«Սևան» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) ցմահ դատապարտյալների ծնողներն ու հարազատները արդեն երեք օր է՝ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ խնդրելով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կառավարությունից, սակայն, նրանց հստակ պատասխան չեն տալիս՝ անընդհատ նշելով, որ արդարադատության նախարարություն են ուղղել դիմումը, արձագանքը կփոխանցեն։

«Ամեն ինչ անում են, որ ակցիայի մասնակիցներին ցրեն կառավարության շենքի մոտից», -կառավարության վարքագիծն է բացատրում Արման Սարգսյանը։

Արմանը «Սևան» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալների հետ միասին պատիժ է կրել, ծանր ժամանակներում դարձել են ընկերներ, ծանոթ է նրանց քրեական գործերին ու այժմ պայմանական վաղաժամկետ ազատության մեջ փորձում է ամեն կերպ ընկերների խնդիրները բարձրաձայնել կառավարիչների առաջ։

Նոյեմբերի 27-ից նրա ընկերները՝ «Սևանի» ցմահ 8 դատապարտյալներ՝ Ստեփան Ներսիսյան, Հակոբ Խաչատրյան, Արթուր Մկրտչյան, Գեորգի Խանամիրյան, Արտակ Ալեքյան, Արամ Առաքելյան, Էմիլ Չիվթչյանը և Իգոր Օհանյան, հայտարարել են անժամկետ հացադուլի մասին։ Նրանք փորձում են ծայրահեղ քայլի միջոցով հանրության համար լսելի դարձնել իրենց խնդիրները, որոնք չնայած տարբեր խոստումներին, տարիներ շարունակ չեն լուծվում։

«Օրենքը չի գործում, և դատապարտյալներին հնարավորություն չեն տալիս միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններից տեղափոխվել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններ։ Մասնավոր զրույցներում ասում են՝ վերևներից թույլտվություն, կարգադրություն չունեն, դրա համար ոչինչ չեն անում։ Այսինքն՝ կառավարությունը քաղաքական որոշում չունի վաղաժամկետ ազատ արձակել մի քանի տասնյակ տարիներ պատիժ կրող ու բարեխիղճ վարք դրսևորած ցմահ դատապարտյալներին», -Forrights.am-ի հետ զրույցում ասում է Արման Սարգսյանը։

«Այժմ կրկին առաջ է քաշվել մի օրենսգիրք, որի պահանջներին հետևելով, մենք առաջ ենք շարժվում, սակայն գալիս է մի փուլ, մի պայման, որից հետո առաջխաղացումը անհնար է դառնում, քանի որ օրենքի պահանջների կատարման մեխանիզմները և համապատասխան որոշումները կա՛մ հակասում են մայր օրենքին, կա՛մ ստեղծվում են տարբեր պատճառներ՝ այն չկատարելու համար։ Մոտ երկու տարի առաջ մշակվեց և կիրառման մեջ դրվեց նոր քրեակատարողական  օրենսգիրքը, որում տեղ գտան որոշ դրույթներ, որոնք մեր՝ կիսաբաց ռեժիմում պատիժը կրող դատապարտյալների նկատմամբ կա՛մ չեն կիրառվում, կա՛մ կիրառվում են նոր Քրեակատարողական օրենսգրքի այն դրույթները, որոնք մեր պարագայում պայմանները խստացնող բնույթ ունեն», -օրերս իրենց տարածած բաց նամակում հայտարարել էին ցմահ դատապարտյալները։

Արման Սարգսյանն ասում է՝ նոր ընդունված օրենքներով խստացնող բնույթ ունեցող դրույթները չեն կարող կյանքի կոչվել, քանզի Հայաստանի Սահմանարդությամբ արգելված է անձի նկատմամբ վատթարացնող բնույթ ունեցող դրույթի իրագործումը։

«Սա կամայական մոտեցում է, և ավելին՝ հակասահմանադրական քայլ է, ինչը կառավարության ու արդարադատության նախարարության տիրույթում է», -նշում է Արման Սարգսյանը։

Պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու համար ներմուծված բալային համակարգի կիրառման ընթացքում, ըստ Սարգսյանի, իրավապահ մարմինները արհեստական տարբեր խոչընդոտներ են առաջացնում, որպեսզի ցմահ դատապարտյալն այդպես էլ չստանա իր համար այդքան ցանկալի դրական բնութագիրը՝ ազատություն ստանալու համար։

«Ցմահ դատապարտյալներն այդ համակարգի կիրառումից հետո պարբերաբար զրկվում են դրական զեկույցներ ստանալու հնարավորությունից։ Եթե ունենում են դրական զեկույցներ, արդեն դատարաններն են սկսում դատախազների հետ խոչընդոտել, որ անձինք պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեն։ Օրինակ՝ քրեակատարողական հիմնարկը կարող է ասել՝ դատարան և դատախազ, վերասոցիալականացրել ենք, ազատիր, որ գնան հանրության մեջ, բայց դատարանը և դատախազը մերժում են», -ներկայացնում է Սարգսյանը։

Այդպես եղավ ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի պարագայում, երբ վերջերս դատարանը մերժել էր ազատ արձակել նրան։ Մկրտչյանը 20 տարուց ավելի անազատության մեջ է, օրերս վարչապետին բաց նամակ էր հղել, սակայն՝ անարձագանք։ «Վերասոցիալականացման ուղուց կրկին անցում ենք կատարում պատժողական քաղաքականության, որը ՀՀ կառավարության որդեգրած սկզբունքների խախտում է։ Ամեն ինչ դարձել է ձևական, մինչ օրս դեռ դուրս չենք եկել սովետական բյուրոկրատական ճահճից: Իրականությունը այն է, որ ոչ թե օրենքն է գործում, այլ պլան են կատարում՝ ամեն ինչը թղթի վրա է տեղի ունենում, թղթի վրա իմ հետ աշխատանք են տանում, որ իմ մոտ դրական վարքագիծ ձևավորեն և այդ վարքագծի վերաբերյալ բացասական դիրքորոշում հայտնում, թղթի վրա առանց հիմնավորելու՝ իմ հանցանք կատարելու բարձր-ցածր հավանականությունն են որոշում, կարծիքներ են իմ մասին կազմում ելնելով այնպիսի տվյալներից, որոնք անհնար է որ փոխվեն (օրինակ կատարած հանցանքի բնույթը), կամ էլ ունեն տասնյակ տարիների վաղեմություն և այնպիսի «մասնագետների» կողմից, որոնք ինձ միայն թղթերով են ճանաչում»,-նշել էր նա իր նամակում։

Արթուր Մկրտչյանի մայրը՝ Ջավահիր Մկրտչյանը, նույնպես կառավարության ղեկավարի հետ հանդիպում պահանջողներից էր։ «Հիմա Հայաստանի իրավապահները հանցագործ են համարում Վովա Գասպարյանին (նկատի ունի ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին-հեղ․), բայց նրա կարած-կպցրած որոշումները չեն վերանայում։ Նրա ղեկավարությամբ կայացրած բոլոր որոշումները պետք է վերանայվեն, Արթուրը այդ որոշումների զոհն է։ Չենք ասում ներեն, արդարացնեն, բայց գոնե այսքան երկար պատժի կրումից հետո ազատ արձակեն, էդ մարդիկ վերադառնան հանրության մեջ։ Օրենքն ասում է՝ պատժի կրման 20 տարին լրանալուց հետո կարող են ազատվելու մասին դիմում գրել, այդ 20 տարին լրանալուց հետո մենք անհաշիվ դիմումներ ենք գրել, բայց ոչ մի արդյունք», -ասում է ցմահ դատապարտյալի մայրը։

«Սևանում» պահվող ցմահ դատապարտյալ Էմիլ Չիվթչյանը ևս անժամկետ հացադուլի մեջ է։ Նրա մայրը՝ Վարսենիկ Ղազարյանը, կառավարության շենքի դիմաց արդեն երեք օր է՝ պահանջում է, որ «կառավարության անդամները հետևեն օրենսգրքի պահանջներին»։

«Օրենքով վաղաժամկետ ազատման հնարավորություն է տրվում, բայց չեն իրագործում օրենքը, դրա համար ենք մենք բոլորս այս օրերին այստեղ», -ասում է տիկին Վարսենիկը։

Նա նշում է՝ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ նշանակվելուց «շատ մեծ հույսեր» են ունեցել, որ հնարավոր կլինի ցմահ դատապարտյալների նկատմամբ կարծրատիպերը փոխել։ «Շատ մեծ հույսեր ունեինք, որ վարչապետը կկարողանար հին կարծրատիպերը փոխել, կոտրել ու նոր հանգամանքների հիման վրա քննություններ կատարվեին։ Դեռ հույսեր ունենք, չգիտեմ», -ասում է ցմահ դատապարտյալի մայրը։

Դեռևս չորս տարի առաջ, երբ ցմահ դատապարտյալների վերաբերյալ Հայաստանի օրենսդրության որոշ դրույթներ բարելավվում էին, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հկ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հույս ուներ, որ նրանց պահման պայմանները ևս կբարելավվեին, իսկ պատժի կրման ձևերը կփոխվեին, կդառնային հումանիստական։ Սակայն տարիներ անց, նրա խոսքով, ցմահների վիճակը ավելի վատացել է, այն աստիճան, որ նրանք դիմել են անժամկետ հացադուլի։

«Չորս տարվա ընթացքում միայն մեկ ցմահ դատապարտյալ է ռեժիմի փոփոխության արդյունքում ազատ արձակվել, մինչդեռ դրական բնութագրով մի քանի դատապարտյալներ կան, որոնց պահման պայմանները չեն փոխվում։ Դատարանները մշտապես մերժում են, ինչը նշանակում է, որ տաբու է դրված դատարաննների վրա։ Որևէ մեկին չեն ազատում, և հասկանալի է, որ սա քաղաքական որոշման հետևանք է», -ասում է Ժաննա Ալեքսանյանը։

Ավելին՝ կան ծանր հիվանդություններ ունեցող ցմահ դատապարտյալներ, որոնց հիվանդությունը կառավարության որոշման համաձայն անհամատեղելի է պատժի կրման հետ, բայց միևնույն է, նրանց ևս չեն ազատում պատժի կրումից։ «Դա օրենքի կոպիտ խախտում է։ Ինչի՞ համար են այդ օրենքները, որ չեն գործում։ Չէ՞ որ մարդիկ պետք է վերասոցիալականացվեն, վերաինտեգրվեն հասարակություն, ինչպե՞ս է հնարավոր 4 պատերի մեջ 30 տարի անցկացնել ու մարդ մնալ։ Իշխանությունները և մասնավորապես, արդարադատության համակարգը ցմահ դատապարտյալներին մարդ չի համարում», -ընդգծում է իրավապաշտպանը։

Ուշագրավ է, որ ցմահ դատապարտյալների պատժի կրման պայմանների փոփոխության համար կարևոր պայման է տուժող կողմի ներումը, և նրանցից շատերի դեպքում այդ ներումը կա, սակայն իրավապահները դրան մեծ մասամբ ուշադրություն չեն դարձնում։ «Պատկերացնո՞ւմ եք տուժողը ներում է, պետությունը չի ներում», -նկատում է Ալեքսանյանը։

 

Հասմիկ Համբարձումյան

 

 

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest