Ոստիկանությունը ՀՀ Վարչական դատարան հայց է ներկայացրել՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին՝ 2022-ի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հասարակական կարգը խախտելու համար: Մասնավորապես, ոստիկանությունը դատարանից պահանջում է տուգանք նշանակելով պատժել 10 ծնողի, որոնք իրենց բնորոշմամբ, չէին ենթարկվել ոստիկանության ծառայողների՝ հասարակական կարգը պահպանելու մասին պահանջներին և բերման էին ենթարկվել ոստիկանության բաժիններ:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների, հարազատները խաղաղ ակցիա էին իրականացնում՝ պահանջելով, որ ՀՀ վարչապետը և պաշտոնատար անձինք չմոտենան իրենց որդիների շիրիմներին: Սակայն ոստիկանության ծառայողները (կարմիր բերետավորները) փորձել էին խոչընդոտել ծնողների ակցիան և բռնի ուժ էին գործադրել խաղաղ ակցիա իրականացնողների նկատմամբ:

Հայցերի քննությունը դատարանում արդեն մեկնարկել է, սակայն ոստիկանության ներկայացուցիչը չի ներկայանում նիստերին՝ թեպետ պատշաճ կարգով ծանուցվել է դրանց անցկացման մասին:

Ոստիկանությունը հայցադիմումի մեջ բացատրել է, որ իրենք պետական ծառայություն են իրականացրել, և քաղաքացիները խախտել են կարգը, չեն ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջին, չեն կատարել այդ պահանջը, իսկ դա ենթադրում է որպես պատիժ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով։

Պատասխանող կողմի, այսինքն՝ ծնողների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ներսես Հարությունյանը նախ ասում է՝ ոստիկանությունն այդ օրը խաղաղ ակցիա իրականացնողներին օրինական պահանջ չի ներկայացրել, այլ ուղղակի փորձել է հեռացնել «Եռաբլուրի» տարածքից, այնուհետև ընդգծում է՝ ոստիկանության այս քայլը չի կարող դիտվել բարոյական՝ հաշվի առնելով զոհված զինծառայողների ծնողների վիշտը:

«Բարոյական առումով ոստիկանության այս քայլը ճիշտ չէ: Այս մարդիկ այնպիսի անելանելի վիճակի մեջ են, որ ամեն մի նման խնդիր նրանց համար հարյուրապատկում է նրանց վիշտը, թեժացնում է էմոցիոնալ ֆոնը, նոր տառապանք  է բերում նրանց», — Forrights.am-ին ասում է Ներսես Հարությունյանը:

Վարչական դատարանը փետրվարի 20-ին հրապարակելու է հայցերից մեկի մասով որոշում, և փաստաբանն ասում է՝ ակնկալում են ու նաև համոզված են, որ ոստիկանության հայցը կմերժվի:

«Դատարանում ներկայացրել ենք, որ ծնողների կողմից խախտում թույլ չի տրվել, հակառակը ներկայացրեցինք նաև, որ ոստիկանությունն է Քրեական օրենսգրքով սահմանված արարք թույլ տվել, այսինքն՝ քաղաքացիներին ոչ իրավաչափ կերպով բերման է ենթարկել ոստիկանություն», -ասում է փաստաբանը:

Հաջորդը Գարիկ Գալեյանի վերաբերյալ հայցի քննարկումն է, որը կկայանա փետրվարի 15-ին:

 

Զոհված տղաների ծնողները նաև քրեական վարույթի մասնակից են

Վարչական իրավախախտման գործերին զուգահեռ այս օրերին ակտիվ է նաև քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում առերեսումների ժամանակ զոհված զինծառայողների ծնողները ակցիաներ էին իրականացնում Քննչական կոմիտեի դիմաց:

Նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին «Եռաբլուրում» ծնողների նկատմամբ ոստիկանների գործողություններից անմիջապես հետո ծնողները ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջել էին քրեական վարույթ նախաձեռնել:

Քրեական վարույթը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով:

Վարույթի շրջանակներում որևէ մեղադրյալ չկա, բայց այս օրերին իրականացվում էին առերեսումներ ոստիկանության ծառայողների հետ:

Առերեսում կատարվում է այն ժամանակ, երբ քրեական վարույթի մասնակիցների ցուցմունքներում հակասություններ են լինում, և առերեսման ժամանակ պատասխանելով փաստաբանի հարցերին մասնավորապես Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության ստորաբաժանման գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանն ասել է, թե ինքն է կարմիր բերետավորներին հրաման տվել բերման ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին և որ այդ հրամանը օրինական է եղել:

Ծնողների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանի խոսքով, իրենք մասնակի ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, մասնավորապես այն, որ ծնողներին բերման ենթարկելու հրամանը տվել է Ջոմարդյանը:

44-օրյա պատերազմում անհետ կորած Արայիկ Բաղդասարյանի մայրը՝ Գոհար Դավթյանը, որն այս գործով տուժող էր ճանաչվել, ասում է՝ մինչև հիմա ոստիկանության ծառայողների կողմից բռնի գործողությունների հետքերը մնացել են մարմնի վրա: Նա խաղաղ ակցիա իրականացնողներից մեկն էր, որին մի քանի կարմիր բերետավորներ ոտքերից ու ձեռքերից բռնած արագորեն իջեցրել էին աստիճաններից ներքև: Ասում է՝ ձեռքի վրա այդ դեպքից հետո խորը պատռվածք է ունեցել, ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության: Այդուհանդերձ, կատարրվածից հետո նրա խոսքով, որևէ մեկը իրեն չի զանգահարել, ներողություն չի խնդրել:

Հովհաննիսյանն ասում է՝ «Եռաբլուրում» գրեթե բոլոր ոստիկանների գործողություններում եղել են հանցագործության տարրեր, հետևաբար բոլորն էլ պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Հասմիկ Համբարձումյան

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest