Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններ ներկայացրած հայցերից Հայաստանի՝ հնարավոր հրաժարվելու մասին, ակտիվ քննարկումներ է առաջացրել քաղաքական ու քաղաքացիական շրջանակներում։

Նկատենք՝ Սահմանադրությունը փոխելուց բացի, Բաքուն Հայաստանից պահանջում է հրաժարվել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցերից։ Հայաստանն Ադրբեջանի դեմ 4 միջպետական գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան, ևս մեկ գանգատ էլ քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում: Օրերս խորհրդարանում լրագրողների հարցին՝ կհրաժարվի արդյո՞ք Հայաստանն այդ հայցերից, ԱԺ նախագահը արձագանքել էր․ «Մանրամասները չգիտեմ, բայց եթե իրենք իրենց հայցերից հրաժարվեն, հնարավոր է՝ մենք էլ հրաժարվենք»:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը համարում է, որ Սիմոնյանի այս հայտարարությունն ուղղված է Հայաստանի օրինական շահերի դեմ․ «Ալեն Սիմոնյանը քաղաքական առումով ճիշտ չէ։ Իսկ իրավական առումով եթե իշխանությունները նման քայլի գնան, կդիտվի պետության դավաճանություն, թշնամու կողմն անցնել»։

Ավելին, Ղուկասյանը հավելում է․ «Իշխանությունն այսպիսով ցույց է տալիս, որ կարմիր գծեր չունի, արժանատավություն չունի, հայ ժողովրդի հետ ընդհանրապես որևէ կապ չունի և առաջնորդվում է միայն մեկ տրամաբանությամբ՝ պարզապես պաշտոն է՝ զբաղեցնում են ու ինչ ուզում են, կանեն»։

Անդրիաս Ղուկասյանի կարծիքով, նման հայտարարությունը «լպիրշ և ցինիկ վերաբերմունք» է բռնի տեղահանված հազարավոր մարդկանց նկատմամբ, իսկ եթե հանրությունը նման բան է հանդուրժում, ուրեմն թույլ է։ «Հանրությունը թույլ է տալիս իր հետ խոսել ոնց ուզում են։ Այլ երկրում, այլ պետությունում նման հայտարարության համար քաղաքացիները պաշտոնյայի գլուխը կջարդեին, բայց մեզ մոտ հանդուրժողական մթնոլորտ է ձևավորվել, և իշխանություններն էլ քայլ առ քայլ ավելի լպիրշ են դառնում», -ասում է Ղուկասյանը։

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի կարծիքով, այդ պարագայում Ադրբեջանը կորցնելու ոչինչ չունի, իսկ ահա Հայաստանն ունի․ «Հայաստանն այդպիսով կփակի Արցախի էջը»։

Հայաստանն Ադրբեջանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում 4 միջպետական գանգատ է ներկայացրել, ևս 1-ը` ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան։ Այդ գանգատները վերաբերում են 44-օրյա պատերազմին և դրան հաջորդած խախտումներին, Ադրբեջանում գերեվարված հայերի նկատմամբ ապօրինի դատավարություններին, Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներկայությանը, 2022 թ.-ի մարտից ԼՂ–ի շրջափակմանը, գազամատակարարման ընդհատումներին, Փառուխ և Քարագլուխ գյուղերի մոտ տեղի աւնեցած մարտերին, Լաչինի միջանցքի արգելափակմանը և 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ մարտական գործողություններին ու դրանց հետևանքով հայերի բռնի տեղահանմանը, նրանց գույքային իրավունքի վերականգնմանը։

Եթե Արցախի էջը փակվում է, ապա ըստ Սահակյանի, ապա տեղահանված հայերն էլ զրկվում են իրավունքների պաշտպանության ու վերականգնման իրավունքից։ Արդյունքում ստացվում է՝ կա՛մ հայերը չեն վերադառնա Լեռնային Ղարաբաղ, կա՛մ վերադարձի դեպքում կենթարկվեն մեկ այլ միջազգային հանցագործության։

Ինչ վերաբերում է արդեն ներկայացված ու քննության փուլում գտնվող հայցերին, ապա ըստ մասնագետի, դրանք կկարճվեն ու կթողնվեն առանց քննության։ «Եթե գործընթացը կարճվում է, ավտոմատ կերպով վերացվում են նաև արդեն ընդունված միջանկյալ որոշումները։ Պետք է նկատի ունենալ, որ բազմաթիվ քաղաքացիներ չեն դիմել ՄԻԵԴ անհատական իրավունքների պաշտպանության համար, քանի որ պետությունը հանձնառել է իրենց իրավունքների պաշտպանությունը։ Եվ եթե այժմ հրաժարվում է, այդ անձանց գույքային իրավունքները մնում են չպաշտպանված, և ժամկետներն անցնելու հիմքով այդ մարդիկ չեն կարող ինքնուրույն գույքային հայց ներկայացնել ՄԻԵԴ»,– նշում է Սահակյանը։

Հայաստանի դեմ ներկայացված Ադրբեջանի երկու հայցերը, իրավապաշտպան Նինա Կարապետյանցի պնդմամբ, իրավական առումով հիմնազուրկ են ու որևէ բովանդակություն չկա դրանցում։ «Դրանք հայելային հայցեր են, այսինքն՝ ներկայացվել են ինքնանպատակ, դրանք հիմնավորում չունեն և այնքան թույլ են, որ ոչ միայն մերժվելու են, այլ Ադրբեջանը ուղղակի խայտառակ է լինելու», -ասում է նա։ Դրան հակառակ Հայաստանի ներկայացրած հայցերը հաստատուն հիմքեր ունեն, ու դրանց բավարարվելու դեպքում Ադրբեջանը խնդիրներ է ունենալու։

«Այսպիսի անլուրջ քայլ, ինչպիսին հայցերից հրաժարվելումտադրությունն է, կարող են անել կամ չհասկացող, կամ կոլաբորանտ իշխանությունները, դա անթույլատրելի է։ Եթե հանկարծ կառավարությունը իր գոյության համար նման քայլի գնաց, մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու, իրավունքներից հրաժարում ենք ունենալու, ինչը թշնամական քայլ է Հայաստանի Հանրապետության նկատմամբ», -ընդգծում է Նինա Կարապետյանցը։

Հասմիկ Համբարձումյան

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest