18-ամյա զինծառայող Արմեն Հակոբյանը, որի ծառայության 3-րդ ամսում սկսել է 2020-ի 44-օրյա պատերազմը, դատարանի որոշմամբ «անհայտ բացակայող» է ճանաչվել։ Արմենի մայրը՝ 44-ամյա Սրբուհի Մադոյանը, որդու հետ վերջին անգամ խոսել է 2020-ի հոկտեմբերի 7-ին այդ զրույցից հետո մինչև հիմա մայրը որդուց տեղեկություն չունի։ Բայց ասում է՝ սիրտը վկայում է, որդին կգա։

«Մթամ հասցրել էր ծառայել, 3 ամսվա ծառայող էր, հլա էդքան էլ չկար, 2020-ի հուլիսի 6-ին գնացել էր ու նույն թվի սեպտեմբերին անիծված պատերազմը սկսվեց։ Վերջին անգամ հոկտեմբերի 7-ին խոսել ենք ու վերջ», -Forrights.am-ին ասում է Սրբուհին։

«Զորակոչվեց բանակ, քովիդը սկսվեց, սկի պրիսյագին չկարեցանք գնալ։ Վարորդական ուներ ու բանակում վարորդ էր, պատերազմի ժամանակ էլ կրակի տակ մեքենա էր քշում», — ասում է Արմենի հայրը՝ 51-ամյա Վարուժան Հակոբյանը։

Լոռու մարզի Շնող գյուղից ՀՀ Զինված ուժեր զորակոչված Արմենի պատերազմական ուղին սկսվել է Մարտունի 2-ում, որտեղ էլ հենց զորակոչվել էր, այնուհետև զորքի հետ տեղափոխվել է Ջրական (Ջաբրայիլ), իսկ արդեն Հադրութում մնացել թշնամական ուժերի շրջափակման մեջ ու ծնողների պատմելով, ընկել գերի։

«Երեխեքին հավաքել են Հադրութում ու հանձնել թշնամուն, մի ամբողջ գումարտակ», -ունեցած տեղեկությունները վերլուծելով եզրակացրել է Արմենի մայրը։

Ադրբեջանական ինտերնետային հարթակներում որդու մասնակցությամբ տեսանյութ չի տեսել, Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունից որդու կենդանի լինելու մասին հավաստի տեղեկություն չի ստացել, սակայն մայրը հույս ունի՝ որդին կենդանի է։ Ասում է՝ ԴՆԹ-ի համար անհրաժեշտ անալիզները ներկայացրել են, բայց որևէ պատասխան չկա։

«ԴՆԹ անալիզ ենք տվել, բայց որևէ պատասխան չունենք, Կարմիր խաչի ներկայացուցիչները մի երկու անգամ եկել-գնացել են։ Էս ամեն ինչը մի քիչ հույս ա ներշնչում, որ մի լավ բան կա», -ժպտում է մայրը։

Նրա խոսքով, անհետ կորած զինծառայողների ծնողներով սոցիալական հարթակներից մեկում «չաթ» են ստեղծել ու միմյանց միջև փոխանակվում են որդիների վերաբերյալ տեղեկություններով։  «Որ ծնողը, որ իմանում ա ԴՆԹ-ն հաստատվել ա, հեռանում ա չաթից։ Հիմա մեր չաթում 190-ի հասնող ծնող ունենք», -նշում է Սրբուհին։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 2022թ. օգոստոսին ներկայացրած տվյալների համաձայն՝ 2020-ի 44-օրյա պատերազմի հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում: Պաշտոնական տվյալներով, 44–օրյա պատերազմին մասնակցած 59 զինծառայողներ 2022–ի դեկտեմբերի 12-ի դրությամբ դեռևս անհետ կորած են համարվում։ Քննչական կոմիտեի տվյալներով, Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3809 է։

«Իմ սիրտը հուշում ա, որ որդիս կենդանի ա, դաժե Բաքվում չի, կամ Շուշիում ա, կամ՝ Հադրութում։ Ես չգիտեմ՝ խի, տենց եմ զգում։ Խոսակցություններով լսել ենք, որ Շուշիի տարածքներում երեխեք են տեղափոխել աշխատացնելու, կարող ա հենց իրանց մեջ ա», -ասում է մայրը։

Հասմիկ Համբարձումյան

Մանրամասները տեսանյութում՝

 

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest