Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմներում զոհված զինծառայողների ոսկորների, դիակների, ինչպես նաև քարտեզների փոխանցման գործընթացները իրականացվում են առանց նախապայմանների: Այդ մասին Forrights.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Ազգային անվտանգության ծառայությունից:

«Նման գործընթացները երկուստեք իրականացվում են առանց որևէ նախապայմանների», -ասել են ԱԱԾ-ից՝ պատասխանելով մեր հարցին, թե ինչի՞ դիմաց է հայկական կողմը Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկրեր և դիակների նշումով 2 քարտեզ փոխանցել Ադրբեջանին, արդյոք ադրբեջանական կողմը համարժեք քայլ կատարել է:

Forrights.am-ը նաև փորձել էր հստակեցնել, թե ի՞նչ է նշանակում հաղորդագրության մեջ նշվող «ենթադրաբար» եզրույթը:
«Հաղորդագրության մեջ նշված «ենթադրաբար» եզրույթը օգտագործվել է՝ նկատի ունենալով, որ հայտնաբերված ու ադրբեջանական կողմին հանձնված ոսկրերի պատկանելիության հարցը դեռևս պետք է որոշվի Ադրբեջանի Հանրապետության կողմից», -պատասխանել են ԱԱԾ-ից:

Նկատենք, որ Հայկական կողմը դեկտեմբերի 1-ին էր Ադրբեջանին փոխանցել 10 զոհերի ոսկրեր ու 4 դիակների նշումով երկու քարտեզ, բայց մինչ այդ՝ նոյեմբերի 28-ին Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական զինված ագրեսիայի հետևանքով զոհված 13 զինծառայողների դիեր: Հետևաբար, որքան էլ պատկան մարմինները պնդեն, թե նախապայմաններ չկան փոխանակման նման գործընթացների համար, այդուհանդերձ, դեպքերի  ժամանակագրությունը հակառակն է հուշում:

Ի դեպ, նոյեմբերի 10-ին կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 13-14-ի մարտերի հետևանքով հայկական կողմն ունի 16 անհետ կորած զինծառայողներ: «Մենք սեպտեմբերի 13-ից 16 անհետ կորած ունենք, և այդ տղաների մարմինները գտնվում են ադրբեջանական տիրապետության ներքո հայտնված տարածքներում, ու Ադրբեջանը բոլոր հնարավոր մեթոդներով, մտացածին պատրվակներով ձգձգում է նրանց վերադարձը Հայաստան»,- ասել էր նա:

Սակայն նոյեմբերի 28-ին 13 զինծառայողների դիերի փոխանցման մասին հայտարարությունից հետո մինչ այժմ դեռևս տեղեկություններ չկան մնացած 3 զինծառայողների կամ նրանց դիերի գտնվելու վայրի մասին:

Օրերս ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ Հայաստանին փոխանցված 13 զինծառայողի դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է:

Հասմիկ Համբարձումյան

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest