Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Հրազդանի նստավայր) դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ մարտի 23-ին շարունակվեց ֆիզիկոս Հրայր Ազիզբեկյանին վրաերթի ենթարկելու գործով դատական նիստը:

2020-ի հուլիսի 26-ին տեղի ունեցած ողբերգական վրաերթի դեպքին Forrights.am-ը անդրադարձել էր, ներկայացրել կատարվածը, նախաքննության ու մինչ այժմ դատաքննության ընթացքը, կողմերի դիրքորոշումները:  Հրայր Ազիզբեկյանը մահացել էր այդ օրը վրաերթի հետևանքով: Սկզբում նրա մեքենան Քաղսի գյուղի մոտակայքում բախվել էր գյուղացիներից մեկի մեքենային, տուժածներ չեն եղել, ոստիկանությունը և ապահովագրական ընկերության ներկայացուցիչները ժամանել, անհրաժեշտ գործողություններն արել ու հեռացել էին: Սակայն արդեն կեսգիշերին մոտ նույն դեպքի վայրում «Նիսսան ֆուգա» մակնիշի մեկ այլ մեքենա մեծ արագությամբ հարվածել է փողոցում վթարված կարմիր «Ժիգուլիին», և երկու մեքենաների միջև գտնված Հրայր Ազիզբեկյանը այդ հարվածի հետևանքով տեղում մահացել էր։

Մեկ տարուց ավելի ձգված ու մի քանի քննիչների ձեռքի տակով անցած նախաքննությունը պարզել է, որ հարվածը հասցրած «Նիսսան ֆուգա» մակնիշի մեքենայի ղեկին եղել է ոստիկանության ավագ օպերլիազոր Վարդան Խաչատրյանը, սակայն վերջինը ու նրա պաշտպանը և՛ նախաքննության ընթացքում, և՛ դատարանում հայտարարում են, որ ղեկին եղել է Վարդան Խաչատրյանի հայրը՝ դարձյալ ոստիկանության համակարգի նախկին ծառայող 65-ամյա Սամվել Խաչատրյանը:

Նկատենք, որ թեպետ Վարդան Խաչատրյանը մեղադրյալի աթոռին է, այդուհանդերձ շարունակում է ծառայությունը ոստիկանական համակարգում:

Այսօր դատարանում ցուցմունք տվեցին մեղադրյալ Վարդան Խաչատրյանի ընկերը և հայրը, որոնք, չնայած գործով առկա հակառակ ցուցմունքների, պնդեցին պաշտպանական կողմի դիրքորոշումը՝ ոչ թե Վարդան Խաչատրյանն է վթարի պահին եղել «Նիսսան ֆուգա» մակնիշի մեքենայի ղեկին, այլ նրա հայրը՝ Սամվել Խաչատրյանը:

Մոտ ընկերոջ ցուցմունքը

Նախորդ դատական նիստերից մեկում պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդության հիման վրա այսօրվա դատական նիստում առաջինը ցուցմունք տվեց Վարդան Խաչատրյանի հին ընկերը՝ Նարեկ Ենգիբարյանը: Դեպքի օրը՝ 2020-ի հուլիսին, Ենգիբարյանը ոստիկանության համակարգի ծառայող է եղել, ու Վարդան Խաչատրյանի հետ նրանք սերտ մտերմություն են ունեցել: Երիտասարդի ցուցմունքի էությունն այն էր, որ պնդի՝ «Նիսսան ֆուգայի» ղեկին եղել է ավագ Խաչատրյանը:

Նա պատմեց, որ հուլիսի 26-ին երեկոյան գնացել է Կոտայքի մարզի Լեռնանիստ (Վերին Ախտա) գյուղ հարազատի տուն ինչ-որ իրեր վերցնելու և հետդարձի ճանապարհին գիշերը ժամը 23:00-ի սահմաններում գյուղի մատուռի մոտ պատահական տեսել է ընկերոջը՝ Վարդան Խաչատրյանին հոր հետ: Ասաց՝ կանգնել է, «մի երկու րոպե» խոսել Խաչատրյանների հետ, հետո շարժվել: Ավելի ուշ, շուրջ 15 րոպե հետո Վարդան Խաչատրյանը զանգահարել է նրան, տեղեկացրել, որ վթարի են ենթարկվել, անհրաժեշտ է իր ներկայությունը: Նարեկ Ենգիբարյանն ասաց, որ ինքն էլ շատ արագ գնացել է վթարի դեպքի վայր, այնտեղ տեսել է Խաչատրյաններին, Վարդանի հորը՝ Սամվել Խաչատրյանին իր մեքենայից ջուր է տվել, որ լվացվի, հանգստացրել է:

Մեղադրող դատախազ Գոռ Խանզադյանի հարցերին պատասխանելիս պարզվեց, որ դեպքի վայրում «խառը ժողովուրդ» են հավաքված եղել, «իրարանցում, խառնաշփոթ էր»: «Սամվել Խաչատրյանը դողում էր, ասեց ավտոյի ենք խփել, ասեցի՝ արի գնանք, հանգստացի», -պատմեց վկան:

Վկան նաև ասաց, որ մինչև Լեռնանիստ գյուղում պատահական հանդիպումը,  հեռախոսով խոսել են Վարդան Խաչատրյանի հետ: Սակայն դատախազը նկատեց, որ ըստ գործի նյութերի, Վարդան Խաչատրյանի հեռախոսազանգերը ժամը 22:13 րոպեից սպասարկվել են Քաղսի գյուղի և ոչ թե Լեռնանիստի ալեհավաքների կողմից: «Ճիշտն ասած ես անտենաներից բան չեմ հասկանում», -արձագանքեց վկան:

Բացի այդ, ըստ գործի նյութերի, երեկոյան ժամը 20:00-ից մինչև 22:37 ընկած ժամանակահատվածը Նարեկ Ենգիբարյանը և Վարդան Խաչատրյանը հեռախոսով խոսել են միմյանց հետ 6 անգամ ինը րոպե տևողությամբ: Այդ զրույցներից և ոչ մեկի ժամանակ, ըստ վկայի, Վարդան Խաչատրյանը չի ասել, որ գնում է Լեռնանիստ գյուղ՝ մատուռում մոմ վառելու:

Դատավոր Հովհաննես Ավագյանի հարցերին պատասխանելիս վկան ասաց, որ մինչև Լեռնանիստ գյուղ, Հրազդանում և դրա մերձակայքում մեծ թվով եկեղեցիներ կան: Այս պատասխանից հետո դատավորը հետաքրքրվեց՝ ինչո՞վ է բացատրում այն, որ հայր ու որդի Խաչատրյանները իրենց բնակության վայր Հրազդանից անցել են շուրջ 12 կմ ճանապարհ ու գնացել Լեռնանիստ գյուղ մոմ վառելու: «Չեմ իմանում», -արձագանքեց վկան:

Անցնելով առաջ, վկան ասաց, որ դեպքի վայր ժամանած ՃՈ աշխատակիցները ստուգել են Սամվել Խաչատրյանի սթափության աստիճանը: Տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Քալանթարյանը հետաքրքրվեց՝ ո՞վ որոշեց, որ պետք է հենց Սամվել Խաչատրյանի սթափության աստիճանը ստուգել, վկան պատասխանեց՝ չգիտեմ:

«Ոչ ոք ձեր՝ այնտեղ եղած ժամանակ չհարցրե՞ց ով է եղել վարորդը», -փաստաբանի այս հարցին նույնպես վկան բացասական պատասխան տվեց:

Փաստաբանի հարցադրումներից նաև պարզվեց, որ և վկան, և մեղադրյալ Վարդան Խաչատրյանը ճանաչում են դեպքի վայրում քննչական գործողություններ իրականացրած քննիչին: «Հա դե, սաղին էլ ճանաչում ենք գործի բերումով», -անկեղծացավ վկան:

Մեկ այլ ուշագրավ դրվագ ևս պարզվեց՝ ՃՈ աշխատակիցներից Արթուր Մինասյանն իր ցուցմունքում ասել է, որ մեղադրյալի հայրը՝ Սամվել Խաչատրյանը, դեպքի վայրում չի եղել և տաքսիով է 15-20 րոպե հետո հասել դեպքի վայր: Երբ այս ցուցմունքը դատավոր Ավագյանը վկայակոչեց, վկան արձագանքեց. «Պարոն դատավոր, ես գնացել եմ, ինքն ըտեղ ա եղել, կարող ա չի տեսել»: «Դե ձեզանից մեկը սուտ է ասում, կա՛մ դուք, կա՛մ Արթուր Մինասյանը», -եղավ դատավորի պատասխանը:

Ի դեպ, շտապօգնության մեքենայի վարորդը ևս իր ցուցմունքում ասել է, որ Սամվել Խաչատրյանին, որին ճանաչում է, դեպքի վայրում չի տեսել:

«Ես եմ եղել ղեկին». հայրը չի ցանկանում, որ որդին մեղադրվի

Մեղադրյալ ավագ օպերլիազոր Վարդան Խաչատրյանի հայրը՝ 65-ամյա Սամվել Խաչատրյանը, Հրազդանի բնակիչ է, 30 տարի աշխատել է ոստիկանական համակարգում, մասնավորապես, եղել է ՃՈ հետաքննիչ ու իր աշխատանքային գործունեության ընթացքում վթարների դեպքերի մասին շատ բան գիտի:

Պատմեց, որ որդու հետ հուլիսի 26-ին ժամը 20:00-ի կողմերը գնացել են Լեռնանիստ գյուղի մատուռ մոմ վառելու, «մի երեք ժամ» եղել են այնտեղ, «ազատ դաշտում ֆռֆռացել» են: Արդեն հետդարձի ճանապարհին Քաղսի գյուղի մոտ, ըստ վկայի, հանդիպակաց ընթացող մի մեքենա քսենոն տեսակի լույսերով շլացրել է իրեն, ինքը չի տեսել ու հարվածել է «կարմիր ժիգուլուն»: Ասաց, որ ինքը մնացել է մեքենայի մեջ, որդին է իջել մեքենայից ու եկել ասել, որ իրենց մեքենայի բախումից մարդ է մահացել: «Ես չէի հավատում, որ իմ հետ նման դեպք է կատարվում»,-ասաց 65-ամյա վկան:

Վկային ուղղված հարցերից պարզ դարձավ, որ մեղադրյալի հայրը, որը ձգտում է ինքը լինել մեղադրյալ, երկար տարիներ՝ 2010 թվականից վարորդական վկայական չի ունեցել, թեպետ դատարանում սկզբում պնդում էր, թե ունի վկայական: Թեպետ վարորդական վկայական չի ունեցել, սակայն պարբերաբար վարել է «Նիսսան ֆուգա» մակնիշի մեքենան: Պարզվեց, որ հույս է ունեցել, որ իր նախկին գործընկերները այդ խախտումը նկատելիս իրեն չեն տուգանի:

Դատավոր Հովհաննես Ավագյանը հարցերի միջոցով վկայից ճշտեց, որ դեպքի օրը որդին՝ Վարդան Խաչատրյանը, վարորդական վկայական ունեցել է, ալկոհոլ օգտագործած չի եղել ու հարցրեց. «Այդ պայմաններում դուք՝ առանց վարորդական վկայականի, նախկին ոստիկան, ձեր որդին էլ գործող ոստիկան, դո՞ւք եք նստել մեքենա, դուք եք վարե՞լ»: «Այո», -պնդեց վկան:

Պարզվեց նաև, որ Սամվել Խաչատրյանն ունի հեռախոս, սակայն աշխատանքային հերթափոխի օրերից բացի, մյուս օրերին իր մոտ չի պահում հեռախոս: Դեպքի օրը իր հետ հեռախոս չի եղել: Սակայն հեռախոսազանգերի վերծանումների համաձայն, դեպքի ժամանակ որդին զանգահարել է հոր հեռախոսահամարին:

Պաշտպանական կողմը միջնորդել էր նաև, որ այսօր կհարցաքննվի տաքսիստը, որը ծանուցվել էր, սակայն չէր ներկայացել դատական նիստին: Դատարանը որոշեց նրա ներկայությունը մյուս նիստին ապահովել հարկադիր միջոցներ կիրառելով: Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 26-ին:

Հասմիկ Համբարձումյան

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest