44-օրյա պատերազմում զոհված ազգությամբ եզդի Մուրադ Քալոյանի ընտանիքում նրա մասին անցյալով չեն խոսում։ «Ինքը մեզ հետ է, միշտ է լինելու մեզ հետ», -ասում է մայրը՝ 39-ամյա Թերեզա Բրոյանը։

Քալոյաններն ապրում են Երևանում, Էրեբունի վարչական շրջանում, որտեղ էլ Մուրադը ծնվել, մեծացել է։ Տան մի անկյունում Մուրադի լուսանկարներն են՝ մեծ-փոքր, գունավոր, սևուսպիտակ, որտեղ մեղմ ժպտացող երիտասարդը զինվորական կամ քաղաքացիական հագուստով է, նրա պատվոգրերն են ու շքանշանները։ Լուսանկարների կողքին նրա գրպանից գտնված իրերն են՝ հեռախոս, 5000 դրամանոց, որը ծնողները լամինացրել ու, որպես հուշ, պահում են, և ժամացույցը։ Արդեն շուրջ երեք տարի այս անկյունում մոմեր են վառվում, դրվում են թարմ ծաղիկներ։

«Մի անգամ, հիշում եմ, դպրոցում հարցրել էին՝ ինչ ես դառնալու, ասել էր՝ մեծանամ, լիդեր եմ դառնալու», -ասում է սևազգեստ մայրը։

2020-ի պատերազմից անցել է ավելի քան երկու տարի, սակայն միևնույն է, ծնողները որդու մասին չեն կարողանում առանց արտասվելու խոսել․«Էնքան ուժեղ մամա եմ եղել, հիմա չեմ կարում, ուժս չի պատում»։

Մուրադ Քալոյանը բանակ է զորակոչվել 2018-ի հուլիսին և ընդամենը 16 օր էր մնացել, որ վերադառնար, երբ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսվել է պատերազմը։ Սկզբում ծառայությունն անցել է Հադրութում, այնուհետև՝ Նուբարաշեն, որտեղ ծառայել է որպես դիպուկահար ու պատվոգրով-մեդալով վերադարձել Արցախ։ Մարտունու զորամասում էր, երբ սկսվել է պատերազմը։

Յուրիկ Քալոյան՝ Մուրադ Քալոյանի հայր

«26 օր ակտիվ մարտերի մեջ ա եղել։ Հոկտեմբերի 22-ի գիշերը 23-ի լուսադեմին, Մարտունիից Ֆիզուլի ճանապարհին տեղափոխվելիս, երբ իրանցից առաջ գնացող մեքենային ԱԹՍ-ն ռմբակոծում ա, հրաման ա լինում իջնել մեքենայից։ Իջնում են։ Բայց ցրված չեն լինում, հավաքվում են կամանդիրի շուրջը ու էդ ժամանակ ԱԹՍ-ն հարվածում ա», -պատմում է Մուրադի հայրը՝ 40-ամյա Յուրիկ Քալոյանը։

Որդու մահվան մասին Քալոյաններին տեղեկացնում է նրա մանկության ընկերը․ «Զանգեց, ասեց՝ առյուծդ ընկավ»։

«Մինչև վերջ մեզ ոգևորում էր, հարցնում էինք՝ թե՞ժ են մարտերը, ասում էր՝ չէ, ոչ մի բանի մի հավատացեք, հաղթելու ենք, ու էդ մեզ հույս էր տալիս։ Ասում էր՝ մամ, պատերազմ եմ, տեսել, գալու եմ թոռներիս պատմեմ», -պատմում է մայրը։

Թերեզա Բրոյան՝ Մուրադ Քալոյանի մայր

Պատերազմից առաջ Մուրադ Քալոյանը հունահռոմեական ըմբշամարտով էր զբաղվում, մրցությունների ժամանակ զբաղեցրել է պատվավոր տեղեր, ստացել պատվոգրեր։ Նպատակ ուներ բանակում ծառայությունից հետո շարունակել զբաղվել այդ մարզաձևով։ Հիմա էլ, հայրն ասում է, ամեն տարի իր անվան մրցումներ են կազմակերպում Դինամո մարզադաշտում։

«Սաղ իրան սիրում էին, բոլորը, բոլորը՝ թե հրամանատար, թե շարքային։ Ընկերության մեջ հարգված էր, շատ ընկերասեր էր։ Իմ ընկերն էր ավելի շատ, մի տեսակ ընկերություն ենք արել», -հիշում է հայրը։

Հ․ Գ․ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն/ www.forrights.am-ը սկսում է ներկայացնել Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, որոնք մասնակցել են պատերազմին և հերոսաբար զոհվել հայրենիքի համար։

Հասմիկ Համբարձումյան

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութի հեղինակ Ռուզաննա Քոչարյան

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest