտչյանը ակտիվ մասնակցություն է ունեցել կրթական մի քանի դասընթացներում, դասերին հաճախել է պարտաճանաչ՝ ցուցաբերելով նոր գիտելիքներ ստանալու պատրաստակամություն և ձգտում։ «Աչքի է ընկել տրամաբանական մտածողությամբ, ստացած գիտելիքները վերարտադրելու կարողությամբ, աշխատասիրությամբ, ռացիոնալ որոշումներ կայացնելու հատկությամբ։ Դատողություններում առկա է ինքնուրույնություն, անկախություն, պատասխանատվության և պարտքի բարձր զգացում», -նշվում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի» տնօրենի կողմից «Արմավիր» ՔԿՀ-ի պետին տված բնութագրում։

«Հեղափոխությունից առաջ դատապարտյալների նկատմամբ պատժողական քաղաքականություն էր իրականացվում, էն ժամանակ ազատվելու հույս ոչ մեկ չուներ։ Երբ փոխվեց իշխանությունը, հույսեր արթնացան, բայց հիմա ամեն մանրուք հնարում են, որ ազատություն չտան մարդուն։ Իբրև փոփոխություններ են անում, բայց դատապարտյալին՝ դրանից ոչ մի օգուտ։ Ավելի լավ է՝ իմանամ՝ ինձ չեն ազատելու, քան գան ասեն՝ ազատելու ենք ու չազատեն», -ասում է Արթուր Մկրտչյանը։

Նկատենք՝ եթե 2016-ին վաղաժամկետ ազատ արձակվելու համար կար երկու պահանջ՝ վերջին հինգ տարվա ընթացքում չունենալ որևէ խախտում, ինչպես նաև ունենալ դրական վարքագիծ, ապա այժմ պահանջները շատ են՝ կրթություն, աշխատանք, տուժողների ներում։ «Մարդն այդ բոլոր փուլերով անցնում է և հենց գալիս է պահը, որ արդեն հույս կա ազատվելու, որևէ նորմուծություն են հնարում։ Անընդհատ մեր վրա փորձեր են անում։ Հոգեբանորեն ճնշում են, ուզում են վերջանականապես ոչնչացնել։ Նրանց նպատակը մարդուն բույս սարքելն է, ուրիշ ոչինչ», -նշում է դատապարտյալը։

Հայաստանում պայմանական վաղաժամկետ 4 ցմահ դատապարտյալ է ազատ արձակվել։ Արթուրն ասում է՝ նրանք բոլորն էլ ազատության մեջ պատշաճ վարքագիծ են դրսևորում և որևէ մեկից խախտման կամ կրկնահանցանքի որևէ դեպք չի եղել։

«Սևան» քրեակատարողական հիմնարկում խմելու ջրի խնդիր կա․ նախկինում ամեն շաբաթ դատապարտյալին հարազատների հետ փոխանցվող 20 կգ հանձնուքի մեջ մտնում էր նաև խմելու ջուրը։ Սակայն հիմա փոխվել է կարգը, և խմելու ջուրը հանձնուքից առանձին է փոխանցվում դատապարտյալին։

Ձու, կիսաֆաբրիկատներ, երշիկեղեն արգելված է հանձնուքի հետ փոխանցել դատապարտյալին։ Իսկ հանձնուքն էլ պարտադիր է շաբաթական 20 կգ լինի։ «Դատապարտյալների մեծ մասը սոցիալական վատ վիճակում են, տան տղամարդը ազատազրկման մեջ է, ամեն շաբաթ չեն կարող բերել հանձնուք։ Էն ժամանակ ամիսը մեկ անգամ գալիս էին էդ ամբողջ մի ամսվա հանձնուքը տալիս էին մարդիկ յոլա էին գնում։ Հիմա ոնց որ պարտադրեն, որ մարդը ամեն շաբաթ գա», -նշում է Մկրտչյանը՝ ընդգծելով, որ քրեակատարողական հիմնարկում սնունդի որակի հետ կապված խնդիր կա։

Հասմիկ Համբարձումյան

Հ․Գ․Մեր հաջորդ հոդվածում կներկայացնենք նաև արդարադատության նախարարության տեսակետը բարձրացված հարցերի առնչությամբ:

 

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest