72-ամյա Ջեմմա Մարաբյանի համար 2023-ի սեպտեմբերի 19-ի առավոտը սկսվել էր սովորականի նման․ Ասկերանի Սառնաղբյուր գյուղի իրենց հողամասից պոմիդոր ու սմբուկ էր հավաքում թոռների ճաշը պատրաստելու համար։ «Թոռս գնացել էր ոչխարները սարայ տանելու, մեկ էլ եկավ ասեց՝ շուտ արեք, խփում են», -Forrights.am-ին պատմում է Ջեմմա տատը։ Կենցաղային սովորական առօրյան տարեց կնոջ համար երկար չի տևում․ նա որդու հետ հայտնվում է Ադրբեջանի տարածքում, ադրբեջանցիների միջավայրում։

Սեպտեմբերի 19-ին առավոտյան մի քանի կրակոցներից հետո գյուղում շատ արագ խուճապ է սկսում, գյուղապետը գյուղում մնացած բնակչությանը հավաքում, հրահանգում է թաքնվել ծառի տակ։ «Տարավ ծառի տակ, ես էի թոռս էր երեխքի հետ, տղես էր, Գայանն էր, երեխեք էլ կային։ Գյուղապետն ասում էր՝ սուս մնացեք, տեսնենք՝ որտեղից են խփում», -հիշում է սառնաղբյուրցի կինը։

Կրակոցները մոտենում են, ու հարվածի թիրախում են հայտնվում ծառի տակ պատսպարված բնակչության մի մասը, այդ թվում՝ գյուղապետի 15-ամյա որդին, հայրը ու կնոջ մայրը։ Իսկ 72-ամյա Ջեմմա Մարաբյանը, նրա որդին՝ 37-ամյա Լիպարիտ Մարաբյանը  և ևս երկու բնակիչ ադրբեջանցիների կողմից առևանգվում ու տեղափոխվում են Աղդամ։

«Ես գլուխս մտցրել էի մի կնոջ ոտքերի արանքը, որ ինձի չխփեն, հետո ես փախա գյուղապետենց տուն, ես, Գայանը ու էլի մի կին, իրեք օր մնացել ենք էդ տան մեջ, տղուս էլ թողեցի ծառի տակ։ Հետո թուրքերը եկել են տղուս վեկալել են, եկել են գյուղապետի տուն։ Ես շաքար ունեմ, հետո խաբար չեմ ինչ ա եղել, ու ինձի վեկալել են թուրքերը, տարել են», -դրվագներ է վերարտադրում բռնի տեղահանված կինը։

Նրան, որդուն ու ևս երկու կնոջ ադրբեջանցիները անմարդկային ձևերով, հողի, փոշու ու փշոտ խոտերի միջով քարշ տալով տեղափոխել են Աղդամ։ Ջեմմա տատն ասում է՝ իրեն հիվանդանոց են տեղափոխել ու նաև բռնության ենթարկել․ «Երկուսը ոտերիցս էր բռնել, մեկն էլ թևերիցս, քարշ տալով տանում էին։ Խալաթ ունեի հագիս, քաշեցին ճղեցին, տկլորացրին, լողացրին։ Լավ չէին նայում, մի բաժակ չայ էին տալիս խմում էի, առանց հացի։ Ասեցի պառկեմ, ադյալը գցեմ երեսիս, ճանճ չգա, մեկը էկավ սենց երկու սիլլա խփեց աչքիս։ Բայց տղուս լա՛վ ծեծել են»

37-ամյա Լիպարիտը, կամ ինչպես հարազատներն են ասում՝ Լիպոն, անծանոթ մարդկանց հետ չի ուզում շփվել, առավել ևս վերհիշել ադրբեջանական գերության սարսափելի դրվագները։ Հարազատներն ասում են՝ գլխի շրջանում ծանր վիրավոր վիճակում ադրբեջանցիները առևանգել են նրան, տեղափոխել Աղդամ, այնտեղ բռնության ենթարկել և հիմա այդ դեպքերի մասին խոսելիս նյարդային է դառնում, արտասվում։

Նրանք գերության մեջ մնացել են հինգ օր։ Ջեմմա Մարաբյանն ասում է՝ այդ օրերի ընթացքում հաց չեն տվել իրեն․ «Չայ էին տալիս փոքր բաժակով, ասում էի՝ հաց եմ ուզում, ասում էին՝ չկա»։ Գերության մեջ միայն ապրելու մասին է մտածել։ Ասում է՝ վախեր ուներ, որ կսպանեին։ «Վախում էի, մտածում էի՝ հանկարծ մեզ չսպանեն»։

Մայր ու որդի հարազատներին փոխանցվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով։

Ջեմմա տատն այժմ որդու՝ Լիպոյի, դստեր, նրա ընտանիքի ու թոռան ընտանիքի հետ ապրում են Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մի փոքրիկ տնակում։  «Դոմիկի» շուրջ քարե կիսակառույցում տեղավորվում են 15 հոգով։ Պայմանները բավարար չեն, բայց այլընտրանք չունեն։ Միակ ապրուստը տան առջևի հողամասն է, որտեղ ցանած կանաչին արդեն վաճառում են։ Բացի այդ, գյուղատնտեսական սեզոնի բացվելուն պես այլ տնտեսություններում նույնպես վարձու աշխատանք են կատարում։

Հասմիկ Համբարձումյան

Մանրամասները՝ տեսանյութում

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest