Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Հրազդանի նստավայր) դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ օգոստոսի 16-ին ամիսների դադարից հետո վերջապես շարունակվեց ֆիզիկոս Հրայր Ազիզբեկյանին վրաերթի ենթարկելու գործով դատական նիստը:

Սա կարող էր լինել նախավերջին նիստը՝ դատարանի վճռի հրապարակումից առաջ։ Սակայն պաշտպանական կողմի ակտիվ ջանքերով այս նիստը ևս հետաձգվեց։ Մեղադրանքը դատարանում պաշտպանող դատախազ Գոռ Խանզադյանը և տուժող կողմը՝ Աստղիկ Շահխաթունին ու նրա ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Քալանթարյանը ներկայացրեցին իրենց ճառերը, սակայն ամբաստանյալի փաստաբան Հրանտ Վարդանյանը հայտարարեց, որ ըստ պատշաճի պատրաստ չէ ելույթ ունենալու համար և միջնորդեց դատարանին հետաձգել նիստը։ Դատարանը չմերժեց միջնորդությունը։

Հիշեցնենք՝ 2020-ի հուլիսի 26-ին տեղի ունեցած ողբերգական վրաերթի դեպքին Forrights.am-ը անդրադարձել էր, ներկայացրել կատարվածը, նախաքննության ու մինչ այժմ դատաքննության ընթացքը, կողմերի դիրքորոշումները:  Հրայր Ազիզբեկյանը մահացել էր այդ օրը վրաերթի հետևանքով: Սկզբում նրա մեքենան Քաղսի գյուղի մոտակայքում բախվել էր գյուղացիներից մեկի մեքենային, տուժածներ չեն եղել, ոստիկանությունը և ապահովագրական ընկերության ներկայացուցիչները ժամանել, անհրաժեշտ գործողություններն արել ու հեռացել էին: Սակայն արդեն կեսգիշերին մոտ նույն դեպքի վայրում «Նիսսան ֆուգա» մակնիշի մեկ այլ մեքենա մեծ արագությամբ հարվածել է փողոցում վթարված կարմիր «Ժիգուլիին», և երկու մեքենաների միջև գտնված Հրայր Ազիզբեկյանը այդ հարվածի հետևանքով տեղում մահացել էր։

Մեկ տարուց ավելի ձգված ու մի քանի քննիչների ձեռքի տակով անցած նախաքննությունը պարզել է, որ հարվածը հասցրած «Նիսսան ֆուգա» մակնիշի մեքենայի ղեկին եղել է ոստիկանության ավագ օպերլիազոր Վարդան Խաչատրյանը, սակայն վերջինը ու նրա պաշտպանը և՛ նախաքննության ընթացքում, և՛ դատարանում հայտարարում են, որ ղեկին եղել է Վարդան Խաչատրյանի հայրը՝ դարձյալ ոստիկանության համակարգի նախկին ծառայող 65-ամյա Սամվել Խաչատրյանը:

Նկատենք, որ թեպետ Վարդան Խաչատրյանը ամբաստանյալի աթոռին է, այդուհանդերձ շարունակում է ծառայությունը ոստիկանական համակարգում: Ավելին այս ընթացքում, ըստ որոշ տեղեկությունների, հասցրել է դարձյալ ընկնել անախորժ պատմությունների մեջ, ինչի համար ծառայողական քննություն է նշանակվել։

Դատախազ Գոռ Խանզադյանը իր ելույթում հերքեց ամբաստանյալի ու նրա պաշտպանի առաջ քաշած վարկածը, որ ղեկին եղել է ոչ թե Վարդան Խաչատրյանը, այլ նրա հայրը՝ Սամվել Խաչատրյանը։  Դատախազն իր ճառում հանցանքի կատարումը վերագրում էր հենց մեղադրյալին և ոչ թե նրա հորը։

Վկայակոչելով Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից մեկը, դատախազը նկատեց՝ որքան ծանր է հասցված հետևանքը, մեծ՝ վնասի չափը, այնքան բարձր է հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը։ «Որքան բարձր է հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը այնքան ցածր է դրա համար նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հավանականությունը։ Տվյալ դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել, որ Վարդան Խաչատրյանը գործել է հանցավոր անփութությամբ», -հայտարարեց դատախազը։ Նրա ներկայացմամբ, Վարդան Խաչատրյանը չի ցուցաբերել շրջահայացություն, ուշադրություն ու բավականաչափ հոգատարություն, որպեսզի ծանր հետևանքներ չառաջանան, իսկ դա անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։

Բացի այդ, Վարդան Խաչատրյանը դեպքի վայրում չի փորձել առաջին օգնություն ցուցաբերել զոհին, ավելին, զանգել է հորը։ Արդեն հոր գալուց հետո դեպքի վայրում ներկայացրել է, որ հենց հայրն է եղել ղեկին։ Արդյունքում հենց հայրն է անցել սթափության զննությունը և ոչ թե հենց ինքը՝ Վարդան Խաչատրյանը։

«Գործի նյութերի վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Վարդան Խաչատրյանի կողմից կատարած հանցագործությունը ունի հանրության համար վտանգավորության բարձր աստիճան», -ընդգծեց դատախազը՝ միջնորդելով դատարանին Վարդան Խաչատրյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել 2,5 տարի ազատազրկում և նրան 2 տարով զրկել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Պատժի սկիզը դատախազը միջնորդեց սահմանել նրան արգելանքի վերցնելու պահից։

Տուժողի իրավահաջորդի՝ Հրայր Ազիզբեկյանի կնոջ ճառը 

Հրայրը եզակի մարդ էր, շատ բարի, ընկերասեր, հայրենասեր, ծնողասեր։ Նա հրաշալի ընկեր, ամուսին ու գործընկեր էր։ Ես կխոսեմ այն բոլորի անունից, որոնց կյանքում Հրայրը մեծ տեղ ուներ։

Այսօր ես մեղադրում եմ Վարդան Խաչատրյանին Հրայրի մայրիկի անունից, որ կորցրեց նվիրված ու սիրող որդուն։

Ես մեղադրում եմ իմ ծնողների անունից, որ Հրայրին սիրում էին ու հարգում էին սեփական որդու նման։

Ես մեղադրում եմ Վարդան Խաչատրյանին Հրայրի քույրերի ու եղբայրների անունից, ովքեր կորցրեցին իրենց հրաշալի եղբորը։

Ես մեղադրում եմ Վարդան Խաչատրյանին Հրայրի բազմաթիվ ընկերների անունից՝ իրենց պատրաստակամ, բարի, ամեն մեկին հասնող ընկերոջից զրկելու համար։

Ես մեղադրում եմ Վարդան Խաչատրյանին բազմաթիվ գործընկերների անունից` խելացի գործընկերոջից զրկելու համար, որը կարևոր դեր էր կատարում զանազան նախագծերում, որոնցից շատերը կանգնեցվեցին ու չեղարկվեցին առանց Հրայրի։

Ես մեղադրում եմ Վարդան Խաչատրյանին` ինձ իմ սիրուց ու իմ կողակցից զրկելու համար։

Ես մեղադրում եմ Վարդան Խաչատրյանին իմ երեք անչափահաս երեխաների անունից, որոնք դեպքի ժամանակ ընդամենը 6, 5 և 1 տարեկան էին՝ հրաշալի հորից, նրա ջերմությունից, դաստիարակությունից զրկելու համար։

Ես մեղադրում եմ Վարդան Խաչատրյանին` նոր ձևավորվող երեխային կորցնելու համար, որը տեղի ունեցավ լուրը լսելուց մի քանի ժամ հեկեկալու հետևանքով։

Ես մեղադրում եմ Վարդան Խաչատրյանին` ինձ ու Հրայրին աղջիկ երեխա ունենալու երազանքից զրկելու համար։

Ես մեղադրում եմ Վարդան Խաչատրյանին Հայաստանի անունից` ևս մեկ հայրենասեր երիտասարդից զրկելու համար։

Ես մեղադրում եմ Վարդան Խաչատրյանին գիտության, մանավանդ Հայաստանի գիտության անունից, որը զրկվեց խոստումնալից գիտնականից։

Ես մեղադրում եմ Վարդան Խաչատրյանին Հրայրի անունից` այս կյանքում զգալի հետք թողնելու հնարավորությունից զրկելու համար։ Նա դեռ շատ բարձունքներ ուներ գրավելու։

Ես մեղադրում եմ ամբաստանյալին, որ Հրայրին զրկեց երեխաներին դաստիարակելու և նրանց ուրախություններով ապրելու հնարավորությունից։ Նա ընդամենը 36 տարեկան էր։

Հարգելի դատարան, Հրայրին կյանքից զրկեց ոստիկան, ավագ օպերլիազոր, որը հանցագործությունը կատարելուց հետո ոչ մի կերպ չփորձեց օգնություն ցուցաբերել ոչ ամուսնուս, ոչ էլ մյուս տուժածներին։ Նա ամեն կերպ փորձեց կոծկել հանցանքը ու խուսափել պատասխանատվությունից՝ լայնորեն օգտագործելով իր պաշտոնը, դիրքը, կապերը։

Ենթադրում եմ՝ Սամվել Խաչատրյանը ուզում էր մեղքը իր վրա վերցնել, որ ոստիկանությունում որդու փառահեղ կարիերայի վրա բիծ չլինի, որդին պատասխանատվություն չկրի։ Վարորդ փոխելու նպատակներից մեկն ու հետևանքն է նաև խմածության կամ թմրանյութերի ազդեցության տակ գտնվելու փաստը չգրանցելն է։ Սամվել Խաչատրյանը վստահ է, որ շուրջ 30 տարի լինելով ճանապարհային ոստիկանության աշխատակից, այս գործը գլուխ կհանի, որ իր հին գործընկերներն ու ընկերները իրեն կաջակցեն, որ վկաները կլռեն, որ տեսախցիկների ձայնագրությունները անհետ կկորչեն։ Բայց նրա հաշվարկները ձախողվեցին, որովհետև նա հին մարդ է, ալեհավաքներից տեղյակ չէ։

Վարդան Խաչատրյանը ինձ համար դարձել է անօրինականության խորհրդանիշ, որը լինելով ոստիկան, խախտում էր ՃՏՊ կանոնները, վթար առաջացնում, մարդու մահվան պատճառ դառնում և օգտագործում դիրքն ու կապերը իրեն արդարացնելու համար, փորձում իրեն ծառայեցնել թե քննչական, թե դատական համակարգը։ Վարդան Խաչատրյանը եսասիրության խորհրդանիշ է՝ պատրաստ ամեն ինչի ու ամեն մեկի վրայով անցնելու։ Նա մեղադրում է սեփական հորը սպանության մեջ, պատրաստ է սեփական մորը ներքաշել սուտ մատնության մեջ, պատրաստ է ընկերներին համոզել սուտ ցուցմունք տալ՝լրացուցիչ ցավ պատճառելով տուժողի հարազատներին։ Վարդան Խաչատրյանը ոչ ծնողասեր է, ոչ մարդասեր, ոչ հայրենասեր։ 3 տարի է անցել, սակայն նա դեռ չի զղջացել, շարունակելով ազատությունը վայելել նա չի հասկանա ոչինչ։ Պահանջում եմ առավելագույն պատիժ Վարդան Խաչատրյանի համար, որը տվյալ դեպքում 5 տարվա ազատազրկում է։ Դա շատ չէ, քանի որ ազատության մեջ մնալով այս երեք տարում, նա ոչինչ չհասկացավ, ներողություն չխնդրեց։

Ամբաստանյալ Վարդան Խաչատրյանի ներկայացուցիչ փաստաբան Հրանտ Վարդանյանը հայտարարեց, որ նիստը նախագահող դատավոր Հովհաննես Ավագյանը կողմնակալ դիրքորոշում ունի և միջնորդեց ինքնաբացարկ հայտնել։ Սակայն դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը։ Պաշտպանական կողմը երկրորդ միջնորդություն ներկայացրեց՝ դատարանին միջնորդելով վերսկսել դատաքննությունը, քանզի որոշել են ևս մեկ վկա դատակոչել։ Կողմերի հետ քննարկումներից հետո դատարանը դարձյալ մերժեց միջնորդությունը։ Պաշտպանական կողմը, սակայն, չէր հանձնվում․ հերթական մերժումից հետո փաստաբան Հրանտ Վարդանյանը երկրորդ անգամ միջնորդեց, որ դատավորը ինքնաբացարկ հայտնի, քանի որ կողմնակալություն է դրսևորում։ Սակայն դատաբոր Հովհաննես Ավագյանը որոշեց այս միջնորդությունը թողնել առանց քննության, քանի որ ներկայացված հիմքը կրկնվում էր։

Եվ միայն այս մերժումներից հետո ամբաստանյալի փաստաբանը հայտարարեց, որ պետք է լրացուցիչ պատրաստվի պաշտպանական ճառը ներկայացնելու համար։

Հաջորդ նիստը, որտեղ կներկայացվի ամբաստանյալի պաշտպանական ճառը, տեղի կունենա օգոստոսի 25-ին։

Հասմիկ Համբարձումյան

Առնչվող հրապարակումներ — «Ինչպե՞ս է հնարավոր մարդուն մահ պատճառել ու պատասխան չտալ». Գիտնականի մահվան համար մեղադրվողը օպերլիազոր է

«Ես եմ եղել ղեկին». Գիտնականի վրաերթի գործով օպերլիազորի հայրը պնդում է, որ որդին չի եղել ղեկին

 

 

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest