Նախկին զինծառայող 35-ամյա Դավիթ Հակոբյանի կյանքում անհաջողությունների շրջանը սկսում է բանակում ծառայության ընթացքում ու շարունակվում մինչ այժմ․ զինծառայությունից տասնյակ տարիներ անց երիտասարդը փորձում է վերականգնել առողջությունը, սակայն հանդիպում է պետության դիմադրությանը։

Դավիթի ժամկետային զինվորական ծառայությունն անցել է 2006-2008 թվականներին, այնուհետև որպես պայմանագրային անցել է ծառայության Խաղաղապահ զորքերում, ծառայության ընթացքում ստացել տարբեր պարգևներ, իրականացրել հատուկ հանձնարարություններ։ Ամեն ինչ սկսվել է հենց այստեղ՝ Խաղաղապահ զորքերում, 2012 թվականին, երբ մի օր որովայնի սուր ցավերով նա տեղափոխվում է ՀՀ ՊՆ կենտորանական զինվորական հոսպիտալ։ Այստեղ նրան բուժօգնությունը ցուցաբերվում է միայն 25 ժամ հետո․ տասերկումատնյա աղու խոցի թափածակման և տեղային շճաֆիբրինային պերիտոնիտի կապակցությամբ կատարվում է վիրահատություն։

Այս վիրահատությունից հետո Դավիթի մոտ հետվիրահատական բարդություններ են եղել վաղ աղիքային անանցանելիությամբ պայմանավորված, ինչի հետևանքով նա նորից է վիրահատվել։ Մի քանի օր անց  Դավիթի մոտ զարգացել է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, իշեմիկ ինսուլտ ձախակողմյան հեմիպարեզով։ Այս ամենից հետո փորձաքննության արդյունքներով Դավիթը ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար։

Ոչ ճիշտ բուժման ու մասնագիտական անուշադրության հետևանքով Դավիթի մոտ երկար ժամանակ հիշողության կորուստ է եղել։  «Լուրջ, մասնագիտական բուժում ինձ այստեղ չեն ցուցաբերել, ինչի հետևանքով հիմա չեմ կարողանում քայլել, մի կողքս ամբողջությամբ թույլ է, ոսկրացում է գնում», — Forrights.am-ի հետ զրույցում ասում է Դավիթը։

Դավիթի բուժման ընթացքում թույլ տված թերությունների և բացթողումների կապակցությամբ ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետի հրամանով անցկացված ծառայողական քննության արդյունքների հիման վրա վիրահատող բժիշկ Գ. Թունյանին ընդամենը հայտարարվել է խիստ նկատողություն և վերջ:

«Իրենց կատարած սխալի պատճառով պաշտպանության բոլոր նախարարները՝ Սեյրան Օհանյանից սկսած, խոստացել են ուղարկել Գերմանիա բուժման, բայց չեն կատարել խոստումը։ Զինվորի տանը նույնիսկ Նիկոլ Փաշինյանը լսեց խնդիրս, բոլորի ներկայությամբ խոստացավ ուղարկել Գերմանիա բուժման, բայց ոչ մի բան չարեց։ Այսպես տարիներ շարունակ մարդիկ խոստացել ու ստել են ինձ՝ զրկելով ինձ ամեն ինչից՝ առողջությունից, կյանքից, ունեցած հնարավորություններից», — նշում է նա։

35-ամյա երիտասարդը այժմ 1-ին կարգի հաշմանդամություն ունի, իր բուժման հետ կապված ծախսերը հոգալու համար Երևանում վաճառել է տունը, այս ընթացքում կորցրել է հորը, 69-ամյա վատառողջ մոր հետ ապրում են Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում։ Նրանց ապրուստի գումարը երկուսի թոշակներն են՝ ընդհանուր 130 հազար դրամ։

Կեղծ ահազանգեր՝ պետության ուշադրությունը գրավելու համար

Պաշտպանական գերատեսչության և ընդհանրապես, պետության անտարբերության պայմաններում այլ ելք չգտնելով Դավիթը իր խնդրի վրա պատկան մարմինների ուշադրությունը գրավելու համար մի քանի անգամ ՊՆ-ում, ԱՄՆ դեսպանատանը ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգեր է տվել իրավապահ մարմիններին։ 2014-ին առաջին կարգի հաշմանդամ երիտասարդը դատապարտվել է 1,6 տարվա ազատազրկման՝ ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարելու համար։ Եվ երբ պատժի կրման ավարտին մնացել է 2 ամիս Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի միջնորդությամբ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը նրան ներում է շնորհել։

«Մարդիկ ոչինչ չէին անում, և ես ստիպված եմ ահազանգ տվել, ես այս քայլով փորձել եմ ուշադրություն գրավել, որ իրանց առաջացրած խնդիրներից ես կարողանամ լուծում գտնել»

2018-ին տեղի ունեցած քաղաքական իրադարձություններից հետո Դավիթի մոտ հույսեր են առաջանում, և նա 2019-ի սկզբին ՊՆ-ի դիմաց մի քանի օր հացադուլ է հայտարարում։ Արդյունքում ՊՆ-ն խոստանում է աջակցել մեկնել Գերմանիա բուժման, սակայն այդպես էլ չի կատարում խոստումը, փոխարենը իրավապահները մեկ այլ մեղադրանք են առաջադրում Դավիթին՝ մեղադրելով, իբրև թե 2018-ի հունիսի 21-ին ահաբեկչության մասին կեղծ ահազանգ է ներկայացրել՝ հաղորդելով, որ ՊՆ-ում ռումբ կա տեղադրված։

«Այս քրեական գործը, քննիչի գործողությունները խայտառակություն են․ որևէ ապացույց չկա, որևէ փաստ չկա, քրեական գործ են հարուցել», — Forrights.am-ին ասում է Դավիթի փաստաբան Մուրադ Ասրյանը՝ պնդելով, որ իրենք ձգտելու են հասնել արդարացման։

Այս մեղադրանքը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 5 տարի է՝ քննում է, սակայն մինչ այժմ որևէ վճիռ չի կայացվել։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ սկզբում գործը դատավոր Վահե Խալաթյանի վարույթում է եղել, այնուհետև փոխանցվել է դատավոր Հրաչյա Մեխակյանի վարույթ։

Խափանման միջոցն ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին, Դավիթն ասում է՝ հինգ տարի է անձնագիրը գտնվում է իրավապահ մարմինների մոտ և հնարավոր չի գնալ արտերկիր բուժման։

«Ես պատանդ եմ, գերու կարգավիճակով մի պետության մեջ եմ գտնվում, որի համար արարք ունեմ կատարած, շատ լուրջ արարքներ, կյանք ունեմ տված։ Հիմա ես մի նպատակ ունեմ՝ հասնել Գերմանիա, ստանալ բուժում», -ասում է երիտասարդը։

Հասմիկ Համբարձումյան

Մանրամասները՝ տեսանյութում

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest