Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում բռնկված հրդեհի հանգամանքների վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել, որոնք առաջին հայացքից կասկածի տակ են դնում թեև նախնական, բայց պաշտոնական վարկածը: Դասակի հրամանատարը հունվարի 19-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ զորամասի տարածքում բենզին չի եղել:

«Երեկ ես այստեղ եղել եմ և որևէ վառելիք չի եղել, եթե լիներ էլ ես չէի թույլատրի, որ վառելիքով վառարան վառվեր», -ասել է դասակի հրամանատարը:

Մինչդեռ, հիշեցնենք, և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էին, որ հրդեհն առաջացել է հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետևանքով, երբ օգտագործվել է ավտոբենզին: Փաշինյանը նույնիսկ նկարագրել էր՝ ինչպես է եղել դեպքը. «Նախնական տվյալներով, ոչ միայն բենզին է օգտագործվել, այլև փորձ է արվել վառարանն օգտագործելու համար 5 լիտրանոց տարայով բացել լցնել վառարանի մեջ, բնականաբար, երբ որ արդեն բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, նաև բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, էլի նախնական տվյալներով, ինքնապաշտպանական բնազդից ելնելով էդ 5 լիտրանոցով բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ, մեծ հավանականությամբ, ոչ դիտավորյալ»:

Դասակի հրամանատարը այլ մանրամասներ չի ներկայացրել՝ ասելով, որ նախաքննություն է ընթանում, իրավապահները կպատասխանեն բոլոր հարցերին: Բայց մեկ այլ ուշագրավ հայտարարություն նա ևս արել է՝ նշելով, որ բանակում իր որակմամբ՝ «բառդակ» է, իսկ դրա պատասխանուն բոլորն են ու մասնավորապես՝ բարձրաստիճան պաշտոնյաները:

«Բանակի թուլացումը, այսպես ասած, բառդակը գալիս ա բոլորից՝ Գլխավոր շտաբի պետ, նախարար, վարչապետ, սրանից հետո ինձ ինչ ուզում են թող ասեն կամ անեն, դա ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, որովհետև երբ չես կարողանում ծնողներին պատասխան տալ, դրանից վատ բան չկա», -լրագրողների հետ զրույցում ասել է նա:

Պաշտպանության նախարարությունը առայժմ չի հրապարակել զոհված տղաների անունները: Այս պահին Այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժում են ստանում հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ ստացած 3 զինծառայողներ՝ 2-ը շարքային, մեկը՝ սպա: Երեք զինծառայողներից 2-ի վիճակը ծանր է, նրանք ունեն շնչուղիների այրվածք, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ «Բոլոր հիվանդներն այրվել են բոցից,- այսօր լրագրողներին ասել է Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը։

Նրա ներկայացմամբ զինծառայողների շնչուղիները այրված են, իսկ բոլոր տեսակի շնչուղիների այրվածքները կյանքի համար վտանգավոր են: Երրորդ զինծառայողը գտնվում է այրվածքաբանության բաժանմունքում, նրա վիճակը ավելի կայուն է:

Forrights.amայսօր ավելի վաղ ներկայացրել էր, որ պաշտոնական հաղորդագրությամբ զորամասի կացարան ներկայացվող կառույցը շատ է տարբերվում դասական իմաստով կացարանից. այն գյուղական փոքր քարե տնակ է, երկաթյա ճաղավանդակներով պատուհաններով, որից ըստ գյուղացիների, մարդիկ չեն կարողացել դուրս գալ:

Հասարակական-քաղաքական տարբեր գործիչներ արդեն քննադատել են կառավարությանը անվտանգային տարրական պայմաններ չունեցող տարածքներում զինծառայողներին պահելու համար:

«Սա հանցավոր շարունակական անգործության օրինաչափ հետևանքն է այսպիսի ծանր կորուստներով»,- հայտարարել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նա ընդգծել է, որ պատասխանատուները պետք է ենթարկվեն պատասխանատվության։

«ԳՇ պետը, Պաշտպանության նախարարը որպես պատասխանատու պաշտոնատար անձինք պետք է հրաժարական տան անհապաղ։ Այստեղ քրեական պատասխանատվության մասին չէ խոսքը, այլ քաղաքական պատասխանատվության և շարունակական անգործության հետևանքով ոչ պատշաճ կառավարման և պատասխանատվության», -նշել է Սաքունցը:

«Պապիկյանը պետք է հայտարարի իր հրաժարականի մասին և հեռանա: Եթե վարչապետը նշանակել է նրան պաշտպանության նախարար, չի նշանակում նա պրոֆեսիոնալ է, նա ընդհամենը վարչապետի համար վստահելի մարդ է եղել: Այդ պաշտոնում պրոֆեսիենալներ են պետք, և ես համոզված եմ, որ մեր զինվորականության մեջ կլինեն կրթված, բարեխիղճ ու սրտացավ զինվորականներ», «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը:

Սուրեն Պապիկյանը հրաժարական, բնականաբար չի ներկայացրել, այդ մասին քննարկում էլ չկա, փոխարենը հրաժարական են ներկայացրել 8 զինվորականներ, որոնց թվում եղել է նաև 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը:

Հասմիկ Համբարձումյան

 

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest