Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավարությունը, որը ընթանում էր ավելի քան 7 տարի, այժմ էլ շարունակվելու է արդեն Վերաքննիչ քրեական դատարանում:

2015-ի հունվարի 29-ին ռազմական ինստիտուտում առանձնակի դաժանությամբ սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի ծնողները դիմել են Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով նախորդ տարի ապրիլին ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Այդ վճռով, հիշեցնենք, ամբաստանյալներ Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Նորիկ Սահակյանը, Մովսես Ազարյանը դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման, որից 7 տարվա շեմը նրանք արդեն անցել են:

Նախ՝ դատարանի վճռի համաձայն, ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները վերաորակվել էին՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ, 10-րդ հոդվածների (սպանությունը՝ առանձին դաժանությամբ, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, խուլիգանական դրդումներով) փոխարեն՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից): Այսինքն՝ մեղմացվել էր հանցանքը:

Նկատենք՝ դատախազությունը դատարանից ավելի խիստ պատիժ էր պահանջել. Գնել Թևոսյանի և Վաչե Սահակյանի համար` 20-ական, Նորիկ Սահակյանի ու Մովսես Ազարյանի համար՝ 18-ական տարի ազատազրկում: Դե իսկ ամբաստանյալները դատարանից խնդրել էին արդարացնել իրենց:

Մեղադրանքի համաձայն, այս երիտասարդները սպանության օրը բռնել էին անկողնում պառկած Հայկազ Բարսեղյանի ոտքերը և ձեռքերը, ձեռքի ափով փակել բերանը, ապա սուր կտրող ծակող գործիքով կտրել են Բարսեղյանի երակը, հարվածներ էին հասցրել Բարսեղյանի կրծքավանդակին և դեմքին՝ շարունակելով սառնասրտորեն փակել բերանը, սեղմելով պարանոցը՝ կոտրել էին Հայկազ Բարսեղյանի ոսկորը: Այնուհետև Բարսեղյանի դին պտտաձողից կախել էին:

Այս դաժանությամբ հանցանքի համար Հայկազ Բարսեղյանի ծնողները ակնկալում էին, որ ամբաստանյալները կենթարկվեն ցմահ դատապարտման:

Հիմա նրանք Վերաքննիչ դատարանից պահանջում են սրբագրել առաջին ատյանի դատարանի վճիռը:

«Յոթ տարի անհասկանալի ձգձգումներով, դատական նիստերում տանել-բերելուց հետո որոշում են կայացնում՝ 15 տարի ազատազրկում, դա պատի՞ժ ա էդ տեսակ հանցանքի համար», -Forrights.am-ին ասում է Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, որը դատարանում պահանջում էր ամբաստանյալ երիտասարդներին դատապարտել ցմահ ազատազրկման:

Նրա համար տարօրինակ է՝ ինչպե՞ս պետք է լիներ սպանությունը, որը դատարանի համար կորակվեր դաժան, իսկ պատիժը՝ ցմահ ազատաազրկում կամ ավելին, քան 15 տարին է: «Ի՞նչ պետք է լիներ, որ դատարանը համարեր՝ մարդուն դաժանությամբ են սպանել: Չէ՞ որ մարդը (նկատի ունի իր որդին՝ Հայկազ Բարսեղյանը-հեղ.) տեսել, զգացել ա՝ ոնց են իրան խոշտանգում: Երբ միամիտ վրա հասնեին ու միանգամից սպանեին, դա դաժանություն չէր լինի, բայց չէ՞ որ երեխեն տեսել ա ու ավելին գոռացել ա՝ ուզում եք սպանե՞ք ինձ, էդ արդեն դաժան սպանություն ա: Երակն են կտրել, կոկորդի ոսկորն են ջարդել, խեղդամահ են արել, հետո տարել կախել՝ էդ դաժան սպանություն չի՞: Ցմահ պետք ա տան», -հարցեր է բարձրացնում գրեթե ութ տարի առաջ որդուն կորցրած հայրը:

Հրապարակված վճիռը, Արկադի Բարսեղյանի խոսքով, ցույց է տալիս համակարգի անտարբերությունը՝ ստացվում է զինծառայության ընթացքում որդի կորցնելը համարվում է նորմալ երևույթ: Նրա ենթադրությամբ, դատարանը վճռել է պահանջվածից քիչ ազատազրկում նշանակել՝ շեշտը դնելով ամբաստանյալների երիտասարդ լինելու հանգամանքի վրա:

«Դե, երևի մտածում են՝ որդի է կորցրել, հա դե լավ, ոչինչ, կորցրել, կորցրել ես: Դատավոր Հարությունյանին հարց եմ տալիս՝ ի՞նչ է հասնում այդ տղաներին, ասում է՝ դե, գիտես, երիտասարդներ են, պետք է ճիշտ որոշում կայացնել: Էդ ամբաստանյալներն էլ հելնում էին, ասում էին՝ պարոն դատավոր, խնդրում ենք ճիշտ որոշում կայացրեք, մենք երիտասարդ ենք: Իրանց փաստաբաններն էլ նույնն էին ասում՝ երիտասարդների կյանք ա կործանվում: Բայց, իմ երեխու կյանքն էլ կործանեցին, չէ՞: Երիտասարդ բառից կառչեցին հենց սկզբից ու նման վճիռ կայացվեց», -նշում է Բարսեղյանը:

Հայկազ Բարսեղյանի սպանության գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Դավիթ Հարութունյան) վճիռը բողոքարկվել է, և Բարսեղյանների ներկայացուցիչ, փաստաբան Անի Թորոսյանը վճիռն ստանալուց հետո արդեն վերաքննիչ բողոքը ներկայացրել է:

«Համարում ենք, որ դատարանը սխալ իրավական գնահատական է տվել կատարվածին և դրա հիման վրա նշանակել ակնհայտ մեղմ պատիժ: Մենք պահանջել էինք ցմահ ազատազրկում պատիժ: Դուք ծանոթ եք դեպքի մանրամասներին, և եթե դատարանի համար նման դաժանությամբ սպանության համար 15 տարի ազատազրկումը բավարար է, ապա տուժողի կողմի համար՝ ոչ: Դա ընդհանրապես արդարությունից չի բխում», -Forrights.am-ին ասում է փաստաբանը:

Վերաքննիչ քրեական դատարան ներկայացված բողոքով տուժող կողմը բոլոր 4 ամբաստանյալների համար պահանջում է ցմահ ազատազրկում պատիժ: «Հուսանք՝ այս անգամ դատարանը արդարադատություն կիրականացնի», -ասում է Թորոսյանը:

Հասմիկ Համբարձումյան

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest