Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայողների մահվան մասին տեղեկությունը ցնցել է հանրությանը: Եվս 3 զինծառայող տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Այրվածքաբանության կենտրոն:

Հանրային զայրույթը զսպելու համար թերևս հրդեհի վերաբերյալ տեղեկությունը տարածելուց հետո հենց առաջին ժամերին հաղորդվեց մի շարք նաև բարձրաստիճան զինվորականների պաշտոններից ազատելու մասին: Չնայած հանրային առանձին գործիչների, քաղհասարակության դիրքորոշմանը, որ այս դեպքից հետո պետք է հենց պաշտպանության նախարարը հրաժարական տա, այդպես չեղավ:

Նախ՝ ՀՀ նախագահի հրամանագրով պաշտոնից ազատվեց 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյանը, այնուհետև հաղորդվեց ևս 7 զինծառայողի ազատման մասին: Նրանք են՝ 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Միհրան Սերգեյի Մախսուդյանը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, թիկունքի պետ՝ գնդապետ Շիրազ Գևորգի Խաչատրյանը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ գնդապետ Արթուր Սերժիկի Օհանյանը, բրիգադի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ռուդիկ Էդիկի Հակոբյանը, բրիգադի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, փոխգնդապետ Գոռ Սերգոյի Աղեկյանը, բրիգադի ինժեներական ծառայության պետ, կապիտան Տիգրան Նվերի Ղազարյանը, բրիգադի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գոռ Գեղամի Սարգսյանը:

Արդեն կառավարության նիստում պաշտոնապես հաղորդվեց, որ նախնական տվյալներով, հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետևանքով է դեպքը տեղի ունեցել: «Օգտագործվել է արգելված միջոց՝ ավտոբենզին, որը հնարավոր չի եղել մարել», -ներկայացրեց Սուրեն Պապիկյանը:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ ՀՀ քրեական օրենսգքրի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ «շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն ազնգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարվածը հրեշավոր համարեց, կարդաց Գլխավոր շտաբի պետի կարգադրությունը հակահրդեհային կանոնները պահպանելու մասին, ասաց, որ այդ կանոնները չեն պահպանվել. «Նախնական տվյալներով, ոչ միայն բենզին է օգտագործվել, այլև փորձ է արվել վառարանն օգտագործելու համար 5 լիտրանոց տարայով բացել լցնել վառարանի մեջ, բնականաբար, երբ որ արդեն բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, նաև բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, էլի նախնական տվյալներով, էդ 5 լիտրանոցով բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ, մեծ հավանականությամբ, ոչ դիտավորյալ»:

Forrights.am-ին Ազատ գյուղից փոխանցեցին, որ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանը գյուղական փոքր տնակ է եղել, որը զինծառայողների համար ծառայում է որպես կացարան 2020-ի պատերազմից հետո:

«Դե գյուղի էդ փոքր տունը բնակեցված չէր, բերեցին զինվորներին տեղավորեցին էդ տնակում», -ասաց մեր զրուցակիցը:

Կացարանը ջեռուցվել է վառարանով, ինչը վառելու հետևանքով առաջացած հրդեհը այրել է ամբողջ սենյակը: Մեր զրուցակիցն ասաց, որ պատուհանները երկաթյա ճաղավանդակ են ունեցել, դրանցով հնարավոր չի եղել դուրս գալ, երկար ժամանակ փորձել են քանդել տան պատը զինծառայողներին այնտեղից դուրս բերելու համար:

«Տղաները քնած են եղել», -հավելեց նա:

Ի դեպ, գյուղացիներն ասացին, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի այցելել դեպքի վայր:

Հասմիկ Համբարձումյան

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest